Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 5-ին նախագահ Քոչարյանի հերթական իմպրովիզացիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ խորամանկություն

Հոկտեմբեր 09,2001 00:00

ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴ ԵՎ ԽԱԲԿԱՆՔ Սեպտեմբերի 5-ին նախագահ Քոչարյանի հերթական իմպրովիզացիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ խորամանկությունը (որով նա, անշուշտ, օժտված է) եւ խելամտությունը տարբեր բաներ են: Բայց սկսեմ նախագահի այն մտքից, որի հետ համաձայն եմ: Լուրջ ընդդիմություն լինելը նշանակում է ամենօրյա մեթոդական աշխատանք երկու հիմնական ուղղություններով՝ կազմակերպչական (կուսակցության տեղական կառույցների ստեղծում ու հզորացում) եւ քաղաքական (վերլուծություններ, այլընտրական քայլերի եւ ծրագրերի մշակում, հանդիպումներ, հանրահավաքներ, ելույթներ ԶԼՄ-ներում): Այդ աշխատանքի պսակը պետք է լինեն տարբեր մակարդակի հերթական ընտրությունները՝ եթե դու ազդեցիկ ընդդիմություն ես, ապա չպիտի թույլ տաս, որ ընտրությունները կեղծվեն: Անընդհատ «իմպիչմենտ» գոռալով, բայց այն չիրականացնելով, ընդդիմությունը միայն կորցնում է իր քաղաքական կշիռը: Կոտայքի մարզում Քոչարյանն արտահայտեց նաեւ մտքեր, որոնք, թեեւ չափազանց վիճելի են, բայց մեծ հաշվով էական չեն: Խնդիրն այն է, որ ներկայիս նախագահը ինչ-որ բարդույթներ ունի՝ բոլոր հարցերում նախկինների հետ համեմատվելու եւ իր առավելությունները շեշտելու: Այդ բարդույթով են բացատրվում հետեւյալ մտքերը (եթե այլասացությունները մի կողմ թողնենք). իմ թիկնապահները Լեւոնի թիկնապահներից լավն են, իմ օրոք սեփականաշնորհումը ճիշտ էր անցկացվում, ինձնից առաջ՝ սխալ, հենց որ ես ընտրվեցի նախագահ, տնտեսական աճ գրանցվեց: Չափից դուրս անկեղծ էր Քոչարյանի՝ 99-ի մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների, որտեղ հաղթանակ տարավ «Միասնություն» դաշինքը, գնահատականը: Այդ ընտրությունները, ըստ նախագահի, «որոշ մտահոգություններ առաջացրեցին»: Պետք է ենթադրել, որ վարչական եւ տնտեսական լծակները կորցնելու Քոչարյանի մտահոգությունները վերացան նույն թվականի հոկտեմբերի 27-ից հետո: Ինքնագովազդը եւ սեփական անձի եւ արածի ոչ ադեկվատ ընկալումը, որն առավել ակնհայտ էր ուրբաթ օրվա ելույթում, բացատրվում է, հավանաբար, օտար միջավայրում գավառացու ինքնահաստատման բնազդով: Սկզբունքային առումով այդ անձնական դրսեւորումները, կրկնում եմ, կարեւոր չեն՝ փպՎ ոօ ՊՌՑ255 վՌ ՑպՔՌսՏրՖ: Բազմիցս վկայակոչած «քաղաքական կուլտուրայի» տեսակետից զավեշտական էր, որ Քոչարյանը, ակնհայտորեն ուղղորդելով նախաքննությունը, «Առագաստ» սրճարանի դեպքը որակեց ամենաշատը իբրեւ իր թիկնապահների կողմից «իրավասությունների գերազանցում», բայց ոչ՝ որպես սպանություն: Քաղաքական եւ ընդհանուր կուլտուրան պահանջում էր նախագահից միջադեպի հաջորդ իսկ օրը ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ափսոսանք հայտնել, որ միջադեպը կապված է իր թիկնազորի հետ, եւ հրապարակավ խոստանալ, որ մեղավորները խստագույնս կպատժվեն: Փոխարենը նա խոսում է ռիսկի մասին. եթե նախագահը ինչ-որ տեղ է գնում, հնարավոր է, մի երկու հոգի էլ խփվեն՝ ի՞նչ է եղել որ: Դա հստակ «մեսիջ» է սեփական թիմին՝ եթե ինձ հավատարիմ եք, արեք, ինչ ուզում եք, ես ձեր մեջքին եմ: «Վախի մթնոլորտի» խնդիրն ավելի բարդ է: Իհարկե, մեր քաղաքական եւ «մտավորական» վերնախավը վախկոտ է ու հարմարվող: Բայց սխալ է դրա մեղքը բարդել միայն Քոչարյանի եւ նրա շրջապատի վրա: Վախը եւ ստրկամտությունը մարդկանց մեջ դաստիարակվել են առնվազն 7 տասնամյակների ընթացքում: Մի երկրում, որտեղ իշխանավորը (այդ թվում՝ կոլխոզի նախագահը եւ ռայկոմի քարտուղարը) երկար պատմական ժամանակահատվածում ընկալվում էին որպես «աղա» կամ «բեյ» եւ ոչ թե՝ որպես հարկատուների կողմից ժամանակավորապես վարձված մենեջեր, անհնարին է 10 տարում քաղաքացիական զգացմունքներ արթնացնել: Այլ բան է, որ Քոչարյանը ոչնչով չի նպաստում քաղաքացիական հասարակարգի ստեղծմանը, որովհետեւ ա/ նրան թվում է, որ իր թիմակիցների թողտվության պայմաններում ավելի հեշտ է իշխել, բ/ նա ուղն ու ծուծով այն՝ խորհրդային-ֆեոդալական համակարգից է, որտեղ տիրում են ստորացնելու եւ ստորացվելու, ոչ թե համագործակցելու հարաբերությունները: Վերջապես, քաղաքական կայունություն-տնտեսական աճ կապի մասին, որն իսկապես գոյություն ունի: Բայց այդ կապն այնպես չի գործում, որ ցանկացած հանրահավաքից կամ քննադատական ելույթից տնտեսական ցուցանիշներն ընկնեն: Արտասահմանյան ներդրողներին Արտաշես Գեղամյանը չէ, որ վախեցնում է, եւ Ալբերտ Բազեյանը չէ, որ խանգարում է: Պարզապես ցանկացած բիզնեսմեն հաշվարկ է անում՝ ինչպե՞ս են գործում տվյալ երկրի կոմունիկացիաները այլ պետությունների հետ, ունի՞ արդյոք այդ երկիրը կոնֆլիկտներ իր հարեւանների հետ, որոնք կարող են պատերազմի վերածվել: Ահա նման գործոններից է առաջին հերթին կախված տնտեսական բարգավաճումը: Բացառված է, որ նախագահը դա չի հասկանում: Պարզապես նրան հարմար է ասել՝ իմ հասցեին ոչ մի թթու խոսք չասեք, թե չէ տնտեսական աճ չի լինելու: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել