Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԵՎԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Մայիս 19,2001 00:00

ԱՆԴՐԿՈՎԿԱՍ. ՀԱՐԵՎԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ Ձախողված հարեւանություն 1 Կովկասյան երկրների միջեւ կայուն ու երաշխավորված համագործակցական հարաբերություններ ստեղծելու մասին խոսակցությունները միջազգային ասպարեզում շրջանառվեցին ղարաբաղյան եւ աբխազական ճակատներում հրադադարի հաստատումից գրեթե անմիջապես հետո: Հիմա արդեն իմաստ էլ չունի պատասխանելը, 1995 թվականին առաջ եկած «Խաղաղ Կովկասի» հայեցակարգի գաղափարը առաջինը ծնվեց Վրաստանի նախագահ Շեւարդնաձեի՞ գլխում, թե՞ այն դրսից ուղղորդվող համառ ներշնչանքների արդյունք էր: Հայեցակարգ, որի հիմքում ընկած էր ընկալումը, թե տնտեսական ընդհանուր շահերը կարող են դառնալ ամուր հիմք կովկասյան երկրների նախ փոխհանդուրժողականության, ապա նաեւ ազգամիջյան կոնֆլիկտները քաղաքակիրթ ձեւով լուծելու, համարժեք փոխզիջումներ անելու համար: Այդպես Վրաստանը պետք է հաներ Աբխազիայի շրջափակումը, թույլ տար ինքնիշխանության ձգտող այս «ինքնահռչակ» հանրապետությանը տնտեսական ակտիվ շփումներ ունենալ հարեւան եւ այլ պետությունների հետ, իսկ Աբխազիան պետք է բացեր Վրաստանի՝ իր տարածքով անցնող հաղորդակցման բոլոր ուղիները, որ մինչ օրս ամենաձեռնտու տարբերակն են այս երկրի համար: Այդպես, Ադրբեջանը պետք է վերացներ Հայաստանի շրջափակումը, հարմարվեր խոստումնալից տնտեսական ծրագրերում Հայաստանի եւ Ղարաբաղի ներկայության փաստի հետ, Հայաստանը պետք է բացեր Նախիջեւանը Ադրբեջանին կապող ճանապարհը, Ղարաբաղը պետք է կամաց-կամաց «սովորեր» Ադրբեջանի հետ «զուտ գործնական» հարաբերություններին: Ըստ էության՝ տրամաբանական մի մոդել, որ տեսականորեն խարսխվում էր այն ընկալման վրա, թե էլ ո՞վ, եթե ոչ անմիջական հարեւանները կարող են շահավետորեն օգտագործել միմյանց ճանապարհին գտնվելու հանգամանքը, էլ ու՞մ հետ պետք է համագործակցեն աշխարհագրորեն սահմանակից երկրները, եթե ոչ նախեւառաջ միմյանց հետ: Չստացվեց: Դիվանագիտական «ամբողջականության» կորուստ Պատերազմների միջով անցած երկրները շարունակում էին ապրել պատերազմի գլխավոր օրենքի թելադրանքով, օրենք, որ քաղաքական տարբեր կոմբինացիաների, համընդհանուր մրցակցության այնպիսի մի իրավիճակ ստեղծեց, երբ բոլորը բոլորին կասկածում էին՝ ղեկավարվելով «ի հեճուկսի» տրամաբանությամբ: Չորս տարի անց, 1999-ին, «Խաղաղ Կովկասի» հայեցակարգի ջատագով Շեւարդնաձեն խոստովանեց. «… իմաստ չունի ստորագրել այն փաստաթղթերը («Խաղաղ Կովկասին» վերաբերող – Լ.Բ.), որոնք իրագործելի չեն: Իհարկե, լավ կլիներ դարձյալ հավաքվել նախկին ներկայացուցչական կազմով, սակայն այսօր կովկասյան ղեկավարներին անգամ մի տեղ հավաքելը շատ դժվար գործ է» («Երկիր», 17 հունիսի 1999թ.): «Այն, ինչ ձեռնտու է նրանց, անընդունելի է մեզ համար» բանաձեւը ոչ թե հնարավոր չեղավ գոնե ժամանակավորապես կողմ դնել, այլ ակտիվորեն շահարկվեց տնտեսական ապագա համագործակցության մասին բոլոր մակարդակների խոսակցություններում: Արդյունքում՝ կովկասյան երկրները սկսեցին ինտեգրվել տարբեր ուղղություններում՝ առավելագույնս հեռանալով իրարից, քաղաքականորեն խախտելով Անդրկովկաս տարածաշրջանի դասական ֆորմատը: Տպավորություն էր ստեղծվում, թե Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են մերձենալ աշխարհի տարբեր հզորներին, եւ արդեն նրանց ուժի դիրքերից հաղորդակցվել միմյանց հետ: Այդպես Վրաստանն ու Ադրբեջանը դարձան Արեւմտյան երկրների ռազմավարական գործընկերները, Հայաստանը՝ Ռուսաստանի: Պատերազմական ռազմաճակատները փոխարինվեցին դիվանագիտական «դեմարկացիոն գծերով», որ անցնում էին ոչ թե Անդրկովկասյան պետական սահմաններով, այլ Ռուսաստան- Եվրոպա-ԱՄՆ միջեւ: Ուստի զարմանալի չէ, որ այսօր Անդրկովկասն իր ամբողջության մեջ բախվում է ցավոտ իրականությանը. մի երկրի համար կարեւոր հարցը հարեւան պետություններում դիտարկվում է ոչ թե միջպետական հարաբերությունների տրամաբանության, այլ «ձեռք բերված» ռազմավարական հզոր գործընկերոջ շահերի տեսանկյունից: Այդպես, մինչ մի տերությունները պայքարում էին իրենց տարածքային ամբողջականության պահպանման, մյուսներն` իրենց տարածքային «բարեկարգումների» համար, արձանագրվեցին արտաքին ու ներքաղաքական երկու լուրջ կորուստներ. 1. անդրկովկասյան երկրները կորցրին իրենց «դիվանագիտական ամբողջականությունը», 2. անդրկովկասյան երկրները զգալիորեն վատնեցին գործընկերաբար միմյանց հետ հարաբերվելու պահուստները: Զարմանալի չէ, որ Եվրոպայի խորհրդարանական ասամբլեայի ապրիլի 24-ին բացված ժողովի ընթացքում Վրաստանի խորհրդարանականները չստորագրեցին Հայկական ցեղասպանության դատապարտման մասին Հայաստանի հայտարարությունը: Անվտանգության գումարելիները Աներկբա է կարծիքը, որ դեպի Կովկաս տանող միակ ճանապարհը ղարաբաղյան կարգավորումն է: Իսկապես, ոչ չեչենական, ոչ էլ անգամ աբխազական խնդիրները հետաքրքրություն չեն ներկայացնում միջնորդ միջազգային կազմակերպությունների համար այնքան, որքան ղարաբաղյանը: Հենց այստեղ են անմիջականորեն խաչաձեւվում արտաքին շահերը, ուստի, երբ երկու տարի առաջ սկսեցին խոսել անվտանգության բանաձեւերի մասին, խոսքը հավասարապես վերաբերում էր եւ ողջ տարածաշրջանին, եւ ղարաբաղյան կարգավորման մեջ ներգրավված կողմերին: 3+1 ֆորմատով նախատեսվում էր անդրկովկասյան երեք երկրների եւ Ռուսաստանի մասնակցությունը: Հնարավոր չէր՝ առնվազն երկու գլխավոր պատճառով. մի կողմից դա խախտելու էր տարածաշրջանում արդեն հաստատված շահերի հավասարակշռությունը, մյուս կողմից համոզիչ չէր դարձնելու ցանկացած համաձայնություն: Ասպարեզ եկած մյուս բանաձեւի համաձայն՝ 3+3+2, տարածաշրջանի անվտանգությունը խարսխվելու էր Անդրկովկասի երեք երկրների, երեք սահմանակից պետությունների՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, եւ, այսպես կոչված, անշահախնդիր միջնորդների՝ Եվրոպա, ԱՄՆ մասնակցության վրա: Այս բանաձեւի համաձայն, Ռուսաստանի դերը հավասարեցվում է մյուս սահմանակիցների՝ Թուրքիայի եւ Իրանի ֆունկցիաներին: Բանաձեւի՝ ասպարեզում հայտնվելուց հետո հատկապես Հայաստանում կարծիքներ տարածվեցին, թե Ռուսաստանի կարգավիճակն իջեցվել, հավասարեցվել է Իրանի եւ Թուրքիայի դերակատարությանը: Իսկապես, Ռուսաստանը, որպես Ադրբեջանի եւ Վրաստանի հետ պետական սահման ունեցող, իր հարավային տարածաշրջանում այդ երկրների հետ մշակութային, պատմական ու կրոնական ընդհանրություններ ունեցող 10 դաշնային սուբյեկտով պետություն, պետք է հաշվի առնի Ադրբեջանի եւ Վրաստանի հետադարձ ազդեցության հանգամանքը: Սակայն հենց այդ կերպ գոնե ձեւականորեն արդարացվելու էր Ռուսաստանի՝ ողջ Կովկասում խաղաղության հաստատման եւ այստեղ գործընկերային հարաբերություններ հաստատելու մեջ «ազնիվ շահագրգռությունը»: Դրա փոխարեն հարց է ծագում. իսկ ի՞նչ են կորցրել Կովկասում ԱՄՆ-ն ու Եվրոպան, բացի տնտեսական ու քաղաքական շահերից: Մանավանդ որ, նրանք հենց իրենք են ընդգծում տարածաշրջանում տնտեսական ներկայության ճանապարհով քաղաքական գերակայության հասնելու իրենց ծրագրերը: Հետեւաբար՝ 3+3+2 բանաձեւը ոչ թե նվազեցնում է Ռուսաստանի դերակատարությունը, այլ հակառակը, ձեւականորեն արդարացնում է տարածաշրջանային անցուդարձերի նկատմամբ նրա խանդոտ վերաբերմունքը: Մտահոգում է այլ հանգամանք. այս կամ այն երկրին ղարաբաղյան կարգավորման մեջ ներգրավելու մասին հայտարարությունների ենթատեքստերում ընդգծվում է ձախողումների համար պատասխանատվությունը նրանց հետ կիսելու նպատակը: Այսպես եղավ եւ Քի Ուեսթից հետո, երբ տրվում էին Իրանի միջնորդավորված մասնակցության մասին բացատրությունները: Իհարկե, չմոռացվեց, որ Իրանը Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի հետ ընդհանուր սահման ունեցող միակ պետությունն է, ուստի էլ ով, եթե ոչ նաեւ Իրանը պետք է տեղեկանա ղարաբաղյան գործընթացում տեղի ունեցող տեղաշարժերին: Սակայն ավելացվեց, որ տարածաշրջանում առկա բարդ հարաբերությունների համար պատասխանատվություն պետք է ստանձնի նաեւ Իրանը: Կարծես այս տարածաշրջանը մարզադահլիճ է, անդրկովկասյան երկրները՝ բռնցքամարտի ռեկվիզիտ: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել