Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿՓՐԿԻ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ

Հոկտեմբեր 05,2001 00:00

Ո՞Վ ԿՓՐԿԻ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ Արդեն փաստ է, որ մեր երկրում ձեւավորված է կլանային քաղաքական համակարգ, որն արդյունք է կլանային տնտեսական համակարգի։ Ժողովրդական լեզվով ասած՝ «Ձուկը գլխից է հոտում», բայց այն պոչից են մաքրում։ Այս տրամաբանության շրջանակներում էր Կանանց հանրապետական խորհրդի եւ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության՝ ԱՕԿՍ-ում հրավիրված կլոր սեղանը՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրներին։ Հռոմն ուժեղ էր իր պրովինցիաներով, մինչդեռ մեզ մոտ տեղական ինքնակառավարման մարմինները երրորդական կարգի իշխանություն են համարվում։ Խնդիրն այն է, որ ձեւավորված կառավարման համակարգում նշանակովի պաշտոնյան իրեն համարում է «իշխանություններին մոտ կանգնած» մարդ, ընտրովի պաշտոններ զբաղեցնողները կազմում են երրորդ կարգի պաշտոնյաները։ Դա, փաստորեն, ամրագրվում է օրենսդրորեն, քանզի «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքով հստակ եւ բավարար լիազորություններ չեն տրվում այդ մարմիններին, ուստի վերանում է պաշտոնավարելու շահագրգռությունը, արդյունքում՝ կառավարման որոշակի ցենզեր չունեցող մարդիկ «անունի խաթեր» ընտրվում են այդ պաշտոններում։ Մեր պատկերացրած գյուղապետերի ինստիտուտին փոխարինում են քյոխվաները։ Երկրում ստացվում է հետեւյալ համակարգը՝ ժողովուրդը փորձում է ապրել, տեղական ինքնակառավարման մարմինները փորձում են կամ չեն փորձում կառավարել այդ ժողովրդին, ՀԿ-ները իրենց համար աշխատում-խոսում՝ փորձում են երկխոսության մեջ մտնել հերթական իշխանության հետ։ Այս ամենի հիման վրա հերթական իշխանության, ըստ ամենայնի, ոչ թե փորձում է, այլ համառորեն իր գործն է առաջ տանում։ Կլոր սեղանի մասնակից ՀԿ-ները այս առնչությամբ իրենց մտահոգությունները ներկայացրին միջոցառման մասնակից ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին։ Ասացին-խոսեցին, տվին-առան, դրին- վերցրին՝ որոշեցին. «Մեր երկրի փրկությունը կախված է ՀԿ-ներից. միայն եթե նրանք պետբյուջեից ֆինանսավորվեն, որպեսզի դրսի փողերին աչք չտնկեն եւ «պատվեր» չկատարեն»։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել