Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՓԱՆՑԻԿ» ԱՆԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՈՒՆ

Հունիս 13,2001 00:00

«ԹԱՓԱՆՑԻԿ» ԱՆԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՈՒՆ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստել է ծրագիր՝ ուղղված ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության զարգացմանը եւ դրանց առավել հրապարակայնության ապահովմանը։ «Երեկ Գյումրիի, Վանաձորի, Ալավերդիի, Սեւանի, Իջեւանի, Եղեգնաձորի, Կապանի եւ Սիսիանի քաղաքապետերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագրեր։ Հուշագրի համաձայն, USAID-ը կֆինանսավորի 4,5 մլն ամերիկյան դոլարի արժողության 3-ամյա տեղական ինքնակառավարման ծրագիր։ Այդ ծրագիրը կաջակցի այդ քաղաքներում թափանցիկ եւ արդյունավետ համակարգի զարգացմանը ու կերաշխավորի տեղական ինքնակառավարման մարմինների մատչելիությունը բնակչության համար»,- հանրապետական մամուլում հավաստիացվում էր դեռեւս 2000թ. հոկտեմբերի 7-ին։ Օրերս Լոռու մարզպետի ասուլիսի ժամանակ մեր այն հարցին, թե արդյո՞ք այս ծրագիրն ընթացքի մեջ է, մարզպետը նշեց, որ տեղյակ չէ եւ ավելացրեց, թե Վանաձորում դեռ չի սկսվել նման ծրագիր (կարծում ենք, մյուս քաղաքներում էլ սկսված չի լինի- Գ. Հ.)։ Ի դեպ, այս ծրագիրը պետք է գործեր ՀՀ տարածքային եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։ Քանի որ 2 նախարարություններն արդեն առանձնացվել են (ծրագրի ընդունումից հետո), հարց է ծագում, թե հիմա ո՞ր նախարարությունն է վերահսկում այդ ծրագիրը (եթե վերահսկվում է) եւ ի՞նչ ընթացքի մեջ է (եթե ընթանում է)։ Ընդ որում, ծրագիրը պետք է համագործակցեր նաեւ Ազգային ժողովի հետ, ինչպես նաեւ նպաստեր տեղեկատվական-վերլուծական կենտրոնների ստեղծմանը։ Մասնավորապես, Գյումրի, Վանաձոր, Ջերմուկ քաղաքներում էլ ծրագիրը պետք է օժանդակեր համայնքների կառուցվածքային զարգացմանը։ Նշենք, որ այս ծրագրից զատ, USAID-ը ֆինանսական միջոցներ է հատկացրել «Եվրասիա» հիմնադրամին՝ Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Սեւան, Իջեւան, Ջերմուկ եւ Սիսիան քաղաքներում հանրային տեղեկատվական-վերլուծական կենտրոններ ստեղծելու համար։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել