Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ՝ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ

Հունվար 09,2002 00:00

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ՝ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ Սեփականաշնորհման մասին շատ է գրվել ու խոսվել, սակայն այն այսօր էլ մնում է իբրեւ ոչ լրիվ ուշադրության արժանացած ոլորտ, չնայած այն բանին, որ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, մասնավորեցման ընթացքի վերահսկումը դրված է նախարարության վրա։ Քիչ չեն դեպքերը, երբ սեփականաշնորհման մասնակիցներից շատերը հայտնվել են կոտրած տաշտակի առջեւ՝ զրկվելով ձեռնարկությունների կառավարման եւ այլ տարրական իրավունքներից։ Կան դեպքեր էլ, երբ սեփականաշնորհված ընկերություններում չեն հրավիրվել բաժնետերերի ժողովներ եւ բաժնետերերի համար անհասանելի է եղել ձեռնարկություններում տիրող վիճակը, տնօրենները ձեռնարկությունների ակտիվների օտարման հարցում կայացրել են կամայական որոշումներ եւ այլն։ Օրենսդրության համաձայն, աշխատավորական կոլեկտիվին ուղղակի վաճառքի եղանակով որեւէ ձեռնարկության մասնավորեցման մասին կառավարության որոշումից հետո, պետական գույքի կառավարման նախարարությունը սեփականաշնորհվող ընկերության բաժնետոմսերը գնելու առաջարկություն է ներկայացնում աշխատավորական կոլեկտիվի անդամներին։ Այդ առաջարկությունը ստանալուց հետո, եթե աշխատավորական կոլեկտիվի անդամներն իրենց ընդհանուր ժողովում ձայների մեծամասնությամբ դրական որոշում են կայացնում, ապա ընկերությունը սեփականաշնորհվում է նրանց։ Իսկ այդ ժողովների կազմակերպումը դրված է ընկերությունների տնօրենների վրա։ Փաստորեն, շատ հնարավոր է, որ այն ընկերություններում, որտեղ տնօրենը եւ նրա կողմնակիցները կազմում են կոլեկտիվի անդամների ընդհանուր թվի կեսից պակասը, տնօրենը ցանկության դեպքում խոչընդոտի սեփականաշնորհման գործընթացին։ Մեր այս դիտարկմանը ի հակառակ՝ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության արտաքին կապերի եւ լրատվության բաժնից կարճառոտ պատասխանեցին, թե մասնավորեցման գործընթացը Հայաստանում մանրամասն կանոնակարգվում է «Պետական գույքի մասնավորեցման մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքներով, եւ «ընկերությունների մասին անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պարտականությունը դրված է համապատասխան ճյուղային նախարարությունների վրա», ինչը «իսպառ բացառում է տնօրենի ազդեցությունը գործընթացի վրա»։ Պետական գույքի կառավարման նախարարությունից տեղեկացանք նաեւ, որ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման համար ժողովի որոշումը անհրաժեշտ չէ եւ իբր «մասնավորեցման ընթացքի վրա տնօրենը որեւէ ազդեցություն ունենալ չի կարող, ուստի վերջինիս վերահսկելու անհրաժեշտություն էլ չկա»։ Այս հարցում, սակայն, չենք կարող համաձայնել ՊԳԿՆ-ից հայտնած կարծիքի հետ, քանի որ ժողովների կազմակերպման, աշխատավորական կոլեկտիվի անդամների գրանցման, ժողովը կայանալուց հետո կազմվող համապատասխան փաստաթղթերը՝ ստորագրված ու կնքված վիճակում ՊԳԿ նախարարություն ներկայացնելու բոլոր իրավասություններն ու հնարավորությունները միայն տնօրենին են վերապահված։ Իսկ վերջինս կոլեկտիվի ժողովում իրեն ոչ ձեռնտու ձայների համամասնություն նկատելու դեպքում մի՞թե չի կարող կամ հրաժարվել, կամ ձեռնպահ մնալ որեւէ փաստաթուղթ նախարարություն ներկայացնելուց։ Նախարարությունն էլ, բնականաբար, նշված փաստաթղթերը կիսատ-պռատ ստանալով կամ ժամանակին չստանալու դեպքում՝ ստիպված կարող է ձեռնարկության մասնավորեցումը չկայացած հայտարարել։ Այսքանից հետո մի՞թե չի ստացվում, որ այս եղանակով մասնավորեցումը ամբողջությամբ կախված է տնօրենների քմահաճույքից, որոնք ցանկության դեպքում կարող են ներկայացնել իրենց ձեռնտու փաստաթղթեր, որտեղ նշված կլինեն միայն կոլեկտիվի իրենց կողմնակից անդամների անունները։ Իսկ ՊԳԿՆ-ի արտաքին կապերի բաժնից շարունակում են պնդել, թե «ընկերությունների տնօրենները իրավասություններ չունեն», վկայակոչվում են նաեւ «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ունեցողներին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել