Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ քաղաքականությունը

Մայիս 18,2001 00:00

Սեփականաշնորհումը եւ քաղաքականությունը Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ քաղաքականությունը որքանո՞վ է ազդում սեփականաշնորհման գործընթացի վրա, չհերքեց, որ այս երկուսը սերտորեն կապակցված են: «Ես գտնում եմ, որ իհարկե՝ ազդեցություն ունի, դրական կամ բացասական։ Իմ անձնական կարծիքով, այն դեպքերում, երբ քաղաքական գործիչը զբաղվում է նաեւ բիզնեսով, առաջանում են որոշակի անհարթություններ, երկակի մեկնաբանություններ»։ Պրն Վարդանյանի դիտարկմամբ, տվյալ մարդու համար շատ դժվար է ուղեղի մի կեսով մտածել որպես քաղաքական գործիչ, իսկ մյուս կեսով՝ որպես բիզնեսմեն։ Դավիթ Վարդանյանը գտնում է, որ եթե հարցին մոտենում են զուտ տնտեսական առումով, պետք է մոռացվի, թե ով է տվյալ օբյեկտի տնօրենը, բայց նաեւ գիտակցում են, որ ընդունված ցանկացած որոշում քաղաքական վերլուծության եւ մեկնաբանության առիթ է տալու, որը կարող է եւ չհամապատասխանել իրականությանը։ Թերեւս հենց սա է պատճառը, որ մասնավորեցման հարցերով կոնկրետ զբաղվող մարմինը երբեք չի կարող ինքնուրույն, թեկուզ եւ ճիշտ որոշում կայացնել այս կամ այն օբյեկտի մասնավորեցման մասին։ Անպայման քաղաքականությունն ու բիզնեսը իրար հետ զուգակցողին պետք է «ընկերական» խորհուրդ տրվի՝ հարցերդ վերեւների հետ լուծիր։ Դավիթ Վարդանյանի կարծիքով՝ «հնարավոր չէ մարդկանց ասել՝ եթե բիզնեսմեն ես, քաղաքական գործունեությամբ մի զբաղվիր, կամ՝ հակառակը։ Ամբողջ աշխարհում էլ ընդունված է, որ բիզնեսմենը նաեւ քաղաքական գործիչ է։ Ուղղակի հասարակությունն է ամբողջ աշխարհում այնպես, որ տվյալ բանն ընդունվում է նորմալ եւ չի հակասում»։ Դավիթ Վարդանյանի հետ զրույցում «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացը ո՞ր փուլում է։ Նախարարն ասաց, թե նոր տենդեր չի հայտարարվել, «Արարատցեմենտին» տրված է առաջարկությունները ներկայացնելու ժամկետ. «Եղել է երեք մտադրություն, ցանկություն հունական, լիբանանյան ընկերությունների եւ կոլեկտիվի կողմից։ Երեքն էլ ուղղակի «Արարատցեմենտը» գնելու ցանկություն են։ Ուղղակի, քանի որ այդ առաջարկությունները բովանդակություն չեն պարունակում, մենք որոշեցինք ժամկետը երկարացնել մինչեւ հունիսի 15-ը, նրանց տեղյակ պահելով, որ հարկավոր է ներկայացնել շատ կոնկրետ առաջարկություններ գնի, ներդրումների եւ այլնի վերաբերյալ»։ Նախարար Դավիթ Վարդանյանը կառավարություն է ներկայացրել մասնավորեցման օրենքում փոփոխություններ եւ առաջարկներ կատարելու մասին առաջարկ։ Մեկ անգամ մասնավորեցման դրված ձեռնարկության ազատության աստիճանը մեծանում է, օրինակ՝ պարտադիր չէ որեւէ օբյեկտ երեք անգամ ներկայացնել մասնավորեցման, մեկ անգամից հետո կարելի է լուծարման որոշում կայացնել։ Առաջարկվում է մեկ անգամ աճուրդի դրված փոքր օբյեկտը դարձնել մոտավորապես խանութի պես. «Ցուցակները կախված լինեն, մարդիկ մտնեն, նայեն՝ ի՞նչ կա գնելու եւ գնեն այդ օբյեկտը»։ «Հայկական ավիաուղիների» մասնավորեցման վերաբերյալ լրագրողների հարցին ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը չուզեց պատասխանել, առաջարկելով, որ հարցն ուղղվի Դավիթ Վարդանյանին, վերջինս էլ իր հերթին առաջարկեց հարցն ուղղել Վարդան Խաչատրյանին. «Հանձնաժողովի նախագահը ինքն է»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել