Լրահոս
Օրվա լրահոսը

Զարկ

Հունիս 01,2001 00:00

«ՀԱՄԱ»ԶԱՐԿ ՏԱԼՈՎ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻՆ Զարկ տալով բարեփոխումների ծրագրին, 1996-ին «Երուղեւորտրանս» շինվերանորոգման կոնստրուկտորա-տեխնոլոգիական բյուրոյի ղեկավարները կոլեկտիվին բացատրեցին սեփականաշնորհման առավելությունները։ Շարքային աշխատողներին, համաձայնելուց բացի, ոչինչ չէր մնում անելու։ Սակայն աճուրդի կայացումից պարզվեց, որ իրենց կոնստրուկտորական բյուրոն պետք է ղեկավարեն ջերմուկցի եղբայրները։ Որոշվեց Ջերմուկի ձեռներեցներին տրամադրել նախկին Երեւանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության (մայր կազմակերպություն) շենքի առաջի հարկաբաժինը՝ Արշակունյաց պողոտայում։ Մասնավորեցման ուղին բռնած տրամվայի եւ տրոլեյբուսի հավաքակայանները քաղաքապետարանից անցան տրանսպորտի նախարարության տնօրինությանը։ Անմիջապես կատարվեցին վարչակառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ստեղծվեցին փակ բաժնետիրական ընկերություն «Էլեկտրատրանսպորտը»՝ իր թալանված շարժակազմով եւ բաց բաժնետիրական «Երուղեւորտրանս» շինվերանորոգման ԿՏԲ ընկերությունը։ Վերջինս սեփականաշնորհվեց մեկի կողմից, որը որպես «լրացուցիչ բեռ» ստացել էր իրենց չնչին բաժնեմասերով նախկին աշխատողներից մնացած մի խումբ։ Բարձիթողի մատնված էլեկտրատրանսպորտը շարունակեց գոյատեւել սահմանափակ երթուղիներով՝ սպասարկելով հնարավորինս բանուկ մայրուղիները։ Համաձայն ՀՀ բարեփոխումների ծրագրի, բաժնետեր դարձավ նաեւ տողերիս հեղինակը՝ վերոհիշյալ ընկերությունում ներդնելով պետության կողմից տրված սեփականաշնորհման արժեթուղթը։ Էլեկտրաէներգիան ամենաէժան հումքն է Հայաստանում, իսկ էլեկտրատրանսպորտը՝ թույլ է զարգացած տարածաշրջանում, վերջին տարիներին՝ բոլորովին անտեսված։ Այժմ մեր բաժնետիրական ընկերությունում կոնստրուկտորա-տեխնոլոգիական նախագծումների փոխարեն կատարում են պարենային ապրանքների եւ ջրերի վաճառք։ Հայոց անմահական ջրի առեւտրով այդ պողոտայում զբաղված են շատ խանութներ։ Իսկ ի՞նչ մնաց մեր նախկին կոլեկտիվին այդ ձեռներեցությունից։ Ընկերության նախագահը (Ս. Արսենյան) արդեն երրորդ տարին (հարկաբաժնի վերանորոգումից հետո) իրեն անկախ հայտարարելով, խուսափում է կատարել ոչ միայն հարկային պարտավորությունները, այլեւ բաժնետերերին հրաժարվում է վճարել օրինական շահաբաժինները։ Նախագահ Ս. Արսենյանի՝ հարկային պարտավորություններից խուսափելու, ֆինանսատնտեսական հաշվետվությունները չներկայացնելու մասին Սպանդարյանի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Խ. Զ. Մութաֆյանին ծանուցվել է դեռեւս 2000-ի մայիսին։ Կատարվել են նոր նշանակումներ, իսկ արդյունքը դեռ չի փոխվել։ Կարծում եք, մասնավորին տեղ հատկացնող քաղաքային իշխանությունները ցանկացել են այս միջոցառմամբ մեղմե՞լ այն դոտացիոն հատկացումները, որոնց կարիքը զգում է էլեկտրատրանսպորտն այսօր։ Ամենեւին. նախկին աշխատողները ցածր աշխատավարձով աշխատում են զուտ «ըմբռնումով» մոտենալ ստեղծված իրավիճակին։ Իսկ ջրերի խանութը ծաղկում է, այն արդեն չի բավարարվում աճուրդով ստացածից՝ զգացվեց նոր մակերեսների կարիք։ «Ջերմուկցիներին» է տրամադրվել նաեւ հարակից տարածքը, որտեղ ծավալվում է լայն շինարարություն։ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող տրամվայի հավաքակայանի այդ տարածքի հանձնման համար նրա կոլեկտիվը չի տվել իր համաձայնությունը։ Բացի այդ, ընդլայնված շինարարության ծրագիրը չի համաձայնեցվել նաեւ մեր կոլեկտիվում՝ որպես ընկերության միջոցների լրացուցիչ ծախսումներ։ Պարզվում է, որ մեր ընկերության նախագահը որոշել է առանձնանալ։ «Երուղեւորտրանս» շինվերանորոգման ԿՏԲ ԲԲԸ երկու կամ երեք ընկերությունների առանձնացման վերաբերյալ 1997-ի օգոստոսի 20-ի բաժնետերերի առաջին ընդհանուր ժողովի որոշումը մնացել է օդի մեջ. Սպանդարյանի տարածքային պետռեգիստրի բաժինը չի կատարել վերագրանցումը։ Մերժվել են նաեւ առանձնացման մասին անհիմն ձեւակերպված հետագա արձանագրությունները։ Ընկերությունների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են առանձնացման հաշվեկշռին համապատասխան, որը նույնիսկ վերջին հաշվետու ժողովին բաժնետերերին չի ներկայացվել։ Ընդգծվել է ֆինանսատնտեսական հաշվետվության թերի ներկայացում ընկերության վերստուգիչ մարմնի կողմից։ Սակայն անսպասելի մեզ է հրամցվում մի ծանուցում, թե իբր տեղի է ունեցել կանոնադրական կապիտալի փոքրացում։ Չի բացատրվում ընկերության հանկարծակի վերագրանցման երեւույթը նույն այդ պետռեգիստրի Սպանդարյանի բաժնի կողմից։ Բաժնետիրոջ իրավունքն, այսպիսով, դառնում է փոքր բիզնեսի մեծ հոգսը։ ԱԼԻՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել