Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ խումբ-խմբակցություններին է հանձնված ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանի գրավոր հաղորդումը՝ ԱԺ-ի Էներգ

Հունիս 16,2001 00:00

«ՄԱԶՈՒԹԻ ԳՈՐԾԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱԺ խումբ-խմբակցություններին է հանձնված ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանի գրավոր հաղորդումը՝ ԱԺ-ի Էներգետիկ ժամանակավոր հանձնաժողովի հայտնաբերած փաստերի հիման վրա դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ։ 1992-96 թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էներգիայի ծավալների օգտագործման, նաեւ՝ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն իր հաշվետվությունը դատախազություն էր ուղարկել 2000 թ. հունիսի 21-ին, իսկ արդեն հունիսի 26-ին ՀՀ քր. օրենսգրքի 90 հոդվածի 4-րդ եւ 182 հոդվածի 2-րդ մասերով առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների եւ ծանր հետեւանքների առաջացմամբ պաշտոնեական դիրքի չարաշահումների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Խորհրդարանի ղեկավարությունը խնդրել է խումբ-խմբակցությունների ղեկավարներին՝ գրավոր եզրակացություն ներկայացնել այդ հաղորդման վերաբերյալ։ Վերջին եռօրյայի հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն առաջարկեց հարցը քննել բաց եւ հրապարակային, կազմակերպել խորհրդարանական բաց լսումներ։ Ղեկավարությունն առայժմ որոշում չի կայացրել։ Դատախազության հաղորդագրությունը շատ ծավալուն է՝ 43 թերթ։ Այսօր բավարարվենք մի քանի մանրամասներով միայն։ Քննչական խմբի նախաքննության ընթացքում լուրջ բարդություններ են առաջացել, քանի որ շատ նախարարություններում, հիմնարկ-ձեռնարկություններում արխիվացման ճանապարհով ոչնչացվել են կարեւոր փաստաթղթեր։ Սակայն շատ բաներ հնարավոր է եղել պարզել։ Այսպես, օրինակ՝ քննչական խմբի կողմից՝ ապացույցների հիման վրա, մայր գործից անջատվել եւ դատարան է ուղարկվել 5 քրեական գործ՝ 19 անձանց վրա։ Այս հինգ գործերով պետությանը հասցված շուրջ 244 հազար ԱՄՆ դոլար վնասից վերականգնվել է 68 հազար 200 դոլարին համարժեք դրամ։ Սրանից բացի, մայր գործին է կցվել նաեւ էներգետիկ համակարգում 92-98 թթ. կատարված հանցագործությունների փաստերով հարուցված եւս երկու այլ քրգործ։ Նախաքննությունը շարունակվում է մեկ ընդհանուր վարույթում։ Դրանցից առաջինը հարուցվել է 98 թ. մայիսի 4-ին ՀՀ քր. օրենսգրքի 90 հոդվածի 4-րդ մասով, Արշակ Սադոյանի հայտարարության հիման վրա։ Արդյունքում բյուջե է վերականգնվել 1 միլիոն 800 հազար դոլար, դատի է տրվել 15 մեղադրյալ, այդ թվում՝ էներգետիկայի փոխնախարար, «Հայէներգո» ՊՓԲԸ-ի տնօրեն, փոխտնօրեններ, ջերմաէլեկտրակայանի տնօրեն եւ այլն։ Հաջորդ գործը հարուցվել է 2000 թ. փետրվարի 2-ին, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության համար Եվրոբանկի կողմից հատկացված 57,4 միլիոն դոլար վարկային միջոցների ծախսման ընթացքում կատարված չարաշահումների փաստերով։ Այս գործով դատարան է ուղարկվել 5 քրգործ, դատապարտվել է 7 անձ, 5-ի վերաբերյալ քրգործի մասը կարճվել է համաներման ակտով, 2-ի վերաբերյալ՝ իրադրության փոփոխության հետեւանքով։ Բյուջե է վերականգնվել 248,5 միլիոն դրամ եւ նյութական արժեքներ, մուտքագրվել է 522 տ ապրանքանյութական արժեք։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քրգործով, որպես մեղադրյալ, ներգրավվել էր նաեւ արդյունաբերության նախկին նախարար Աշոտ Սաֆարյանը, սակայն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից։ Այդ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը մերժվել է։ Ներկայումս քննություն է կատարվում նույն անձի գրավոր թույլտվությամբ հանրապետությունից 3 միլիոն 400 հազար դոլար արժողությամբ սարքավորումների արտահանման օրինականության հարցի շուրջ։ Քննիչի որոշմամբ կալանք է դրվել Սաֆարյանի անվամբ եղած շուրջ 5 հարյուր հազար դոլար արժողությամբ բաժնետոմսերի վրա։ ՌԴ-ից պահանջվել են անհրաժեշտ փաստաթղթեր։ Քննությունը շարունակելը եւ որոշում կայացնելը հնարավոր կլինի նյութերը ստանալուց հետո։ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկուցման մեջ ներկայացված փաստերի ստուգման նպատակով ստուգումներ են կատարվում նաեւ Երեւանի եւ Աբովյանի էլցանցերում, մի շարք այլ օբյեկտներում։ Շարունակվում են ստուգումները Հրազդանի ՊՇԷԿ-ում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել