Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկական աշխարհը»՝ հերթական զոհ

Հունվար 09,2002 00:00

«Մանկական աշխարհը»՝ հերթական զոհ «Մեր խանութի պատմությունն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել։ Անցյալ տարվա սեպտեմբերից պարզապես խաղ են անում մեր աշխատակիցների հետ եւ վերջապես սեպտեմբերին որոշեցին, որ խանութը կարող են գնել ուղղակի վաճառքի տեսքով, սակայն գումար չհայթայթելու պատճառով ուրիշ պայմաններ առաջարկեցին եւ ուրիշ գնորդ ի հայտ եկավ, որը, ինչ-ինչ պատճառներով, իրեն ավելի հարմար պայմանագիր կնքեց ու դարձավ այս խանութի սեփականատերը եւ այսօր առանց որեւիցե զգուշացման ուղարկել են օրգանի աշխատողին առանց փաստաթղթի, առանց դատավճռի, որն էլ թույլ չի տվել հանրախանութը բացել»,- լրագրողներին տեղեկացրեց խանութի տնօրեն Ալվարդ Ավոյանը։ Հանրախանութի շենքը 3 անգամ աճուրդի է հանվել։ Երկու անգամ աճուրդը չի կայացել, իսկ արդեն երրորդ անգամ քաղաքապետարանը այն վաճառել է 900000 դոլարով, մինչդեռ Հյուսիսային պողոտայի յուրաքանչյուր քառակուսի մետրը վաճառվում է 650 դոլարով, իսկ խանութի տարածքը 10000 քմ է։ Հանրախանութն այժմ պատկանում է Մոսկվայի հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանին, որի հետ բանավիճելու նպատակով հանդիպում են պահանջում հանրախանութի աշխատակիցները, սակայն քաղաքապետարանը չի թույլատրում, պատճառաբանելով, որ իրենք են վաճառքը կատարել։ Ինչպես պնդում էր տիկին Ավոյանը, կառավարությունն իրենց խանութի համար հինգ անգամ որոշում է ընդունել։ Նշենք, որ աշխատակիցները դիմել են դատարան, հույս ունենալով, որ գուցե դատարանը հօգուտ իրենց որոշում կայացնի։ Աշխատակիցները խնդրում են մինչեւ դատարանի որոշում կայացնելը իրենց հանգիստ թողնել, չնայած նրանք տեղեկացված են եղել, որ իրավունք ունեն աշխատելու մինչեւ հունվարի 5-ը։ Հունվարի 7-ին հանրախանութի ներկայացուցիչները հանդիպել են քաղաքապետարանի ներդրումների վարչության պետի հետ եւ խնդրել, որ աշխատատեղերով ապահովեն իրենց։ Սակայն հաջորդ օրը նրանք պարզապես բլոկադայի են ենթարկվել. շենքն ամբողջովին հոսանքազրկվել է, ներքին գործերի աշխատակիցները ոչ մեկին ներս չեն թողել։ Ներսի որեւէ ապրանքի անհետանալու պարագայում, ըստ նրանց, ոչ մեկը պատասխանատու չէ, չնայած այն բանին, որ խանութի 13 պահակները ներսում են եւ հսկում են բաժինները։ Տիկին Ավոյանը պնդում է, որ խանութի 100 աշխատակիցներն այսօր պատրաստ են գիշերելու խանութում, քանի որ 40-50 տարվա աշխատողներն այսօր ձեռնունայն պետք է հեռանան առանց ակնկալիքների։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել