Լրահոս
Օրվա լրահոսը

Հունահայ

Մայիս 23,2001 00:00

Ընծաներ թանգարանին Հունահայ Հակոբ Ջելալյանը (ծնվ. 1938թ. նոյեմբերի 18-ին, Աթենքում) դեռեւս 1984թ. մայիսին Հայաստանի ազգագրության թանգարանին նվիրել էր մի մեծարժեք հավաքածու՝ 204 մշակութային արժեքներից կազմված։ Հավաքածուն ընդգրկում է արծաթյա իրեր (զարդեր, ծխախոտատուփեր, զարդատուփեր, սրվակներ եւ այլն), եկեղեցական ծիսական սպասք, պղնձյա առօրյա ամանեղեն, հայկական գործվածքի ուշագրավ նմուշներ։ Նվիրատվությունների շարքում առանձնանում են Քյոթահիայի 18-19-րդ դդ. թվագրվող հայկական խեցեգործական իրերը (սրվակ, թաս, ափսե, բաժակ, ջահի կախիկներ եւ այլն)։ Պղնձյա իրերը ուշագրավ են նրանով, որ ունեն հայատառ արձանագրություններ եւ թվագրվում են 16-19-րդ դդ.։ Մեր թանգարանի բարեկամ Հակոբ Ջելալյանը հայոց մշակույթի նվիրյալ է, հավատարիմ իր հայեցի արմատներին։ Նրա կենսագրականում առաջին իսկ տողերից հիշատակված են նախնիները, ծնողները, որոնք ունեցել են հայի ճակատագիր (տեղահանություններ, կոտորած, ի վերջո հանգրվանել են Աթենքում)։ Հակոբ Ջելալյանը սովորել է Վենետիկի Մուրադ Ռափայելյան վարժարանում։ Տարիներ շարունակ գործի բերումով շփվել է հնաոճ իրերի, այդ թվում եւ հայկական մշակութային նշխարքներին, մասունքներին, ճանաչել եւ սիրել դրանք, փրկել ամենահավանական կորստից։ Ջելալյանը փայլուն գիտի իրերի ծագումը, ունի գողտրիկ հուշեր ու պատմություններ դրանց վերաբերյալ։ Զարմանալի չէ, որ ծնողական սիրով է պատմում իր «զավակների» մասին։ Այսօր էլ, այս սոցիալ-տնտեսական վայրիվերումների, արժեքային վերադիրքավորումների շրջանում Հակոբ Ջելալյանը հավատարիմ է իր արմատներին եւ ավանդույթներին, իսկական հայի կանչող ոգուն։ Նա մտադիր է Սարդարապատի թանգարանի հոգածությանը հանձնել եւս 97 իր, որպեսզի նվիրատվությունների թիվը դառնա 301, որպես հայ քրիստոնյա եկեղեցու 1700-ամյակի խորհրդանիշ։ Պրն Ջելալյանը, իբրեւ հայ մտավորական, հավատում է մեր ազգի զարթոնքին, հայրենիքի ամբողջացմանը, մեսրոպյան ուղղագրության վերականգնմանը եւ «անձնազոհ, հայրենի հողին կառչած հայ շինականին»։ Նա ցանկանում է այս տարվա ընթացքում Աթենքում բացել հունահայ արխիվ-թանգարան (1000 միավոր)՝ ՀԲԸՄ-ի հովանավորությամբ։ Թանգարանի գիտանձնակազմը, որպես շնորհակալության, երախտագիտության դրսեւորում, մտադիր է կազմակերպել Ջելալյանի նվիրատվությունների ցուցահանդես եւ պատրաստել եռալեզու կատալոգ-ուսումնասիրություն՝ «Հակոբ Ջելալյանի նվիրատվությունների հավաքածուն» խորագրով (ցուցահանդեսի բացումը եւ գրքի շնորհանդեսը ենթադրվում է սեպտեմբերին)։ Ս. ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031