Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավորեցման

Հուլիս 11,2001 00:00

ԴՌՆԵՐԸ ՉԷԻՆ ԹԱՓԱՆՑՈՒՄ Մասնավորեցման ոլորտը հանրապետությունում ամենաաղմկոտներից է։ Քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող գրեթե ոչ մի օբյեկտի մասնավորեցում հարթ չի ընթանում։ Հերթական անհանգստությունը «Սապֆիրի» հետ է կապված։ «Առավոտը» գործարանի աշխատողների անունից նամակ է ստացել, որտեղ կանխատեսվում է, թե «կամայականություն է տեղի ունենալու, քանի որ հայտնի չէ, թե ինչպես պետք է գնահատվեն հավակնորդների առաջարկները, որովհետեւ մինչեւ օրս մրցութային հանձնախումբը չունի գնահատման կարգը եւ կշռային գործակիցները»։ Տեղեկացանք, որ գնահատման կարգը եւ կշռային գործակիցները չեն հրապարակվել, բայց սովորաբար մրցութային հանձնաժողովները նախապատվությունը տալիս են այն հայտատուին, որն ավելի բարձր գին եւ սոցիալական խնդիրներ լուծող պայմաններ է առաջարկում։ «Առավոտի» հարցին, թե ինչով եք հիմնավորում կամայականության վերաբերյալ ձեր պնդումները, կոլեկտիվի ներկայացուցիչները հրաժարվեցին նամակից, նշելով, որ տեղյակ չեն, թեեւ չբացառեցին, որ աշխատողներն առանց գործարանի ղեկավարության գիտության են գրել նամակը։ Այնուամենայնիվ, նամակի բովանդակությունը բխում է կոլեկտիվի շահերից, թեեւ դրանում բոլոր պայմաններն «ապահովված են»՝ հետագայում նամակից հրաժարվելու համար։ Իսկ «Սապֆիրի» տնօրեն Մուրադ Հարությունյանը, որ բավականին անտրամադիր դուրս եկավ Մրցութային հանձնաժողովի նիստից, «Առավոտի» հարցին ի պատասխան նշեց. «Օրինականն այն կլիներ, որ կոլեկտիվը հաղթեր, առավել եւս, որ այսօր ի վիճակի է աշխատեցնել գործարանը»։ Ըստ նախնական տեղեկությունների, կոլեկտիվը սահմանվածից ցածր գին է առաջարկել եւ չի բացառվում, որ դուրս մնա մրցույթից։ Բայց, ըստ չստուգված տեղեկատվության, «Սապֆիրի» կոլեկտիվը փոխարենը գործուն բիզնես-պլան է առաջարկում։ Որքանո՞վ է գործուն, դեռ պարզ չէ, բայց պարզ չէ նաեւ, թե ինչու պիտի անպայման բարձր գին առաջարկողին տրվի նախապատվությունը։ «Սապֆիրի» «հարեւանը»՝ ադամանդի գործարանը, որ մասնավորեցվեց իսրայելցի գործարարին նույնպես բարձր գնով, ասում են, ավելի շատ «հանգստանում» է, քան աշխատում։ Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը միշտ պնդում է, որ թափանցիկ են աշխատում, որ մասնավորեցման գործընթացը հրապարակային է իրականացվում եւ այլն։ Առիթ էր՝ փորձեցինք օգտվել հրապարակայնությունից։ Նախարարը սիրով համաձայնեց մրցույթի արդյունքների մասին տեղյակ պահել ու երեկ ժամը 15-ին հրավիրեց։ Սակայն պարզվեց, որ ժամը 15-ին հանձնաժողովի նիստն է սկսվում, որը փաթեթներ պիտի բացի, քննարկի եւ այլն։ Պրն նախարարը թքած ունենալով լրագրողների ժամանակի, աշխատանքի կազմակերպման բոլոր խելամիտ եղանակների վրա, մեկուկես ժամ սպասել տվեց, եւ էլի մեկուկես ժամ պահանջվեց, մինչեւ պարզվեց, որ արդյունքները հինգշաբթի ժամը 16-ին պարզ կլինեն։ Այլապես պրն նախարարից ուզում էինք պարզաբանումներ ստանալ, թե կոնկրետ որոնք են, այսպես ասած, կշռային գործակիցները, եւ թե ինչու աշխատող գործարանի պարագայում էլ է անհրաժեշտ նախապատվությունը բարձր գին առաջարկողին տալ եւ, պարզապես, արդյունքներին ծանոթանալ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Եթե նախարարը թափանցիկությունն ուղիղ իմաստով է նկատի ունեցել, ապա որպես ականատես, «Առավոտը» վկայում է, որ Դավիթ Վարդանյանի առանձնասենյակի դռները կամ պատերը ամենեւին էլ թափանցիկ չէին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել