Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական

Մայիս 11,2001 00:00

«Այն էլ՝ այսպիսի մարմին» Սեփական մարմնի փարթամությունն ակնարկելով՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն այսպես արձագանքեց մանկավարժներից մեկի՝ «դուք՝ որպես օրենսդիր մարմին» արտահայտությանը։ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հրավերն ընդունելով՝ ԱԺ նախագահը երեկ ԱԺ-ում հանդիպեց քառասունից շատ ավելի մանկավարժների հետ եւ հենց սկզբից անմիջական զրույցի առաջարկ արեց։ Առաջարկն առանձնապես արձագանք չգտավ եւ շատ շաբլոն հարցեր ուղղվեցին Ա. Խաչատրյանին։ Թերեւս բացառություն էր առաջին հարցը։ Մանկավարժը ցանկանում էր ի վերջո անձամբ Ա. Խաչատրյանից ճշտել, թե քանի լեզու գիտի նա, քանի որ տարբեր բաներ են լսում այս առնչությամբ։ ԱԺ նախագահը զարմացրեց. եթե խոսքը վերաբերում է ազատ հաղորդակցվելուն, ապա չորս լեզու գիտի, իսկ ընդհանրապես շատ այլ լեզուներ գիտի, որոնցով այնքան էլ ազատ չի հաղորդակցվում։ Մանկավարժներին ավելի շատ հետաքրքրում էին ոչ կրթական հարցեր։ Տալով ստանդարտ հարցեր կաշառակերության, երկքաղաքացիության, «Քաղաքացիական ծառայողի մասին» օրենքի, Սահմանադրության առնչությամբ, նրանք ստացան ոչ պակաս ստանդարտ պատասխաններ։ ԱԺ նախագահը լիովին համաձայնեց, որ ՀՀ նախագահի լիազորությունները շատ ավելի են, քան անհրաժեշտ է, ու հուսադրեց, որ սահմանադրական փոփոխություններով դա կշտկվի։ Նշեց, որ «կաշառակերությունը պետք է արմատախիլ արվի, այն ամենավատ, ամենանողկալի չարիքն է»։ Բայց պիտի նախ «փորձենք կաշառակերության արմատը պոկել», այսինքն՝ այնպիսի պայմաններ ապահովեն մարդկանց համար, որ «նորմալ, ոչ աչքը ծակ մարդիկ իրենց ձեռքը չմեկնեն այլեւայլ երեւույթների»։ Իսկ «Քաղաքացիական ծառայողի մասին» օրենքի նախագծի միայն «վերնագիրն է շատ լավը», իսկ բովանդակությունը «պակաս հումանիստական է», այնպես որ մինչեւ ընդունվելը կատարելագործման կարիք ունի։ «Մեր այսօրվա ԱԺ-ն պրոֆեսիոնա՞լ է» հարցին պատասխանելուց առաջ ԱԺ նախագահը հանգստացրեց, թե՝ չմտահոգվեք, կքննադատեմ, վատն էլ կասեմ, քանի որ հարցի մեջ միտումն ակնհայտ էր։ Ըստ Ա. Խաչատրյանի, ԱԺ-ն «դե յուրե պրոֆեսիոնալ է», քանի որ ԱԺ պատգամավորները որեւէ այլ տեղում չեն աշխատում (դա էլ երեւի միայն դե յուրե, քանի որ դե ֆակտո, որքան գիտենք, կան նաեւ այլ տեղերում աշխատող պատգամավորներ)։ Պատգամավորները, ըստ ԱԺ նախագահի՝ «աշխատում են օրնիբուն, մինչեւ ուշ գիշեր»։ Ինչ վերաբերում է մասնագիտական հմտություններին, ապա կան շատ պրոֆեսիոնալներ եւ նաեւ այնպիսիք, որոնց «մասնագիտական որակները դեռ թողնում են ավելին ցանկանալ»։ Բայց բոլորին էլ ժողովուրդն է ընտրել, ըստ Ա. Խաչատրյանի, ազատ ու արդար ընտրություններում։ ԱԺ նախագահը կրթության ու մանկավարժի դերը կարեւորող խոսքեր ասաց, խոստովանեց, որ նրանց ըստ արժանվույն չեն գնահատում՝ շեշտելով բյուջեի խղճուկ վիճակը։ Այս ամենի հետեւանքով «ուսուցիչը դառնում է սոցիալապես չարացած, իսկ մենք նրան վստահում ենք մեր սերնդի հոգեկան կերտվածքը, դաստիարակությունը»։ ԱԺ նախագահը նաեւ հետաքրքրվեց, թե մանկավարժները նիստերի դահլիճում երբեւէ եղե՞լ են։ Ստանալով բացասական պատասխան՝ մեծահոգաբար հարցրեց. «Բայց ուզո՞ւմ եք լինել»։ Դրական պատասխանին այսպես արձագանքեց. «Հա, տեսնեք, չէ՞, թե որտեղ է Արշակ Սադոյանը կանգնում, միկրոֆոնը շոշափեք»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել