Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատի ունենալով երեխայի ֆիզիկապես եւ մտավոր հասուն չլինելը, նա կարիք ունի հատուկ պաշտպանության, հոգա

Մայիս 23,2001 00:00

Երեխաները զրկված են իրավունքից Նկատի ունենալով երեխայի ֆիզիկապես եւ մտավոր հասուն չլինելը, նա կարիք ունի հատուկ պաշտպանության, հոգատարության՝ ինչպես ծնունդից առաջ, այնպես էլ հետո։ Հաշվի առնելով այս ամենի անհրաժեշտությունը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է Երեխայի իրավունքների հռչակագիր, որը նպատակ ունի երեխայի համար ապահովել երջանիկ մանկություն։ Հռչակագիրը կոչ է անում բոլոր մարդկանց, տեղական իշխանություններին եւ ազգային կառավարությանը ընդունել այս իրավունքները օրենսդրական եւ այլ ճանապարհներով։ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում երեկ տեղի ունեցավ «Գիրք երեխաների եւ նրանց ծնողների համար» պատկերազարդ գրքի շնորհանդեսը, որի միջոցով երեխաները պետք է ճանաչեն իրենց իրավունքները եւ հարկ եղած դեպքում պաշտպանեն այն։ Գիրքը տպագրվել է Հայաստանում, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում, 2000թ.։ ՌԴ-ում Կանադայի դեսպանատան աջակցությամբ նման գիրք ստեղծելու մտահղացումը Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանինն է։ «Իմանալով ձեր իրավունքները, փորձեք պաշտպանել ուրիշի իրավունքը,- ասաց Մ. Դանիելյանը։- Երեխաները եւս պետք է հասկանան, թե ինչ բան է մարդու իրավունքը»։ Ըստ ընկերակցության գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի, այս երկրի ապագան երեխաներն են։ Նրանք պետք է շարունակեն կերտել այն, ինչ մենք չկարողացանք անել՝ «որպեսզի դեսպանատների մոտ հերթեր չգոյանան եւ մեր հարազատները վերադառնան այստեղ ապրելու»։ Մ. Դանիելյանի կարծիքով, եթե մեր իշխանավորները այս գրքից ունենային, այն, ինչ որ կատարվում է հիմա, չէր կատարվի։ «Հույս ունեմ, որ այս երեխաների մեջ կլինեն ապագա իշխանավորներ եւ այդ սխալները չեն կրկնի»,- ասաց նա։ Գրքում զետեղված է իրավական շուրջ 10 սկզբունք, որոնք պետք է ճանաչվեն աշխարհի բոլոր երեխաների համար՝ առանց որեւէ բացառության։ Դրանք հետեւյալն են՝ երեխայի շահերի ապահովումը, երեխայի քաղաքացիության իրավունքը, սոցիալական ապահովության բարիքներից օգտվելը, կրթության եւ հոգատարության ապահովումը, բարոյական եւ նյութական մթնոլորտի ստեղծումը, գոնե տարրական փուլերում երեխային անվճար եւ պարտադիր կրթության իրավունք տալը եւ այլն։ Իհարկե վատ չէր լինի, եթե կիրառվեին բոլոր այն սկզբունքները, որոնք քիչ առաջ թվարկեցինք։ Բայց դրանք իրականացնելու համար մեզ պակասում է (թերեւս ամենից շատ) հնարավորությունը, որը չկա։ Բոլորն էլ լավ գիտեն, որ այդ սկզբունքները ոչ թե մեր (որ ամեն քայլափոխի սոված մանուկները պատերի տակ հացի փող են մուրում), այլ նորմալ երկրում ապրող երեխաների համար են։ Մեկը չկա հարցնի, ով կամ ինչպես պետք է պաշտպանի երեխայի ոտնահարված իրավունքները, երբ մարդիկ լույսը բացվելուն պես միայն մի բան են մտածում՝ այսօր ինչպե՞ս կերակրեն երեխային։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031