Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՑԵԼԻ ԿԵՏԵՐ»

Հունվար 09,2002 00:00

«ԽՈՑԵԼԻ ԿԵՏԵՐ» Հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի առջեւ սուսուփուս ընկրկելով իր արհեստավարժության ինքնահյուս առասպելը հօդս ցնդեցրած ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն այժմ փորձում է կատարվածը փոխհատուցել խոսքով՝ իշխանամետ մամուլին մեկը մյուսից շշմեցուցիչ բացահայտումներ ներկայացնելով երեւակայական սպանությունների եւ վտանգների մասին։ Նրա վերջին հայտնագործությունն էլ այն է, որ հհշամետ մամուլի պատճառով Կարեն Դեմիրճյանը հրաժարվեց իր թիկնապահներից։ Հիմնավորումը նախ այն է, թե ինքը հրահանգել էր այլ անձանց թույլ չտալ Կարեն Դեմիրճյանի հետ օգտվել նույն վերելակից, քանզի դա նրա համար խոցելի կետ էր։ Բայց այդ մասին գրվել էր մամուլում, Դեմիրճյանը զայրացել եւ խոստացել էր պատժել, եթե իմանա, որ որեւէ մեկին թույլ չեն տվել օգտվել այդ վերելակից. «Եվ այդ կետը շարունակեց մնալ խոցելի»։ Նրա հայտնագործած երկրորդ խոցելի կետն էլ ԱԺ-ի բակն էր, որտեղ ինքը թիկնապահներ էր կանգնեցնում։ Սակայն մամուլը դրա մասին էլ գրեց… Անվտանգության պանծալի սպայի՝ ընդդեմ հհշամետ մամուլի բողոքի հուժկու ձայնը միայն մի բան է անհեթեթ դարձնում. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ո՛չ վերելակում եղավ, ո՛չ էլ խորհրդարանի բակում։ Իսկ «խոցելի կետ» նիստերի դահլիճի անվտանգությունն ապահովելու առնչությամբ քաջարի Գուրգեն Եղիազարյանը կարծես ոչինչ չէր ձեռնարկել։ Նրա նորահնար վարկածը փլվում է նաեւ հայտնի մի հանգամանքով. ի վերջո, իր թիկնապահներից ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ից 2 ամիս առաջ հրաժարվել էր ոչ մամուլի որեւէ հրապարակման, այլ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Տիգրան Բալայանի եւ ԱԱՆ-ի տրամադրած թիկնազորի պետի ընդհարման պատճառով։ Իսկ մամուլում հոկտեմբերի 27-ից հետո իրոք հրապարակվեց ԱԱՆ-ի հետ պրն Բալայանի առնչությունների մասին։ Սակայն այս թեման պրն Եղիազարյանը, Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո խի՜ստ պետականամետ դարձած իր դիրքորոշման շնորհիվ, հաջողությամբ շրջանցում է։ Ինչպես նաեւ հաջողեցնում է ծպտուն անգամ չհանել այժմ բազմաթիվ ականատեսների աչքի առջեւ իշխանավորների սպասյակների կատարած սպանությունների վերաբերյալ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել