Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՏՈՆ

Մայիս 05,2001 00:00

ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՏՈՆ Արարատ քաղաքի Պարույր Սեւակի անվան թիվ 2 դպրոցում «Այբբենարանին» նվիրված միջոցառումը դուրս էր եկել ավանդական շրջանակներից եւ մանկան շուրթերով ազդարարում էր քրիստոնյա Հայաստանի 1700-ամյակը։ Այդ օրը բոլորն էին քննություն տալիս, հաշվետու լինում. «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Սարգսյանը՝ դասագրքի համար, դասվարը՝ Հասմիկ Անտոնյանը՝ իր աշխատանքի համար, երեխաներն՝ իրենց, ծնողներն՝ իրենց։ «Եթե երեխայի ծնունդն ամրագրվում է ծննդյան վկայականով, ապա նրա հայ լինելը՝ մեսրոպատառ այբուբենով»,- նշեց մարզի կրթության բաժնի վարիչ Գարեգին Գարեգինյանը։ «Հանդեսը թե՛ այբբենարանի հանդես էր, թե՛ հավատի, թե՛ հայրենասիրության։ Դա երեւի նրանից է, որ բիբլիական Արարատն այդքան մոտ է, Խոր Վիրապն այդքան մոտ է, հայրենասիրական ավանդույթներն այդքան շատ են այս քաղաքում»,- ասաց «Այբբենարանի» հեղինակը։ Մարզային կրթության բաժնի աշխատակիցների, տարբեր դպրոցների դասվարների հետ ունեցած քննարկումից պարզ դարձավ, որ Վաչագան Սարգսյանի «Այբբենարանը» իր հաստատուն տեղն է գրավել դպրոցներում։ «…Դասագրքի մտքի թռիչքը, իրոք, երեխային դուրս է բերում նեղ, քարացած, անգիր արած, սերտում պահանջող մտքերից ու մտովի տեղափոխում ցանկացած ասպարեզ…»,- նշեց Արարատի թիվ 1 միջն. դպրոցի փոխտնօրեն Զեմֆիրա Արշակյանը։ «Դասագիրքը երեխային ինքնուրույն աշխատանքի հնարավորություն է տալիս, տրամաբանություն է զարգացնում՝ խաղերի, բառախաղերի, խաչբառերի օգնությամբ»,- ավելացրեց կրթության տարածքային կոորդինատոր Հասմիկ Դավթյանը։ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել