Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ՝ ՀՕԳՈՒՏ «ՕԳՈՍՏՈՍԻ»

Հունվար 09,2002 00:00

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ՝ ՀՕԳՈՒՏ «ՕԳՈՍՏՈՍԻ» Հունվարի 4-ին Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների տնտեսական դատարանում լսվեց «Չորրորդ իշխանություն» թերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի հայցն, ըստ էության, ընդդեմ պետական եկամուտների նախարարության: Գործակալությունը վիճարկում էր ՍՊԸ-ում անցկացված օրինախախտ ու օրինախեղդ եղած ստուգումների արդյունքում ծնված «շեդեւրը»՝ 8 միլիոնանոց ակտը, եւ պահանջում էր այն չեղյալ համարել: Գործի քննության այդ օրվա նիստը, փաստորեն, վճռորոշ դարձավ ոչ միայն կատարված ստուգումների օրինականության ու կազմված ակտի օրինաչափության ճշտման, այլեւ գործակալության՝ աշխատանքային բնականոն հուն վերադառնալու տեսանկյունից: Հունվարի 4-ի դատական նիստը սկսվեց ՊԵՆ-ի ներկայացուցիչների լրացուցիչ բացատրություններից եւ պարզաբանումներից, որոնցով վերջիններս փորձում էին փաստարկել ստուգման ակտի հիմնավորվածությունը: Դրանք իր հերթին մեջբերելով, «Օգոստոսի» ներկայացուցիչ փաստաբանը բավական փաստարկված կերպով ի չիք դարձրեց ՊԵՆ-ականների ջանքերը՝ ապացուցելով, որ կազմված ակտն անօրինական է, եւ, որ դրա համար հիմք հանդիսացած փաստարկները, մեղմ ասած, այնքան էլ «հիմք» չեն, ավելին՝ դրանք ձեռք են բերվել «Հարկերի մասին», նաեւ «ՀՀ-ում ստուգումների մասին» օրենքների խախտումներով: Երբ կողմերն իրենց փաստարկներն ու հակափաստարկները ներկայացրին, դատավոր Մաթեւոսյանն անդրադարձավ ՀՀ Գլխավոր դատախազության՝ սեպտեմբերի 5-ին ՊԵՆ-ին ուղղված այն գրությանը, որով վերջինս «Օգոստոս» գործակալության ստուգումների արդյունքում գործ էր կազմել եւ ուղարկել Գլխավոր դատախազություն՝ քրգործ հարուցելու համար: Ահավասիկ, հիշյալ գրության մեջ Գլխավոր դատախազությունը նշել էր, թե ՊԵՆ հետաքննության բաժնի կողմից նախապատրաստված նյութերը ՀՀ քրդատ. օրենսգրքի 17 հոդվածի պահանջների խախտումներով եւ թերի նախապատրաստված լինելու պատճառով վերադարձվում են նույն նախարարությանը: Դատավոր Մաթեւոսյանը թափանցիկ ակնարկներով համեմված հարցադրում ուղղեց ՊԵՆ ներկայացուցիչներին, թե՝ Գլխավոր դատախազությունն, ըստ էության, վերջիններիս կատարած աշխատանքին հստակ գնահատական է տվել, ըստ էության՝ անբավարար, ու հարցրեց, թե ՊԵՆ ներկայացուցիչները տեղյա՞կ են այդ գնահատականին: Ի պատասխան, ՊԵՆ-ի Իրավաբանական վարչության պետը կասկածի տակ առավ Գլխավոր դատախազության հիշյալ գրության հիմնավորվածությունը եւ դիմեց դատավոր Մաթեւոսյանին՝ «Ընթերցեք այն նորմը, որի վրա Գլխավոր դատախազությունը հղում է կատարել: Բերեք Քրդատօր.-ի 17 հոդվածը կարդանք, տեսնենք՝ դա ինչ կապ ունի գործի հետ: Անհասկանալի է այդ գրությունը եւ տարակարծություն կա: Այդ գրությունը տվյալ քաղգործի հետ այնքան էլ կապված չի: Թերություն ա եղել, կվերացնենք, գործը նորից կուղարկենք, ի՞նչ ա եղել»: «Դուք տարին լավ չեք սկսել: Քիչ առաջ դատարանին վերաբերող խնդիր էիք առաջադրում, հիմա խնդիր եք առաջադրում Գլխավոր դատախազության հետ կապված»,- ռեպլիկի կարգով վրա բերեց դատավոր Մաթեւոսյանը: Ի վերջո, կողմերի փաստարկները լսելուց եւ գործում առկա գրավոր ապացույցներն ուսումնասիրելուց հետո դատավոր Մաթեւոսյանն անցավ խորհրդակցական սենյակ, ապա՝ վերադառնալով հրապարակեց դատարանի վճիռը՝ բավարարել «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի դիմումը՝ ՊԵՆ-ի ստուգման ակտն անվավեր ճանաչելու մասին հայցը, եւ այն ճանաչել անվավեր: ՊԵՆ-ն, իհարկե, ժամանակ ունի մինչեւ հունվարի 19-ը լավ մտածելու եւ որոշելու՝ դիմե՞լ վճռաբեկ, թե՞… Դատի ավարտին մենք դիմեցինք «Օգոստոսի» հիմնադիր Շողեր Մաթեւոսյանին եւ խնդրեցինք գնահատել հրապարակված դատավճիռը: Տիկին Մաթեւոսյանն այդ առնչությամբ մասնավորապես ասաց. «Հաղթանակն, իհարկե, շատ հաճելի բան է, բայց խնդիրն այն է, որ այս իշխանությունների գոյության պարագայում նման դատավճիռն անսպասելի էր ու այդ տեսանկյունից, կարծում եմ, դեռ պետք է սպասել: Այդ դատավճիռը միայն ընդդիմադիր մամուլի հաղթանակն էր»: Անդրադառնալով մեր այն հարցին, թե ՊԵՆ-ն արդյոք դիմել է վճռաբեկ դատարան, տիկին Մաթեւոսյանը պատասխանեց՝ «Տեղյակ չեմ, բայցեւ չեմ կարծում, թե վերջինիս կողմից դա շատ խելամիտ քայլ կլինի: ՊԵՆ-ը պետք է շնորհակալ լինի դատավորից, ըստ էության, գործը կարճելու եւ չխորացնելու համար»: Ինչ վերաբերում է ստուգումների ու դրանից հետո չինովնիկական քաշքշուկների հետեւանքով հարկադիր պարապուրդի մատնված գործակալության կրած նյութական վնասների փոխհատուցման հնարավոր պահանջին՝ տիկին Մաթեւոսյանն ասաց, թե այդ հարցը դեռեւս վճռված չէ. «Որպես պետությունից փոխհատուցում պահանջելու նախադեպ՝ իհարկե, արժե անել, բայց միայն լավ մտածելուց հետո, քանի որ դա էլ է ժամանակ ու ծախսեր պահանջում: Ես կարող եմ դա ներել ու մոռանալ, բայց, կարծում եմ, պետությունն իր քայլերի համար, ընդհանրապես, պետք է պատասխանատու լինի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել