Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս եկեք, տեսեք՝ ի՞նչ վիճակի մեջ է ժողովուրդը»

Հունվար 09,2002 00:00

«Դուրս եկեք, տեսեք՝ ի՞նչ վիճակի մեջ է ժողովուրդը» ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղարն ընդդեմ նախագահի, նախագահամետների եւ նախարարների ՀԿԿ Վանաձորի քաղկոմը հին տարվա վերջին օրերին հրավիրել էր տարեվերջյան մամուլի ասուլիս, որը նվիրված էր երկրի սոցիալ-տնտեսական վիճակին։ Մինչ այդ հարցին անդրադառնալը, սակայն, քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը հանդես եկավ միջազգային իրավիճակի վերլուծությամբ, նշելով, որ տարվա հիմնական իրադարձությունը ԱՄՆ-ում կատարված ողբերգությունն էր։ Հանրապետության սոցիալական հարցերին անդրադառնալիս Ա. Ղուկասյանը նշեց, որ «այսօր ամենամեծ պրոբլեմը հանրապետության ղեկավարների կողմից տարվող արտաքին եւ ներքին քաղաքականությունն է» եւ վրդովմունք հայտնեց, թե ինչո՞ւ երկրի սոցիալական ծանր պայմաններում «նախագահը մի օր Վաշինգթոնում է, մի օր՝ Ճապոնիայում, մի օր՝ Ռուսաստանում։ Էդ ուղեւորությունների փողերը տային՝ ժողովրդի թոշակները կվճարվեին»։ Նոր տարվա նախօրյակին, դեկտեմբերի 20-ի դրությամբ նոյեմբերի չվճարված կենսաթոշակների կապակցությամբ, երբ մթերքների գինն օրեցօր թռիչք է ապրում, Ա. Ղուկասյանը կոչով դիմեց տեղական իշխանություններին. «Պարոն մարզպետ եւ քաղաքի իշխանություններ, դուրս եկեք, տեսեք՝ ի՞նչ վիճակի մեջ է ժողովուրդը։ Ե՞րբ են տալու էդ թոշակները»։ Քաղկոմի 1-ին քարտուղարը նաեւ մտահոգված էր Վանաձորի քիմգործարանի չաշխատելու հանգամանքով. «Հանրապետության նախագահը հայտարարում է, որ 44048 աշխատատեղեր են բացվել։ Որտեղի՞ց են այդ թվերը, եթե մեր քաղաքում տեսնում ենք, որ քիմգործարանը չի աշխատում։ Հո մենակ լենտը կտրելո՞վ չի»։ Վանաձորի իշխանությունների գործունեության վերաբերյալ էլ նշեց. «Քաղաքի պրոբլեմը հո մենակ աղբահանությո՞ւնը չի կամ տոնախմբությունները։ Սոված փորով ժողովրդին տոնախմբությունով խաբել կլինի՞»։ Ի դեպ, կոմկուսի ասուլիսից օրեր առաջ Վանաձորի քաղաքապետը հասարակական-քաղաքական կազմակերպությունների առջեւ հանդես էր եկել հաշվետվությամբ։ Այդ կապակցությամբ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի գնահատականը ստանալու հարցով ասուլիսի ժամանակ դիմեցինք Ա. Ղուկասյանին։ Ի պատասխան նա դժգոհեց, որ հաշվետվության ընթացքում ունկնդիրները հնարավորություն չեն ունեցել քաղաքապետին հարցեր տալու կամ հակափաստարկներ ներկայացնելու։ Ա. Ղուկասյանը դժգոհեց եւ նախարարներից (որոնք, ըստ նրա՝ «ժողովրդի հաշվին քաշերն ավելացնում են») եւ ավանդական նախագահամետ կուսակցություններից ու գործիչներից, եւ այն նախկին ընդդիմադիրներից, որոնք այսօր նախագահին սատարում են։ «Մի քանի տարի առաջ նրանք ընդդիմություն էին, այսօր նախագահին սատարում են»,- նշեց ելույթ ունեցողը՝ Դաշնակցության եւ ԱԻՄ-ի մասին խոսելիս։ Իսկ ռամկավարներից էլ դժգոհելով, թե նախապես հայտարարել են, որ ԱԺ գալիք ընտրություններում 5 տոկոսը հաղթահարելու են, զարմանքով հարցրեց. «Էդ ո՞նց եք հաղթահարելու։ Նախագահին գովելո՞վ», ու սպառնաց. «Չեք տեսնելու, 0,1 տոկոսն էլ չեք տեսնելու»։ Ասուլիսի ընթացքում մի «մուշտի» էլ հասավ ՀԿԿ-ից պոկված ՆԿԿ-ին (Նորացված կոմկուսին), որի անդամներից մեկը մամուլում հայտարարել էր, թե իրենք, որպես պետականամետ, պետք է կանգնեն երկրի ղեկավարի կողքին։ «Նախագահը բուրժուական հանրապետության ղեկավար է։ Եթե մենք նրան պաշտպանենք՝ ուրեմն մենք կոմունիստական դիրքերից դուրս ենք գալիս»,- պարզաբանեց ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 3-րդ քարտուղար Սամսոն Թադեւոսյանը, սակայն միաժամանակ ընդգծեց, որ իրենք նախագահին փոխելու պահանջ չեն ներկայացնում, քանի որ նախագահին փոխելով հարց չի լուծվի, պետք է համակարգը փոխվի։ Նշվեց նաեւ արտագաղթի, գործազրկության մասին։ Թե Ա. Ղուկասյանը եւ թե Ս. Թադեւոսյանը համոզված էին, որ ժողովրդին տնտեսական աճի վերաբերյալ կեղծ, իրականությանը չհամապատասխանող թվեր են մատուցվում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել