Նվիրված Անկախության տարեդարձին Գիտության եւ կրթության նախարարության Միջնակարգ մասնագիտական պետական հաստատությունների վարչության նախաձեռնությամբ Երեւանում անցկացվում է բնագավառի սովորողների ֆիզկուլտուրային-մարզական խաղեր՝ նվիրված Հայաստանն անկախանալու 10-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են վեց մարզաձեւեր՝ թեթեւ ատլետիկա, շախմատ, սեղանի թենիս, բասկետբոլ, մինի ֆուտբոլ եւ վոլեյբոլ։ ՀՀ սպորտվարչության լրատվական բաժնի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում վարչության պետ Ռոբերտ Փոլադյանը՝ կարեւորելով իրենց այս նախաձեռնությունը, նշել է, որ բնագավառի ուսումնական հաստատությունները, նախապատրաստվելով մրցումներին, վերստին հաղորդակցվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հետ, մի բան, որ վերջին շրջանում բազմաթիվ պատճառներով զգալի նահանջ է ապրել։ Կամա թե ակամա բարեկարգվում ու նորոգվում են այն մարզաբազաները, որոնցում անցկացվում են մրցումները։ Խաղերը, մարզական-մրցակցականից բացի, երբ որոշվելու են հաղթողները, մի ուրիշ կարեւոր նշանակություն էլ ունի։ Փաստորեն, այս համակարգում սովորում են հիմնականում զորակոչային տարիքի պատանիները, որոնց ֆիզիկական պատրաստվածությունը վճռորոշ դեր ունի նրանց զինծառայության ընթացքում։ Խաղերը շարունակվելու են ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Պ. ՊՈՂՈՍՅԱՆ


















































