Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Մայիս 05,2001 00:00

ՏՈՒԺՈՂԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է Երեկ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ընդմիջման պահին զրուցեցի Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի հետ, կապված Ն. Հունանյանի այն ցուցմունքի հետ, ըստ որի ինքը Օդեսայում հանդիպել էր Յ. Բախշյանին։ «Բախշյանի վերաբերյալ բոլոր ցուցմունքները ստահոդ են, որովհետեւ իմ ձեռքին է Օդեսայի հայկական եկեղեցու բացման արարողության տեսաժապավենը։ Ամբաստանյալը հայտնեց, թե անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակ դնելու ճանապարհին ինքը մոտեցել է Յուրային, հարցրել, թե ի՞նչ եք անում այստեղ։ Այդ տեսաժապավենի մեջ շատ լավ երեւում է, ինքը կա, թափորի վերջում, անգամ չի էլ երեւում, ոչ մի անգամ չի մոտենում Բախշյանին։ Հետեւաբար, բացառում եմ այդ հանգամանքը։ Ամբաստանյալը ժամանակը խառնել է իրար. 1993թ. աշնանն էր ամբաստանյալը Հայաստանից գնացել եւ պիտի հիշեր, որ 1993թ. հունվարի 20-ին Յ. Բախշյանը քաղաքապետի տեղակալ ընտրվեց, որպես հանրապետական, որպես ընդդիմության ներկայացուցիչ եւ ոչ թե «Հանրապետություն» միավորման մեջ մտնելուց հետո հայտնվեց իշխանության մեջ։ Ես բացառում եմ նաեւ այն ցուցմունքը եւս, երբ ամբաստանյալն ասաց, թե Համբարձում Գալստյանի դեմ վեճերի ժամանակ, երբ որ «Փարոս» խումբը կար, որի մեջ էր Բախշյանը, այդ խմբին ինքն օգտակար է եղել։ Այդ խմբի անդամները հիմա էլ կան եւ նրան բոլորովին չեն հիշում, չեն հիշում նրան՝ անգամ որպես լրագրողի»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել