Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Սեպտեմբեր 04,2001 00:00

«ԱԿՆԹԱՐԹՆԵՐ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԵՏ» Հարցազրույց Սոֆի Դեւոյանի հետ – Տիկին Դեւոյան, շուտով հանդիսատեսի դատին կհանձնեք «Շառլ Ազնավուր» բեմադրությունը։ Ինչպե՞ս ծնվեց այդ բեմադրության մտահղացումը։ – Մտահղացումը ծնվել էր շատ վաղուց։ Տարիներ առաջ, երբ երեւանյան բեմերից մեկում երեխայի իմ մանկական աչքերով ես առաջին անգամ տեսա Շառլ Ազնավուրին, նա դարձավ առեղծվածային մի գաղտնիք եւ գերեց ինձ։ Այդ հանդիպումից հետո տարիներ շարունակ ես լսում էի նրա ձայնագրությունները, կարդում էի նրա բանաստեղծությունները եւ այն ամենը, ինչն առնչվում էր նրա հետ։ Կարդացի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքը, սկսեցի տարբեր ինֆորմացիաներ հավաքել եւ հասկացա, որ շատ բարդ գործ է փորձել Շառլի մասին ինչ-որ բան անել, քանի որ նա իրոք մեծություն է։ Բայց ինքս ինձ համոզեցի, որ եթե դա իմ մեծ սիրո դրսեւորումն է դեպի այդ տաղանդաշատ անձը, ուրեմն ես իրավունք ունեմ փորձել այն ամենն, ինչ ուզում եմ։ Եվ ուրախալի է, որ այդ հաճելի «հիվանդությամբ» հիմա տառապում է ամբողջ իմ թատրոնը։ Եվ եթե նրանք նախկինում քիչ բան գիտեին Ազնավուրի մասին, ապա այժմ ակտիվորեն հետաքրքրվում են նրանով, ինչն ինձ հուզում եւ հաճույք է պատճառում, քանի որ նախապատրաստական մեր աշխատանքը մի ամբողջական ստեղծագործական պրոցես է։ – Մի փոքր պատմեք, խնդրեմ, այդ ներկայացման մասին։ – Ես որոշեցի դնել մի ներկայացում, որը կոչվում է «Ակնթարթներ Շառլ Ազնավուրի հետ»։ Եվ քանի որ Ազնավուրին լիովին ներկայացնելն անհնար է, ես որոշեցի ցույց տալ նրա ներաշխարհի որոշ շտրիխները՝ 1. Ազնավուր-բանականություն, 2. Ազնավուր-հոգի, 3. Ազնավուր-մարմին, նրա կյանքից փոքրիկ էտապներ, ստեղծագործական ուղու սկիզբն ու փառքի գագաթնակետի պահը, հատված Փարիզյան բուլվարից, հանդիպումն Էդիտ Պիաֆի հետ եւ այլն։ Մանրամասները թող անակնկալ լինեն հանդիսատեսի համար, որոնց սպասում ենք Օպերայի եւ բալետի թատրոնում։ Ի դեպ, պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 24-ին եւ այդ ժամանակ Երեւանում կլինի նաեւ Շառլ Ազնավուրը, որն իր ներկայությամբ հաճելի այլ անակնկալներ էլ կմատուցի մեր հանդիսատեսին։ Ի դեպ, կհնչի բացառապես ազնավուրյան երաժշտություն։ – Բեմադրությունը նվիրվա՞ծ է արդյոք քրիստոնեության 1700-ամյակին։ – Այն ամենն, ինչ ես անում եմ՝ իմ մեծ սերն է մեծ վարպետի հանդեպ։ Ես ուզում եմ նշել, որ քրիստոնեությանը նվիրված բեմադրություններ արել եմ դեռեւս այն ժամանակ, երբ դեռ ոչ ոք նման մտահղացումներ չուներ։ Դա 1992, 93, 94 թվականներին էր, երբ ես բեմադրեցի «Կոմիտաս», «Ամարաս», «Մոդեռն ընդդիմություն» ներկայացումները, որոնք հատուկ նվիրված էին քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Ես գտնում եմ, որ ամեն ինչ իր ժամանակին պարտադիր գնահատվում է եւ ոչ մի գործ անիմաստ չի կորչում։ – «Շառլ Ազնավուր» բեմադրությանը, բացի թատրոնի սաներից, մասնակցո՞ւմ են արդյոք հրավիրված դերասաններ։ – Բեմադրությանը մասնակցելու համար ես ընտրել եւ հրավիրել եմ որոշ լավագույն ուժերի եւ ուզում եմ, որ նրանք էլ զգան Շառլին։ Բեմադրությանը կմասնակցեն իմ թատրոնի լավագույն ուժերը, կլինեն նաեւ «ստեպ» պարողներ եւ պարահանդեսային պարերի զույգ։ Ի դեպ, ներկայացման պրեմիերային իր իսկ բեմադրած պարով կմասնակցի նաեւ ամերիկյան դեսպանատան աշխատակցուհի Բարիո Ստեյսին, որը հրաշալի գիտե ջազ երաժշտություն եւ ժամանակակից պարեր։ – Իսկ ովքե՞ր են ընդգրկված բեմադրության ստեղծագործական խմբում։ – Հետաքրքիր ստեղծագործական խումբ է։ Երաժշտությունը հավաքում է իմ ամուսինը՝ Մարտիրոս Մարտիրոսյանը։ Բեմադրության սցենարի հեղինակը Զավեն Հարությունյանն է, նախագծի պրոդյուսերը՝ «Առէքսիմբանկի» կառավարիչ Արմեն Խանդկարյանն է, որը գնահատելով մեր աշխատանքը, որոշեց օգնել եւ աջակցել մեզ։ Բեմադրության գեղարվեստական ղեկավարն ու բեմադրիչը ես եմ։ Նշեմ նաեւ, որ բեմադրության բոլոր զգեստների ընտրությունը եւս իմն է։ – Առաջիկայում կա՞ն արդյոք այլ նախագծեր։ – Այո, նախագծերը շատ-շատ են։ Առաջիկայում մտադիր եմ մանկական ներկայացում հանձնել, ինչպես նաեւ պատրաստվում եմ բեմադրել ռոք-օպերա։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930