Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձնից հետո՝ թեկուզ անապատ»

Հունվար 09,2002 00:00

«Ինձնից հետո՝ թեկուզ անապատ» Ամեն անգամ հայ-վրացական սահմանը անցնելիս (մի քանի ավտոճանապարհ կա) մտածել եմ, թե ինչ հայի բախտ է, մեր կողմը ամայի, վրացականը՝ բերրի, անտառաշատ։ Հիմա եմ հասկանում, որ էլի խելքի հարց է։ Նրան, ինչ կատարվեց վերջին ամսում Հայաստանում (ինչպես եւ ամեն տարի), բացի «ոճրագործություն», «հանցագործություն», «վայրենություն» բառերից, այլ որակումներ չեմ կարող տալ։ Բոլորիս աչքի առջեւ մորթվում է հայոց բնությունը՝ մեկ օր տներում «լա-լա-լա» անելու համար, եւ բոլորս լռում ենք։ ՀՀ բնապահպանության նախարարն ասում է, որ աղքատ երկրում «էկոլոգիա» չի լինում (բայց էկոլոգիայի հարուստ նախարար լինում է- Ա. Ի.) եւ շարունակում է բարեհաջող մնալ պաշտոնում, որ հետո դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարի սոճիների ինչ-որ սանիտարական հատումների եւ ներմուծվող եղեւնիների մասին։ Սուտ է։ Սանիտարական հատումներ այնպիսի երկրում, ուր փշատերեւ ծառերը մատների վրա կհաշվես, չի լինում (ինձ թվում է, որ չի լինում նաեւ անտառաշատ երկրներում)։ Հայտնի է, որ նախագահ Շեւարդնաձեն արգելել է Վրաստանի ողջ տարածքում եղեւնիների հատումը։ Այնպես որ, հիմնականում սուտ է նաեւ ներմուծման մասին առասպելը։ Բոլորս գիտենք, որ սուտ է, բայց լռում ենք։ Լռում ենք ներքին հրճվանքով, որովհետեւ 12 եւ ավելի տարիներ «հայրենասիրությամբ զբաղվող» մտավորականությունը կասի՝ «սանիտարական հատումներ են», եւ չի քննադատի իշխանություններին հերթական շքանշանը ստանալու ակնկալիքով, ժողովրդի մի մասը ներքուստ կուրախանա (այդ թվում՝ նաեւ տողերիս հեղինակը) տանը տոնածառ ունենալու հեռանկարով, մյուս մասն էլ՝ փսլինքը կուլ տալով եւ մտքում հաշվելով սպասվող շահույթը, կացինն առած Հայաստանը դարձնում է «սանիտարական գոտի»՝ զոնա։ Ո՞ւր է մեր «արդեն կայացած» քաղաքացիական հասարակությունը՝ իր հազարավոր հասարակական կազմակերպություններով, այդ թվում՝ նաեւ տասնյակ բնապահպանականներով։ Հավանաբար տարբեր երկրներում գլոբալիզացիային, տարածաշրջանային եւ այլ հույժ կարեւոր խնդիրների նվիրված կոնֆերանսների են մասնակցում։ Կարծեմ Հայաստանում կա նաեւ Գրինփիսի մասնաճյուղ, որն էլ փոխանակ տարբեր ակցիաներ կատարելու, երեւի տիպիկ հայկական «պետականամետ», կառուցողական կեցվածք է ընդունել։ Ո՞ւր են երկրի եւ ողջ հայության ապագայի մասին մտածող ավանդական եւ նորաստեղծ կուսակցությունները։ Թե՞ քննադատելու դեպքում կզրկվեն սպասվելիք պորտֆելից (գուցե՝ հենց բնապահպանության նախարարի)։ Մի մասն էլ հողեր է ուզում, որ այստեղ ծառերը կտրեն-վերջացնեն, անցնեն «էրգիր»-ի անտառները ոչնչացնելուն եւ Վանա լիճը չորացնելուն։ Ո՞ւր են «ազգային» կապիտալի ներկայացուցիչները։ Ամեն մեկը իր կազինոյի, ռեստորանի կամ խանութի դիմաց մի հաստաբուն սոճի է դրել (երեւի «սպեցզակազ»), իսկ օբյեկտի ճակատը զարդարել թարմ ճյուղերով։ Անապագա, «իմաստուն» ժողովուրդ ենք, արժանի «Խոզն ու կաղնին» առակի հերոսին։ ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել