Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ Է ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ

Մայիս 11,2001 00:00

ԻՆՉՊԵՍ Է ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ «Չորրորդ իշխանություն» թերթի պատասխանատու Շողեր Մաթեւոսյանը երեկ հրավիրվել էր զինդատախազություն, որտեղ նրան հարցաքննել էին որպես վկա «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված գործով։ Հիշեցնենք, որ սույն գործի հիմնական խնդիրը պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին բացահայտելն է։ Այս առանձին վերցրած մեկ օրինակով դիտարկենք, թե զինդատախազությունն ինչպես է փորձում լուծել այդ խնդիրը։ Նախ, «Չորրորդ իշխանության» ապրիլի 6-ի համարում հրապարակված հետեւյալ պնդման առնչությամբ՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը իրար հետ կապված են այնքանով, որ երկուսն էլ կարող են լուծվել միայն մի դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանն ասպարեզից հեռանա», քննիչը բանավոր հետաքրքրվել է, թե մի՞թե իրենք համարում են, որ նախագահը խոչընդոտում է նախաքննության ընթացքին։ «Չորրորդ իշխանության» ապրիլի 13-ի համարում դատավարության ձգձգման առնչությամբ մեկնաբանը նկատել էր. «Եվ ճիշտ էին «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները, որ հենց այդպես էլ հաշվարկել էին»։ Այս անգամ քննիչը բանավոր հետաքրքրվել էր, թե ո՞ւմ ի նկատի ունեն «կազմակերպիչ» գրելով։ Բայց ամենաարտառոցը «ՉԻ»-ի ապրիլի 6-ի համարում հետեւյալ պնդման նկատմամբ քննիչի դրսեւորած հետաքրքրությունն էր. «Ամեն ինչ հասկանալի է նաեւ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության դեպքում։ Պարզապես այդ մասին բարձրաձայն խոսելն, ըստ առողջապահության նախարարության, վնասակար է»։ Թվում է, էլ ի՞նչ կար ավելորդ հետաքրքրվելու։ Ակնարկը պարզ է եւ թափանցիկ, թե «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչն առողջապահության նախարարությունն է։ Եվ զինդատախազությունն անմիջապես պիտի ձերբակալեր առողջապահության նախարարին։ Մանավանդ՝ նա էլ արարատցի է եւ կիրականանա այն կանխատեսումը, թե կազմակերպիչները Վազգեն Սարգսյանի շրջապատում էին։ Իսկ եթե լուրջ՝ հիմքեր կան եզրակացնելու, որ քննչական խումբը պարապությունից հարկադրաբար «գլավլիտի» դեր է ստանձնել։ Գրաքննիչի գործառույթները ստանձնելը կարող է նաեւ օգտակար լինել. կա՛մ իրոք որեւէ թղթակցի ակնարկից քննիչները վերջապես գլխի կընկնեն, թե ովքեր էին կազմակերպիչները, կա՛մ էլ գոնե ընդդիմադիր թերթերին կփորձեն փչացնել, թե առանց փաստերի մեկնաբանություններ են անում։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել