Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՄՆՈՒՄ ՈՐՈՇ ՆԱՄԱԿՆԵՐ

Հունիս 14,2001 00:00

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՄՆՈՒՄ ՈՐՈՇ ՆԱՄԱԿՆԵՐ Ըստ վիճակագրական տվյալների, 2001թ. հունվարից մինչեւ 2001թ. հունիսը քաղաքապետարանի նամակների բաժնում ստացվել է մոտավորապես 3130 նամակ։ Դրանց գերակշռող մասը օգնության, ապօրինի շինարարության, աշխատանքի, վթարային շենքերի, ընտանեկան նպաստի խնդիրների վերաբերյալ է։ Քաղաքացիները «Առավոտին» բողոքում են, որ քաղաքապետարանի նամակների բաժինը լավ չի կատարում իր աշխատանքը, որ իրենց ուղարկած նամակները անպատասխան են մնում։ Տվյալ հարցը պարզաբանելու նպատակով դիմեցինք քաղաքապետարանի Գործերի կառավարման վարչության պետ Սուրեն Կոշեցյանին։ Նա ասաց, որ ՀՀ ցանկացած քաղաքացի կամ կազմակերպություն ցանկացած հարցով իրավունք ունեն դիմել քաղաքապետարանի նամակների բաժին։ Համակարգչում դրանք գրանցելուց հետո քաղաքապետը մակագրում է տվյալ խնդրով զբաղվող վարչությանը, թաղապետերին… Քաղաքապետարանը իրավունք չունի նամակը մերժել, չընդունել կամ չպատասխանել։ «Նամակները կից գրությամբ ուղարկվում են տվյալ խնդրով զբաղվող ատյաններին»։ Ս. Կոշեցյանը նաեւ ավելացրեց, որ տվյալ նամակների ընթացքին իրենք պարտավոր չեն հետեւել։ Իսկ ընդհանրապես նամակը պետք է ընթացք ստանա 15 օրվա ընթացքում, եթե, իհարկե, լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք չկա։ Իսկ եթե այդ կարիքն այնուամենայնիվ կա, ապա նամակագրին թե՛ դրական եւ թե՛ բացասական պատասխանը պետք է տրվի մեկ ամսից ոչ ուշ։ Ըստ Ս. Կոշեցյանի, անպատասխան են մնում անանուն նամակները։ «Համաձայն ԱԺ-ի որոշման, նման նամակներին ընթացք տալու իրավունք չունենք»,- ասաց Ս. Կոշեցյանը։ Սակայն հետաքրքիրն այն է, որ եթե կազմակերպության կամ քաղաքացու ցանկացած խնդրով պետք է զբաղվի ոչ թե քաղաքապետարանը, այլ համապատասխան վարչություններն ու թաղապետարանները, ապա ինչո՞վ է կարեւորվում քաղաքապետարանի դերը, երբ նա հանդես է գալիս ընդամենը որպես միջնորդ՝ քաղաքացու եւ, ասենք, թաղապետարանների, սոցապ վարչության, ջերմային տնտեսության… միջեւ։ Արդյո՞ք քաղաքապետարանը ապարդյուն ժամանակի կորուստ չէ քաղաքացու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել