Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մայիս 18,2001 00:00

ԻՆՔՆԱՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ – Ինչպե՞ս եք գնահատում Գրողների միության ներկա համագումարը։ – Տասներեքերորդն է։ – Այսի՞նքն։ – Նախորդ համագումարների տափակության ձախորդ տարբերակը։ – Ինչպե՞ս հասկանալ։ – Սնապարծությունների եւ շահամոլությունների մրցույթ։ – Ինչպիսի՞ն եք համարում Գրողների միությունը։ – Ոչ միություն կա, ոչ էլ իսկական գրողներ։ – Ո՞ւմ եք համարում իսկական գրող։ – Այդ հարցով դիմեք անդրշիրիմյան հայ գրողների միության նախագահին։ – Ո՞վ է այդ նախագահը։ – Հետը դեռ չեմ ծանոթացել։ – Իսկ նախքան այդ՝ ինչպե՞ս իմանանք, թե ով է «իսկական» գրողը։ – Նա, ում անունը շատ կհոլովեն։ – Ո՞ւմ նկատի ունեք։ – Միության 500 գրողներից յուրաքանչյուրին։ – Բայց չէ՞ որ Գրողների միությունն ունի մոտավորապես 350 գրող։ – Հաշվի եմ առնում այդ միության նաեւ հետագա հիպերտրոֆիան։ – Ինչի՞ հետեւանք է այդ հիպերտրոֆիան։ – Գրամոլությունը մեր ազգային փնջախտի բաղկացուցիչ մասն է։ – Եվ ի՞նչն է դրա պատճառը։ – Համատարած գրագիտությունը։ – Կյանքից ինչո՞ւ եք դժգոհ։ – Դժգոհ եմ, որ կյանքն ինձ դժգոհելու առիթներ չի տալիս։ – Ինչո՞ւ եք ստում։ – Դա ճշմարտությունն ասելու մի ձեւ է։ – Ինչո՞ւ չեք հեռանում Գրողների միությունից։ – Որպեսզի այնտեղ վակուում չառաջանա։ – Վակուում… Մեծամտություն չէ՞ ձեր կողմից։ – Նրանք բոլորն էլ տառապում են այդ մեծամտությամբ։ Ես այնքան մեծամիտ չեմ, որ ուզենամ բացառություն լինել։ – Եվ ինչպե՞ս եք արտահայտում ձեր համեստությունը։ – Մասնակցելով այս ինքնահարցազրույցին։ – Այս հարցազրույցն ինչո՞ւ եք ներկայացնում «Առավոտին»։ – Որովհետեւ «Գիշերը» լույս չի տեսնում։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել