Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ

Հունվար 09,2002 00:00

ԿՅԱՆՔ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Աշխարհն աղքատացավ ու չնայած դրան, հարստացած մնաց։ Այլեւս մեզ հետ չէ Էդուարդ Աթայանը, որի անունից առաջ կամ հետո ասվելիք տիտղոսների շարքն ինքնին խոսուն է, քանի որ դրանցով գիտնականի ու մարդու կյանքի լայնահուն ընթացքը գոնե մասամբ ի ցույց է դրվում. բանասիրական գիտությունների թեկնածու, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, Հայկական փիլիսոփայական ակադեմիայի փոխպրեզիդենտ, Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրված գործիչ… Միեւնույն է, քիչ է։ Քիչ է, քանի որ բոլոր տիտղոսները չեն կարող ծածկել անսահման միտքն ու հոգին այն մարդու, որից բաժանվել ենք։ Չեն կարող պարզ դարձնել, թե նա ինչքան էր հարստացրել աշխարհն իր լինելով ու ինչքան աղքատացրեց իր հեռանալով։ Իր ուրվագծած ոլորտների ոլորտում անվերջ նորանոր ոլորտներ ընդգրկելով՝ Է. Աթայանն անցավ լեզվաբանությունից լեզվափիլիսոփայությանը, լեզվափիլիսոփայությունից՝ փիլիսոփայությանն ընդհանրապես, ստեղծագործության, ապա եւ պատմության փիլիսոփայությանը, նշանագիտությանը, հոգեբանությանը։ Եվ այդ ամենի վրա տարբեր բեկումներով թեւածում էր ազատության վեհագույն սկզբունքը, որը նրա համար երբեք վերացական հասկացություն չեղավ, այլ միշտ գոյություն ունեցավ միաժամանակ «որպես գաղափար եւ որպես իրականություն»։ Ազատությունը սոսկ ճանաչվող չէր, այլ ճանաչման ուղի եւ ճանաչողի բնութագիր։ Սահմանամերժ մտքի ազատության ոգով ապրեց, ստեղծագործեց եւ այդ ոգու սերմնացանը եղավ։ Իրականության կենսական սկզբունքը որդեգրելով՝ ստեղծեց իր կենսահաստատ դիալեկտիկայի ուսմունքը, աշխարհի գաղտնիքների անհամար դռներ բացեց իր ձուլած այդ կախարդական բանալիով, ինքը ընթացավ եւ իր ընթերցողներին իր հետ տարավ նույնականության ու բազմազանության հավերժական խաղի համատիեզերական պարուրագծով, աներեւակայելիորեն խորանալով տեսության մեջ՝ դրանից գործնական ելքեր մատնացույց արեց։ Իրեն շռայլորեն նվիրեց աշխարհի ու մարդու ճանաչմանը, նվիրեց աշխարհին ու իրեն շրջապատող մարդկանց՝ ոչինչ չպահելով միայն իր համար։ Իր այդ պարգեւներով հեղեղեց մեզ ու 70-ամյակից խորհրդանշական 40 օր առաջ հեռացավ. հոբելյանական հանդիսություններ չէր սիրում։ Մնացին նրա արյունակից ու թեեւ ոչ արյունակից, բայց ոգեկից հարազատները։ Մնաց բազմաթիվ գրքերում, հոդվածներում, զրույցներում ամփոփված իմաստության մի տաճար, որի ամեն մի քարը նաեւ մի լուսամուտ է, որից ամենախոր ու ամենաբարձր հեռուները թափանցող պայծառ լույս է հորդում, ամեն մի քարը նաեւ մի դուռ է, որից բացվում է աշխարհի յուրահատուկ ճանաչման մի նոր, դեռ չտրորված ճանապարհ։ Մնացին զուգահեռաբար ստեղծվող եւ իր կողմից դեռ ավարտված չհամարվող գրքեր։ Մեր մեջ մնացին ժպիտը, հայացքը, ձայնը… Մնացին թանկ, չափազանց թանկ հուշերը մեզ հարստացնող ու լիցքավորող հանդիպումների մասին։ Մնաց այն ճանապարհը, որ անցանք նրա հետ եւ այն ճանապարհը, որ անցնելու ենք արտաքուստ առանց նրա, բայց իրականում նրանից անբաժան՝ մեզ հետ տանելով նրա խրախուսանքն ու օրհնությունը։ Էդուարդ Աթայանի կյանքի երկրային շրջանը լրացավ, բայց վերջակետ չկա, ինչպես որ, ըստ հեղինակային մտահղացման, չկա նրա գրքերից մեկի վերջում։ Դեռ քանի՜-քանիսին ապագայում է սպասում հանդիպումը Է. Աթայանի աշխարհի հետ։ Դեռ քանի՜-քանիսի համար պիտի հայտնություն լինեն նրա մտքերը։ Դեռ քանի՜-քանիսը նրա առաջնորդությամբ պիտի սովորեն սավառնել ճանաչողության երկինքներում։ Դեռ քանի՜-քանիսը պիտի նախանձեն մեզ, որ Է. Աթայանի գրքերը մեզ չեն զարմացրել, քանի որ բախտ ենք ունեցել ճանաչել նրան ու նրանից այլ բան չենք էլ սպասել, եւ մեզ համար բնական են եղել նրա մտքի անկաշկանդ սլացքն ու շլացուցիչ փայլատակումները, ճանաչման, սիրո եւ ազատության հուրը իր մեջ ամփոփող հոգու պոռթկումները։ Այո՛, արտոնյալ ենք եղել, իսկ այդ արտոնությունը նաեւ սրբազան պարտավորություն է։ Մեզնից՝ նրան մեր հարազատը համարողներից, ամեն մեկը, ինչքան էլ որ շարունակի առաջ գնալ կյանքի ճանապարհով, տանելու է իր հետ այն, ինչը նա ստեղծել է, ինչը նա տվել է մեզ։ Դա մեր երբեւէ անմարելի պարտքն է, որը հանձն ենք առնում մորմոքով, բայց պատրաստակամորեն։ Դա է այն ամենաշատը եւ միաժամանակ այն ամենաքիչը, որ մենք այսօր ու այսուհետ կարող ենք անել Ուսուցչի ու Բարեկամի համար։ ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել