ԱՄԵՆ ԲԱՆ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության հիմնական մրցաշարը։ Սակայն վերջին տուրն էլ չորոշեց չեմպիոնուհուն, որին, բացի հաղթողի համար մեդալից, տրվելու է նաեւ 10 հազար գերմանական մարկ դրամական մրցանակ։ Միանգամից յոթ հոգի վաստակել է 8-ական միավոր եւ հավակնում է չեմպիոնուհու կոչմանը։ Նրանք են. ռուսաստանցիներ Ալիսա Գալյամովան, Եկատերինա Կովալեւսկայան, Տատյանա Ստեպովայա-Դյաչենկոն, Ալմիրա Սկրիպչենկո-Լոթյեն (Մոլդովա), Քեթեւան Արախամիա-Գրանդը (Վրաստան), Քրիստինա-Ադելա Ֆոյշորը (Ռումինիա) եւ հարավսլավուհի Նատաշա Բոյկովիչը։ Վերջին տուրը չանվանեց նաեւ այն 29 շախմատիստուհիներին, ովքեր պետք է մասնակցեն ՖԻԴԵ-ի աշխարհի կանանց անհատական առաջնությանը։ Երկրորդ յոթնյակն առաջատարներից ետ է մնում ընդամենը կես միավորով։ Ահա թե ինչպիսի նեղվածք է Եվրոպայի առաջնության առաջատարների շարքում։ Եվս 24 շախմատիստուհի իր անվան դիմաց գրանցել է յոթական միավոր ու աշխարհի առաջնության 29 ուղեգրերից յուրաքանչյուրին տիրելու իրական հնարավորություն ունի։ Նրանց մեջ են նաեւ մեր հանրապետության երկու առաջատարները՝ միջազգային գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը։ Նրանք տեղ են զբաղեցնում 15-ից 38-րդ տեղերը բաժանող շախմատիստուհիների միջեւ։ Հայաստանի մյուս երկու պատվիրակները՝ վարպետներ Գոհար Հլղաթյանն ու Նելլի Աղինյանը, վաստակել են հինգական միավոր։ Այսպիսով, Եվրոպայի առաջնությունն անցավ անչափ համառ ու անհաշտ պայքարում։ Հաղթողին, մրցանակակիրներին եւ աշխարհի առաջնության մասնակիցներին որոշելու համար կազմակերպիչները, ըստ սահմանված մրցակարգի, երեկ հարկադրված եղան անցկացնել արագացված ժամանակով լրացուցիչ գերեզրափակիչ մրցաշար, որն էլ պետք է վերջնական պատասխան տար բոլոր կնճռոտ հարցերին։ Վերեւներում փոփոխություններ չկան Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակեց շախմատիստների համաշխարհային դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը, որի վերին շարքերում փոփոխություններ չեն կատարվել։ Առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի։ 1. Գարրի Կասպարով (ՌԴ)՝ 2796 2. Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)՝ 2785 3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2763 4. Ալեքսանդր Մորոզեւիչ (ՌԴ)՝ 2720 5. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 2693 6. Պետեր Լեկո (Հունգարիա)՝ 2686 7. Մայքլ Ադամս (Մեծ Բրիտանիա)՝ 2684 8. Ալեքսանդր Շիրով (Իսպանիա)՝ 2676 9. Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 2674 10. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2673։ Ա. Հ.


















































