Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Մայիս 08,2001 00:00

«Անկախ դատարանը իրավունք է, ոչ թե արտոնություն» ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը եւ Միջազգային իրավունքի հայկական ընկերակցությունը մայիսի 5-6-ը գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը կազմակերպել էին կոնֆերանս՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը մտքի եւ խոսքի, զանգվածային լրատվության ազատության պաշտպանության գործում» թեմայով։ Զեկուցմամբ հանդես եկան ՍԴ անդամ, դատավորների միության նախագահ Ալվինա Գյուլումյանը («Մամուլը որպես դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության գործոն»), ՀՀ ՍԴ փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանը («Զանգվածային լրատվության միջոցների եւ արդարադատության մարմինների փոխհարաբերության միջազգային իրավական հիմքերը») եւ տողերիս հեղինակը՝ «Դատամատչելիության սահմանները» թեմայով։ Կոնֆերանսի մասնակիցներին բաժանվեց նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 5 վճիռներ, ինչպես նաեւ ՍԴ աշխատակազմի գլխավոր մասնագետ Լիաննա Հակոբյանի 11 էջանոց ուսումնասիրությունը, որը վերաբերում է ԶԼՄ-դատական իշխանություններ հարաբերություններին, միջազգային չափորոշիչներին։ Զեկուցող Ալվինա Գյուլումյանի կարծիքով, դատարանը պետք է անկախ լինի, եւ այդ անկախությունն էլ իրավունք է, ոչ թե՝ արտոնություն։ Նա խիստ կարեւորեց դատավորների անձնական հեղինակության, նրանց վարքագծի կանոնների պահպանության հարցերը. «Հարգանքը չի ծնվում դատարանի շենքից, դատավորի պատմուճանից, աթոռից, այլ առաջին հերթին վարքագծի կանոնները պահպանելով»,- ասաց ԴՄ նախագահը, իսկ անաչառությունն ու էթիկան պարտադիր համարեց թե լրատվամիջոցների, թե դատավորների համար։ Վլ. Հովհաննիսյանի զեկույցը գլխավորապես ճանաչողական էր եւ վերաբերում էր միջազգային իրավական հիմքերի արժեւորմանը։ Ամեն ինչ լավ էր մինչեւ այն պահը, երբ Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանի նախագահը՝ Հրաչ Սարգսյանը, միամտաբար հարցրեց. պարտադի՞ր է, որ ամեն ինչի մասին գրվի, ինչին հետեւեց «Առավոտի» շախմատային պատասխանը. մատ։ Մենք մեր հերթին փորձեցինք շատ սիրելի դատավորներին հասցնել մեր դժվարությունները, մասնավորապես անդրադառնալով դատամատչելիության սահմաններին։ Արդյոք դատական նիստերին մասնակցելը նշանակո՞ւմ է, թե դատական քննության հրապարակայնությունն ապահովված է, ի՞նչը կարող ենք հրապարակել, ինչը՝ ոչ, ինչը՝ ինչո՞ւ չի կարելի հրապարակել։ Մեր կարծիքով, թիվ 1 պրոբլեմ է դատական փաստաթղթերի մատչելիության հարցը. վճիռների, որոշումների, նիստերի արձանագրությունների, փորձագիտական եզրակացությունների, միջնորդությունների… ինչո՞ւ չէ, նաեւ դատավորների հատուկ կարծիքը։ Կոնֆերանսի վերջում Հայաստանի ժուռնալիստների միությունը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ դատավորների միությունը, Միջազգային իրավունքի հայկական ընկերակցությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Այն է. «Հայաստանի ժուռնալիստների միության, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի, ՀՀ դատավորների միության եւ Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության կազմակերպած դատավորների եւ լրագրողների՝ 2001թ. մայիսի 5-6-ը ծաղկաձորյան կոնֆերանսի մասնակիցները, արտահայտելով դատական իշխանության եւ զանգվածային լրատվամիջոցների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների վերաբերյալ իրենց մտահոգությունը, գտնում են, որ այդ հարաբերությունները պետք է ձեւավորվեն միայն իրավական հիմքի վրա։ Նկատի ունենալով, որ ՀՀ-ն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ եվրոպական կոնվենցիան վավերացնելուց հետո պարտավոր է իր ներպետական փոխհարաբերությունները կառուցել Եվրոպայի խորհրդում գործող չափորոշիչների հիման վրա, կոնֆերանսի մասնակիցների կարծիքով, անհրաժեշտ է այսուհետեւ ձգտել դատավոր-լրագրող հարաբերությունները կառուցել եվրոպական պետությունների հարաբերություններում գործող նորմերի, սկզբունքների եւ պահանջների չափորոշիչներով, որոնք արտացոլված են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում։ Կոնֆերանսի մասնակիցները գտնում են, որ անհրաժեշտ է ապահովել զանգվածային լրատվության միջոցների ազատությունը, բայց եւ զերծ մնալ հասարակական գիտակցության վրա ազդեցության այնպիսի հզոր զենքի չարաշահումներից, ինչպիսիք զանգվածային լրատվության միջոցներն են։ Փոխադարձ անվստահության եւ անհանդուրժողականության մթնոլորտին պետք է փոխարինի միմյանց աջակցելու եւ համագործակցելու անհրաժեշտությունը»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել