Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԷԻՆՔ՝ ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԸ

Հունվար 11,2002 00:00

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԷԻՆՔ՝ ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՍԸ Կամ տուր զորություն, փորձիր հավատ Վերջերս Արտաշատի պետական թատրոնը ներկայացրեց Լեւոն Մարգարյանի «Փշրվող մարտակառքեր» կամ «Տրդատ Մեծ» պատմական դրաման։ Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների ցուցակում դրաման արժանի տեղ էր գրավել, սակայն հետագայում դուրս էր թողնվել։ Չփնտրենք ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերին պատասխաններ, այլ փաստենք՝ հանգամանքը չէր խանգարել բեմադրիչին՝ Հայկ Մնացականյանին ու ողջ թատերախմբին (առանց միջոցների) սկսած գործն ավարտին հասցնել։ Դրաման ոչ միայն հետաքրքիր, արդիական գործ է, այլեւ պատմական անցյալի լավագույն արտացոլանքը պետք է համարվի։ Աշխատանքը գրվել է 25-27 տարի առաջ։ Հանգամանք, որ պայմանավորեց հանդիպումս հեղինակի հետ։ Լ. Մարգարյանն իրեն դրամատուրգ չի համարում, ավելի շատ մանկավարժ է, քան լրագրող. պարզապես ասելիք ունի։ Այդուհանդերձ պնդում է, որ իրենից առաջ ամեն ինչ ասվել է։ Ի՞նչն էր այն տարիներին ստիպել հեղինակին անդրադառնալ հատկապես Տրդատ Երրորդին, ինչո՞ւ գործը ժամանակին չի հրատարակել եւ մի շարք հարցերով դիմեցի Լեւոն Մարգարյանին։ – Կարծում եմ, Հայաստանի ամենահզոր շրջանը եղել է Տրդատ Երրորդի ժամանակ (եւ ոչ՝ Տիգրան Մեծի), երբ նա երկու ճակատով էր մարտնչում՝ Հռոմի եւ Պարսկաստանի դեմ։ Չեմ ընդունում Տրդատի անունը նսեմացնող խոզի առասպելը, մեկը պետք է ասեր այդ մասին. ուրեմն եկեք հավատանք նաեւ, որ Փոքր Մհերն Ագռավաքարում է եւ Փարվանա լիճն էլ արքայադստեր արցունքներից է գոյացել։ Մեր պատմագրության հիմնական առանցքը դավաճանությունն է, ես դա ժխտում եմ։ Իմ խնդիրն էր՝ դավաճանությունը դուրս մղել։ Գոյություն ունեն անհատականություններ, հակասություններ, բախումներ, որոնց հետ համաձայնում կամ չենք համաձայնում, բայց ոչ դավաճանություն։ Գոյություն ունի պատմական ժամանակաշրջան, արտաքին ու ներքին ճնշումներ։ – Հեթանոսությունը ինչո՞ւ նահանջեց, սպառե՞լ էր իրեն, եւ ինչո՞վ էր պայմանավորված քրիստոնեության հաջողությունը։ – Քրմերը չմասսայականացրին գիրը։ Նրանք ոչնչացրին մեհյանական գրերը, որպեսզի չընկներ ամբոխի ձեռքը։ Գիրն ամբոխի կերակուր չէին համարում։ Դա էլ կործանեց նրանց, բացի այդ, հին աստվածներն այնքան էին մարդկայնացել, որ առեղծվածը չկար։ Ժողովրդին իշխելու համար առեղծված է պետք։ Հռոմը հեղեղվել էր քրիստոնյա խառնամբոխով։ Տրդատն ասում էր՝ ամբոխի կրքերը դիմագրավելը դժվար է, արշավող նախրի առջեւ առյուծն անգամ անկարող է, պետք է առաջնորդ կարգել մեկին։ Ու նա գտավ Գրիգորին, որպեսզի կոտորած, ավերածություններ չլինեին։ Քրիստոնեությունն ընդունելու գործում մեծ դեր խաղացին ազնվական ընտանիքների կանայք, քանի որ նոր կրոնը միակնություն էր պարտադրում։ Քրիստոնեությունը հաստատվեց, կարճ ժամանակում գոյացավ նոր ունեւոր խավը՝ հոգեւոր ֆեոդալը, արագ վերածվեց ընդդիմության եւ, դար էլ չանցած, ընկավ հայոց պետականությունը։ Չեմ ցանկանում ասել, թե քրիստոնեությունը վնասել է, այն հետագայում՝ միջին դարերում ազգապահպան մեծ գործունեություն է ծավալել, բայց պետականության ոչնչացման գործում մեծ էր եկեղեցու դերը։ Զանազանե՛նք հավատն ու հոգեւոր դասը։ – Դրամայով ի՞նչ էիք ուզում ասել։ – Տրդատն ասում է՝ Հռոմը կործանվում է, չմնանք փլատակների տակ։ Գործը գրել եմ 1976-ին՝ Խորհրդային Կայսրության լավագույն ժամանակաշրջանում։ Նրա կործանումը մեր նախնիները հուշում էին։ Հար եւ նման եկավ 1988թ., մենք գործադուլներ արեցինք այն էշի նման, որ իրեն քարափից գցում է՝ միայն տիրոջը վնաս տալու համար։ Այս մասին հիմա չէ, որ ասում եմ, ասել եմ նաեւ 1988-ին։ – Ինչո՞ւ ժամանակին պիեսը չեք տպագրել։ – Ես ծույլ մարդ եմ։ – Ձեր գրադարակում չհրապարակված գործեր կա՞ն։ – Կան՝ «Դաշինք կրակի հետ» աշխատանքը բեմադրվել է 1988 թվին՝ ռադիոյով։ Կան սկսած եւ չավարտված, ավարտուն ու չսկսած գործեր։ «Պապ թագավորը» կիսատ է, ամբողջացված է՝ «Դիմակներ՝ առանց գրիմի»։ – Պատմական թեմաները հոգեհարազա՞տ են։ – Պատմությունը միայն թվեր, անուններ, իրադարձություններ չեն։ Պատմությունը դասագիրք է ու տրամաբանություն։ Տարբեր ժամանակների համադրումը հուշում է ներկան ճիշտ կառուցել։ Սխալն անգիտությունից է։ Շտկելու համար անվերջ ժամանակ է պետք. եւ հարց է՝ կարո՞ղ ենք շտկել։ – Ձեր տեսակը։ – Ոչ օպտիմիստ եւ ոչ հոռետես, միայն լինել հեռատես։ Այսօր օպտիմիստ լինելը խաբեություն է, հոռետեսը՝ դասալքություն, ճիշտը իրատեսն է։ – «Տրդատ Մեծի» բեմականացումը ձեզ գոհացրեց։ Սովորաբար հեղինակ-ռեժիսոր հարաբերությունը շատ բարդ է. այս պարագայում՝ խոսուն ու ջերմ էր։ – Հաշվի առնելով թատրոնի պայմանները, ես ներողամիտ եմ։ Չնայած հապճեպությանը, գործը ստացվել է։ Աղքատիկ միջոցներով, նույն պարագաներով, անփոփոխ բեմով ասելիքն ամբողջացված էր։ Անշուշտ, ռեժիսորն իր վերաբերմունքն ունի, արված փոփոխությունները հոգեհարազատ էին պիեսին, միայն չարաշահվել էր հնչեղությունը՝ կապված 1700-ամյակի հետ, իսկ վերջինիս լավագույն բանաձեւը տվեց Վարդան Պետրոսյանը («Խաղում ենք 1700») եւ իրականացրեց Խոսրով Հարությունյանը։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել