Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը՝

Հունիս 02,2001 00:00

Մազ կտրե՞մ, թե՞ ճառ ասեմ Վաղը՝ հունիսի 3-ին, Կամերային երաժշտության տանը կմեկնարկի Վարսահարդարման արվեստի Հայաստանի 3-րդ բաց առաջնությունը։ 25 վարսահարդարներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից եւ Բելառուսից կմրցեն Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար։ Առաջնությանը մասնակցում են երեք կարգի մասնագետներ՝ տղամարդկանց, կանանց վարսահարդարներ եւ դիմահարդարներ (վիզաժիստներ)։ Կանանց վարսահարդարները կմրցեն «Մոդա 2001» (ցանկացած կտրվածք եւ սանրվածք՝ վարսահարդարի երեւակայության սահմաններում), «Երկար վարսերի համար նախատեսված ժամանակակից սանրվածք» փուլերում։ Տղամարդկանց վարսահարդարներն իրենց ունակությունները կցուցադրեն «Ժամանակակից կարճ սանրվածք» (կամ, ինչպես նշեց Վարսահարդարների եւ կոսմետոլոգների հայկական միության նախագահ Մարինա Առաքելյանը՝ «Փողոցային սանրվածք») եւ ավելի էլիտար՝ «Երկար մազերի սալոնային սանրվածք» փուլերի ժամանակ։ Վիզաժիստները հնարավորություն ունեն իրենց ֆանտազիաներն ու երեւակայության արգասիքները «թափել» մոդելների դեմքին հետեւյալ նոմինացիաներում՝ «Ավարտական պարահանդես» եւ «Ոսկերչական զարդեր»։ Առավոտյան 11-ից մինչեւ երեկոյան 19-ը կընթանա առաջնությունը, որին կհաջորդի աշխարհի եւ Եվրոպայի բացարձակ չեմպիոն, «Օվացիայի» եռակի մրցանակակիր Սերգեյ Զվերեւի հավաքածուի շոու-ցուցադրությունը։ Ս. Զվերեւն արդեն Երեւանում է եւ երեկ կայացավ նրա, Մարինա Առաքելյանի, Բելառուսի Վարսահարդարների միության նախագահ Ալեքսանդրա Լոզովսկայայի եւ Վարսահարդարների համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Կոնստանդին Վոյդեխովսկու ասուլիսը։ Նրանք չորսն էլ ընդգրկված են Հայաստանի բաց առաջնության ժյուրիի կազմում։ Առաջնությանն ընդամենը 25 վարսահարդարի մասնակցությունն անհասկանալի է այն դեպքում, երբ միայն Երեւանում յուրաքանչյուր քայլափոխի՝ մի վարսավիրանոց, իսկ երկու քայլը մեկ՝ «Գեղեցկության սրահ» կա։ Մ. Առաքելյանի կարծիքով, մեր վարսավիրները ուղղակի նախընտրում են իրենց փոքրիկ սրահի, ծայրահեղ դեպքում՝ տարածքի «աստղը» լինել ու չմասնակցել առաջնությանը, որտեղ, շատ հնարավոր է, չդիմանան մրցակցությանը։ Իսկ Զվերեւը տարակուսում էր հայ վարսավիրների մոտ սովորելու ցանկության իսպառ բացակայությունից. «Նրանք գիտեն միայն «կիպիտիլնիկը», մազերը արդուկելը, աղավնու ծերտի նմանվող մի կողմից՝ երկու, մյուս կողմից՝ մի շերտ արված «միլիրովկան» ու վերջ»։ Մարինա Առաքելյանը, թեեւ սրտնեղած էր աճելու ցանկություն չունեցող վարսահարդարներից, բայց կարծում էր, որ, հովանավորներ ունենալու դեպքում, մեր վարսավիրների տաղանդն ու շնորհքը կբավականացնի միջազգային բեմերում պատվով հանդես գալու, անգամ՝ առաջնություններում հաղթելու համար։ Հենց հովանավորների բացակայության պատճառով Հայաստանից ոչ ոք չի մասնակցել օրերս Բուենոս Այրեսում կայացած լատինաամերիկյան երկրների բաց առաջնությանը, որտեղ բելառուս եւ ռուս վարսահարդարները գլխավոր տեղերն են զբաղեցրել։ Ի դեպ, տիկին Լոզովսկայան նշեց, որ բացի անհատ հովանավորողներից, բելառուս վարսահարդար-դիմահարդարները ունեն նաեւ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի անձնական եւ պետական աջակցությունը։ Նա գովեստի խոսքեր շռայլեց հայ տղամարդկանց հասցեին՝ գեղեցիկ են, գլխի գեղեցիկ կառուցվածքով, առատ մազերով։ Ու եթե մեր վարսահարդարները մի քիչ իրենց նեղություն տան՝ սովորեն, մեր հարուստները մի քիչ փող տան՝ հովանավորեն, մեր պետությունն էլ մի քիչ ուշադրություն դարձնի, հայ վարսահարդարները լիովին կհավակնեն առաջնություններում առաջին մրցանակին՝ գոնե տղամարդկանց գծով։ «Հայ տղամարդիկ շա՜տ նման են իտալացի տղամարդկանց, իսկ նրանց վարսահարդարներն արդեն քանի՜ տարի գլխավոր տեղեր են շահում»,- ասաց տիկին Լոզովսկայան։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930