Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային

Հունիս 01,2001 00:00

«ՎԱԽԸ ԲՌՆԱԾ ՏՂԱՆԵՐԻՑ Է» «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը նաեւ սա համարեց «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների պահպանությունն իրականացնող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ընտրված Վահագն Գրիգորյանի արժանիքներից մեկը։ Նման թեկնածուի ընտրությունը վերջնականապես համոզեց, որ հանձնաժողովի ստեղծումը սվիններով ընդունածներն ուղղակի խորամանկ մեթոդ ընտրեցին։ ՀԺԿ-ն եւ «Հայաստանը» հայտնվեցին այն երեխայի դերում, որի թնկթնկոցը կտրելու համար նվիրում են լարովի տիկնիկ։ Բայց որպեսզի իրենց «զահլեն» էլ չտանի՝ նախընտրում են գնել փչացած լարովի մեխանիզմով տիկնիկը։ Այսպես ստեղծեցին այս հանձնաժողովը՝ փակելու համար նրանց բերանը, ովքեր «գող՝ սիրտը դող» առածով էին բացատրում, թե ինչու էին որոշակի ուժեր դեմ հանձնաժողովի ձեւավորմանը։ Բայց սկզբից եւեթ ստեղծեցին նախադրյալներ, որ հանձնաժողովը գործի զուտ ձեւականորեն։ Կարծում ենք, անուղղելի լավատեսներն անգամ կհամաձայնեն, որ դժվար թե եռանդով գործի լծվեն եւ արդյունքների հասնելու նախանձախնդիր լինեն հանձնաժողովում մեծամասնություն կազմող անձինք, որոնք կա՛մ նախապես անիմաստ են գնահատել նման հանձնաժողովի ստեղծումը, կա՛մ էլ ընդհանրապես նրանց պատգամավորական ակտիվությունը ձգտում է զրոյի։ Հենց վերջիններից մեկն էլ Վահագն Գրիգորյանն է, որ ԱԺ նիստերի դահլիճում հայտնվում է գերազանցապես կարեւոր քվեարկությունների ժամանակ կոճակ սեղմելու համար եւ 1995-ից ի վեր, ինչ նա խորհրդարանի պատգամավոր է, որեւէ հարցի շուրջ դիրքորոշում չի հայտնել։ Մինչդեռ հանձնաժողովի նախագահը մնացածների համար պիտի լիներ հենց այդ լարող մեխանիզմը։ Սակայն երեկ լրագրողների հոռետեսական հարցադրումներին գրեթե բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները լավատեսական շեշտադրումներով էին պատասխանում։ Այսպես, Կոմկուսի ներկայացուցիչ Նորիկ Պետրոսյանը Վահագն Գրիգորյանի խորհրդարանական պասիվության առնչությամբ ասաց. «Երբեք մի մտածեք, որ այն պատգամավորները, որոնք շատ են խոսում՝ շատ ակտիվ են»։ Իսկ ԱԺՄ ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը նշեց, թե իրենք դեռ նախապես էին կարեւորել, որ հանձնաժողովի նախագահն անկախ թեկնածու լինի։ Վահագն Գրիգորյանին ամենաշատը գովեցին նրա երկու ընկերները՝ Արտաշես Գեղամյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը։ Թվարկենք նրանց նշած արժանիքները եւ դիտարկենք, թե արդյոք դրանք էական են նման հանձնաժողով գլխավորելու եւ նախատեսվող խնդիրները լուծելու պարագայում։ ա) Վահագն Գրիգորյանն ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ դրական զգացումներ ունի Կարեն Դեմիրճյանի նկատմամբ եւ Վազգեն Սարգսյանի ընկերն էր. ըստ Արտաշես Գեղամյանի՝ «ամենամտերիմ ընկերներից մեկը»։ Սարգսյանների ընտանիքին մոտ կանգնած անձանցից մեկն այս առնչությամբ նշեց, թե Վահագն Գրիգորյանն, իրոք, մտերիմ էր Վազգեն Սարգսյանի հետ (հիշեցնենք՝ նավթամթերքը, վառելիքն այն ոլորտն են, որ պաշտպանության նախարարի «ուշադրության» կենտրոնում են եղել եւ մնում)։ Վահագն Գրիգորյանը մտերիմ էր նաեւ Վազգեն Սարգսյանի եղբոր հետ, երբ նա վարչապետ էր։ Բայց վերջին տարում Վահագն Գրիգորյանը Սարգսյանների տուն գրեթե չի այցելել։ Իսկ ընդհանրապես, եթե չլիներ «իրավիճակի փոփոխությունը», Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «ընկերները» «Լեյտենանտ Շմիդտի որդիների» պես մի բան կդառնային։ բ) «Հայաստանի ամենածանր օրերին՝ շրջափակման շրջանում, վտանգելով իր կյանքը, Վահագն Գրիգորյանը կարողացել է էներգակիրներ ներկրել Հայաստան,- մատնանշեց պրն Գեղամյանը։- Իսկ դա բավարար երաշխիք է, որ այդ մարդու քաղաքացիական պատկերի մասին որոշակի կարծիք կազմեք»։ Սոլյարկա բերելը, իհարկե, շատ կարեւոր եւ ազգանվեր գործ է, բայց լրագրողները տարակուսեցին՝ ինչ է, դա շահութաբե՞ր չէր, կամ՝ ի՞նչ կապ ունի վառելիք ներկրելը պատգամավորական կամ քաղաքական գործունեության հետ։ Եվ ամենակարեւորը՝ ի՞նչ կապ ունի դա «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ։ գ) «ԻՄ» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանը, որն էլ հանձնաժողովում առաջադրել էր Վահագն Գրիգորյանի թեկնածությունը, վստահեցրեց. «Նա շատ համարձակ, ազնիվ մարդ է, ոչ մեկը նրա վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Ո՛չ ինֆորմացիաներ ավել-պակաս դուրս թողնելու, ո՛չ շեղելու իմաստով»։ Փոքր-ինչ կասկածելի է, որ հնարավոր չլինի ազդել գործարարի վրա, բայց այս մասին քիչ հետո։ դ) Հովհաննես Հովհաննիսյանը վիճելի հարց էր համարում, թե արդյոք ճի՞շտ կլիներ, որ այդ հանձնաժողովի նախագահը լիներ հստակ քաղաքական կողմնորոշումներ ունեցող որեւէ դեմք։ «Ճիշտ է, նա ակտիվ պատգամավոր չի եղել, քաղաքականության մեջ շատ ակտիվություն չի ցուցաբերել, բայց ինչ-որ մի ժամանակ, մի տեղ մարդիկ իրենց տեղը գտնում են եւ փորձում են»,- պրն Հովհաննիսյանի այս դիտարկումն էլ ՀԺԿ լրատվության պատասխանատուի հարցադրմանն արժանացավ, թե «Հոկտեմբերի 27»-ի գործի միջոցո՞վ պիտի Վահագն Գրիգորյանը փորձի իր տեղը գտնել քաղաքականության մեջ։ ե) Եվ, վերջապես, մեջբերենք Արտաշես Գեղամյանի փաստարկը, թե Վահագն Գրիգորյանը չափազանց լրջորեն կստանձնի այս պարտականությունները, քանի որ՝ «վերջնական դատավորը դա երկնային դատավորն է, իսկ ինքն աստվածավախ մարդ է»։ Դե, մինչեւ երկնային դատաստանը դեռ, մեղմ ասած, ժամանակ կա, իսկ երկրային դատավորներն ավելի մոտ են եւ շոշափելիորեն ավելի դաժան։ Եվ հիմնավոր էր լրագրողներից մեկի հարցի մեջ հնչած մտավախությունը, թե արդյոք Վահագն Գրիգորյանը լինելով գործարար՝ չի՞ ենթարկվի ճնշումների։ Այս մտահոգությունը, որքան էլ զարմանալի է, բաժանեց միայն «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը նշեց, թե բոլորը գիտեն, որ գործարարները եւ այդ թվում՝ ԱԺ-ի 80 %-ը կախվածության մեջ են. «Մեր երկիրն էլ այնքան ազատ երկիր չէ, որ ճնշումներ չլինեն։ Բնականաբար, ճնշումներ կարող են լինել»։ Եվ սա նկատի առնելով է, որ հանձնաժողովում «Օրինաց երկրի» ներկայացուցիչը պատրաստվում է առաջիկա նիստում արծարծել այն հարցը, որ բոլոր հանձնաժողովականներն ունենան հավասար լիազորություններ ու իրավունքներ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930