Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԱՊԵՍ «ԳԼԱԶՈԿԻՑ» ՆԱՅԵՑԻՆ

Հունիս 21,2001 00:00

ՎԵՐՋԱՊԵՍ «ԳԼԱԶՈԿԻՑ» ՆԱՅԵՑԻՆ Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելեցին ՆԳՆ եւ ԱԱՆ մեկուսարաններ։ Հանձնաժողովի անդամ Ղուկաս Ուլիխանյանն այցը բնորոշեց որպես «ընդհանուր ճանաչողական բնույթի»։ Թեեւ նա նախապես նշել էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալներին այցելելու մտադրություն առայժմ չունեն, այնուամենայնիվ, ինչպես պարզվեց ավելի ուշ, նրանք դիտանցքից հետեւել էին Կարեն Հունանյանին։ Վերջինս այդ պահին նստած ինչ-որ բան է գրելիս եղել։ Չի երեւացել, թե նրան ինչ-որ մեկը թելադրո՞ւմ է այդ նոթերը։ Այնպես որ, առայժմ արտադատարանական աջակցության կասկածները հիմնավորող փաստեր չեն հայտնաբերվել։ Բայց հանձնաժողովը նախատեսում է նաեւ անակնկալ այցեր, այնպես որ՝ դեռ հույս կա, որ դիտանցքից մի բան կտեսնեն։ Հանձնաժողովի այսօր կայանալիք նիստում ամփոփվելու են այս ճանաչողական այցի արդյունքները, նաեւ քննարկվելու է փորձագետների ընտրության հարցը։ «Կարծում եմ, սկսվեց հանձնաժողովի գործնական աշխատանքների փուլը։ Այս այցից հետո արդեն յուրաքանչյուրս երեւի թե իր համար պիտի աշխատանքային որոշակի ծրագիր մշակի»,- ասաց պրն Ուլիխանյանը, որը հանձնաժողովի նիստերից մեկում մտահոգություն էր հայտնել, թե քանի որ ԱԺ-ի որոշմամբ նախատեսվում է, որ իրենք երկու ամիսը մեկ պիտի հաղորդում ներկայացնեն կատարված աշխատանքների վերաբերյալ՝ նման տեմպով շարունակելու պայմաններում իրենք հաղորդելու բան չեն ունենա։ Մեկ ամիս է, ինչ ստեղծվել է այս հանձնաժողովը եւ անցած ժամանակաշրջանում թերեւս մասամբ փարատվեցին այն նախնական կասկածները, թե հանձնաժողովը գործունեության մեխանիզմներ չի ունենա։ Թեեւ քաղաքացիներից տեղեկություններ հայցելու վերջին նախաձեռնությանը, ինչպես հայտնեց Ղուկաս Ուլիխանյանը, դեռեւս արձագանքողներ չկան, իրենց ոչ ոք չի դիմել. «Դեռ նոր է մեր հայտարարությունը։ Ակնկալում ենք, որ արձագանքներ կլինեն»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930