Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանը հիշեց իր կապը կտրած վիճակը

Մայիս 31,2001 00:00

Խորհրդարանը հիշեց իր կապը կտրած վիճակը Այսպես եթե շարունակվի, Ազգային ժողովը կարելի է կոչել Ազգային հանձնաժողով։ Իրար ետեւից ստեղծվող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովների շարքը երեկ կեսգիշերից առաջ հասցրեց համալրվել եւս մեկով, որը կուսումնասիրի կապի ոլորտի ընդհանուր վիճակը։ Վերոհիշյալ հանձնաժողովի աշխատանքների արդյունքից հետո միայն, արդեն սեպտեմբերին կքննարկվի «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Թեպետ «ԱրմենՏել»-ի պայմանագրային պարտավորությունների կատարման հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովն արդեն վաղուց գոյություն ունի եւ աշխատում է, բայցեւայնպես վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, երեկվա արտահերթ նիստից առաջ լրագրողներին ասաց, որ ինքը դեմ չէ նաեւ խորհրդարանական հանձնաժողովի ստեղծմանը եւ որ երկու հանձնաժողովներն իրար չեն խանգարի։ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Ա րթուր Բաղդասարյանը հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը բացատրեց հետեւյալ կերպ. «Րոպեավճարի հնարավոր կիրառումն ուղղակի աղետալի սոցիալական ցնցումներով է հղի։ Դրանից բացի, կառավարությունն առ այսօր դեռեւս չի էլ հաշվարկել (կամ գուցե հաշվարկման փուլում է գտնվում), թե ինչքան է բյուջեն վճարելու հեռախոսային խոսակցությունների դիմաց»։ Պրն Բաղդասարյանը հիշեցրեց այն օրերը, երբ ԱԺ-ն զրկված էր հեռախոսակապից։ Հայտարարված է, որ հուլիսի 1-ից ներդրվելու է հայտնի րոպեավճարը եւ սեպտեմբերի 1-ից՝ հաշվարկվելու է։ Պատգամավորներից շատերը անընդունելի էին համարում րոպեավճարի ընդունումը, ոմանք, օրինակ, Վահան Հովհաննիսյանը, այն կարծիքին էին, որ միեւնույն է՝ րոպեավճարը վաղ թե ուշ մտցվելու է, բայց եւ կարեւոր է մինչ այդ ժողովրդին նախապատրաստելը։ Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, թե «ԱրմենՏել»-ի գործարքի արդյունքում ինչպիսի խայտառակ պարտավորություններ է ստանձնել ՀՀ-ն։ Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարկ համարեց ասել, որ ինքը կողմնակից չէ հանձնաժողովի ստեղծմանը, բայց կողմնակից է, որպեսզի կառավարությունն իր պարտականությունը կատարի։ Պրն Սուքիասյանն այն կարծիքին է, որ հնարավոր կլինի բանակցությունների ընթացքում համաձայնության գալ, որպեսզի մենաշնորհային կարգավիճակից հրաժարվեն եւ ոչ թե ինչ-որ խնդիրներ ստեղծվեն։ Ըստ էության հերթական ժամանակավոր հանձնաժողովը հավակնելու է ստանձնել մազութի հանձնաժողովի դերակատարությունը, բայց մինչեւ ո՞ւր կհասնի, չգուշակենք։ Ավելորդ ենք համարում ասել, որ ազգային երեսփոխաններն առիթը բաց չթողեցին փայլել իրենց հերթական պուպուլիստական պերճախոսությամբ։ Ժողովրդի առաջ ռեւերանս անողներին նույնիսկ գիշերվա մթությունը չէր կաշկանդում։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել