Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը՝ անհատների մենաշնորհ

Օգոստոս 17,2001 00:00

Ջուրը՝ անհատների մենաշնորհ Ամառվա տապին մարդն ավելի շատ ջրի կարիք է զգում, քան ցուրտ եղանակին։ Հակառակ այս պարզ ճշմարտությանը՝ Աբովյանում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ կրճատվել է ջրամատակարարման գրաֆիկը։ Նախկինում գործող օրական չորսժամյա գրաֆիկի փոխարեն (2 ժամ առավոտյան, 2 ժամ երեկոյան) այժմ բնակիչներին ջուր է տրվում օրընդմեջ։ Աբովյանում տարածված այն կարծիքը, թե այս անկանոնությունը ջրի վարձերի չվճարման դեմ ուղղված պատժամիջոց է, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Մաքրավան» մասնաճյուղի տնօրեն Ռ. Մկրտչյանը հերքեց։ Ըստ նրա, ջրամատակարարման կրճատման պատճառը ջրգողությունն է, որի պատճառով խմելու ջրի հսկայական պաշարների կորուստ է տեղի ունենում, եւ նախկին գրաֆիկն իրենք կվերականգնեն ապօրինի ջրօգտագործումը կանխելու դեպքում։ Եթե նախկինում ջրգողության հեղինակները բնակիչներն էին, որոնք խմելու ջուրն օգտագործում էին բանջարանոցները ջրելու համար, ապա այժմ դա քիչ հավանական է, որովհետեւ վերջին ամիսներին բոլոր թաղամասերին կանոնավոր ոռոգման ջուր է տրվում։ Այժմ ջրգողության «մենաշնորհը» պատկանում է Աբովյանում եւ մերձակա համայնքներում գործող ռեստորաններին, մասնավոր լողավազաններին, սաունաներին, «հյուրանոցային համալիր» անվան տակ գործող կասկածելի հաստատություններին, որտեղ զվարճանում են մեր հարուստները։ Նրանք իրենց պարարտ մարմիններով լող են տալիս լողավազաններում, որտեղ ջուրը փոխվում է ոչ թե գոնե շաբաթը մեկ, այլ 2-3 օրը մեկ անգամ՝ մարդկանց խմելու ջրի հաշվին։ Դրա փոխարեն կարելի է ավազաններում տեղադրել ֆիլտրման սարքեր, որոնք միշտ մաքուր կպահեն ջուրը եւ հարկ կլինի այն փոխել ամիսը մեկ։ Բացի վերոհիշյալ զվարճավայրերից, շուրջօրյա անխափան ջրամատակարարում ունեն նաեւ Աբովյանում օրեցօր սնկի պես աճող ավտոլվացման կետերը, բենզինի լցակայանները, օղու արտադրամասերը։ Իսկ ապօրինաբար օգտագործվող ջրի վարձերի գանձումը կատարվում է «հասարակ մահկանացու» բնակիչներից, որոնց համար տան լոգարանում լողանալն էլ արդեն հազվադեպ հաճույք է դարձել։ Համոզված ենք, որ նման իրավիճակ է տիրում հանրապետության բոլոր քաղաքներում, որտեղ արտոնյալ խավի քմահաճույքով խմելու ջրի հսկայական պաշարների կորուստ է տեղի ունենում։ Իսկ եթե վերոհիշյալին ավելացնենք նաեւ այն, որ Աբովյանում գտնվող 2 բուժհիմնարկները՝ հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերը եւ կենտրոնական հիվանդանոցը զրկված են կանոնավոր ջրամատակարարումից, ապա պարզ կդառնա, թե ուր կարող են հասցնել ամենաթողությունն ու անպատժելիությունը։ ԼԻԱՆԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031