Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-Ի ՆՎԵՐԸ

Հունվար 09,2002 00:00

ՆԳՆ-Ի ՆՎԵՐԸ Վարորդներին ամանորի նվեր է արել ՆԳՆ-ն եւ Պետավտոտեսչությունը։ Հունվարի մեկից ճանապարհաերթեւեկային կանոնները խախտած վարորդներին գիտելիքների ստուգման կուղարկեն միայն մեկ դեպքում՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար։ Այս մասին մեզ երեկ ուրախությամբ տեղեկացրեց ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ «Աքիլլեսը» նամակով դիմել էր ՆԳ նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի հիման վրա են խախտումներ կատարած վարորդներին ուղարկում, այսպես ասած՝ գիտելիքների ստուգման։ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում նման բան նախատեսված չէ, իսկ ՆԳՆ-ի այս առնչությամբ եղած հրահանգով նախատեսվում է նման քննության ուղարկել միայն հարբած վիճակում մեքենա վարողներին։ Սակայն իրականում գիտելիքների ստուգման ուղարկելու պատժամիջոցը կիրառվում է նաեւ այլ դեպքերում, ասենք, երբ վարորդը մի քանի անգամ խախտում է ճանապարհաերթեւեկային կանոնները կամ այլ կոպիտ խախտումների դեպքում։ «Աքիլլեսի» կարծիքով՝ խախտումների համար վարորդներն արդեն պատասխան տալիս են օրենքով սահմանված կարգով (տուգանք են վճարում), իսկ գիտելիքների ստուգման ուղարկելու համար օրինական հիմք չկա, այնպես որ, դա անօրինական է արվում։ «Աքիլլեսի» նամակին պատասխանել են Երեւանի քաղաքային պետավտոտեսչությունից եւ հավաստիացրել, որ 2002թ. հունվարի 1-ից քննության կուղարկվեն միայն հարբածության դեպքում, ինչպես եւ կարգով նախատեսված է։ Պարոն Հովհաննիսյանը լավատես էր, որ իրենց համագործակցությունը ՆԳՆ-ի հետ կստացվի։ Համենայնդեպս, երկուստեք հավաստիացումներ եղել են։ Իսկ այն ավտովարորդները, որոնց իրավունքները կոտնահարեն ավտոտեսուչները, պարոն Հովհաննիսյանն առաջարկեց, որ դիմեն «Աքիլլեսի» օգնությանը։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել