Լրահոս
Օրվա լրահոսը

Սամբո ըմբշամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնություններն անցկացվեցին Բուլղարիայի Ալբենա քաղա

Մայիս 09,2001 00:00

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ Սամբո ըմբշամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնություններն անցկացվեցին Բուլղարիայի Ալբենա քաղաքում։ Մասնակիցների մեջ էին նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները։ Մեր մարզիկ-մարզուհիները գերազանց մրցելույթներ ունեցան տարիքային բոլոր խմբերում՝ ընդհանուր առմամբ վաստակելով տարբեր նմուշների 11 մրցանակ։ Հատկապես գովասանքի են արժանի հայաստանցի աղջիկները։ Ավագ տարիքային խմբում իր բոլոր գոտեմարտերը հաղթանակով ավարտեց բազմափորձ Քրիստինե Նաջարյանը (56 կգ) եւ արժանիորեն կանգնեց Եվրոպայի չեմպիոնի պատվանդանին։ Շնորհաշատ մարզուհուն այս էլ որերորդ տարին մարզական բարձունքներ է ուղեկցում նրա անձնական եւ հավաքականի գլխավոր մարզիչ Ռ. Խնկոյանը։ Մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ նվաճեցին նաեւ մեր կրտսեր տարիքային խմբում հանդես եկող աղջնակները։ Նոր Հաճընից Շողիկ Գեւորգյանը (48 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ հրազդանցի Շողիկ Ծատուրյանը (52) եւ Անի Հակոբյանն արժանացան բրոնզե մեդալի։ Տղամարդկանց պայքարում մեկական «բրոնզ» իրենց անվան դիմաց գրանցեցին աբովյանցի Վահան Խոջոյանը (68) եւ 90 կգ քաշային Արմեն Քարհանյանը՝ Նոր Հաճընից։ Երիտասարդների մեջ վանաձորցի Զորիկ Քեշիշյանը (68) եւ գյումրեցի Վահան Հովհաննիսյանը (57) մեկական աստիճանով ավելի բարձր տեղեր գրավեցին։ Իսկ ահա պատանեկան մրցաշարի մասնակից Հովհաննես Մալխասյանը (Գյումրի, 56) իր տարիքային խմբի այս քաշային կարգում չունեցավ հավասարը։ Նրա թիմակիցներ Հովհաննես Դավթյանը (Գյումրի, 52) եւ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը (60) համապատասխանաբար արժանացան 2-րդ եւ 3-րդ մրցանակների։ Վերջում ասենք, որ սամբոյի մեր հավաքական թիմն արտագնա այս մրցումներում առաջին անգամ գլխավորում էր հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչ, աշխարհի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Ղազարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել