Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՄԱՏՆԵՐԸ ՋԱՐԴՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ

Հունվար 23,2002 00:00

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՄԱՏՆԵՐԸ ՋԱՐԴՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ «Անզգույշ» սպանության հետքերով 1998 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Պողոս Պողոսյանը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական աշխատանքների ակտիվ մասնակիցն է եղել եւ շատ բան է արել վերջինիս նախագահ դարձնելու համար։ Սակայն նախագահ դառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը փաստորեն չներեց ընդամենը՝ «Բարեւ, Ռոբ» անմեղ արտահայտությունը։ ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի տիկինը, Զոյա Ուստյան-Պողոսյանը բացառիկ հարցազրույց տվեց մեր թերթին։ Զոյա Պողոսյանը մասնագիտությամբ կենսաբան է եւ աշխատում է գյուղի դպրոցում։ Նա Հայաստանում է գտնվում երկու պատճառով. նախ՝ մտադիր է հանդիպել ՀՅԴ ղեկավարությանը եւ պարզել՝ կուսակցությունը հետեւողական լինելո՞ւ է իր ամուսնու սպանության ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։ Երկրորդ՝ Ջավախքի Ջիգրաշեն գյուղում հայ համայնքը միայն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դիտելու հնարավորություն ունի, իսկ վերջինս Պ. Պողոսյանի սպանության առիթով ընթացող դատավարությունը պարզապես չի լուսաբանում։ Զոյա Պողոսյանը մի քանի օր է Երեւանում հետեւում է դատավարությանը եւ բազմաթիվ անճշտություններ է բացահայտել։ Նա համոզված է, որ ամուսինը սպանվել է կոպիտ բռնությունների հետեւանքով։ Պ. Պողոսյանի դին Ջավախք տեղափոխելու առաջին օրը հարազատները նրա դեմքին բռնության նշաններ չեն նկատել. «Սակայն երկրորդ օրը պարզ երեւում էին բռունցքների տեղերը եւ շլանգով թե ինչով քաշված կարմիր գիծը եւ բկի ուռածությունը լավ արտահայտված էր։ Ես ծանոթացել եմ նախաքննության արդյունքներին, դատաբժշկական փորձաքննության նյութերի մեջ գրված է, թե ինքն ամբողջ կյանքում տառապել է թքագեղձերի ադենոմայով։ Ես 20 տարուց ավելի նրա հետ ապրել եմ, բայց Պողոսի մոտ ոչ մի հիվանդություն չեմ տեսել։ Եվ թքագեղձի ադենոման ուրիշ բան է, այդ ուռածությունը ուրիշ բան է։ Ախր, շլանգը գցել են, քաշել են, արյունը հավաքվել է, լերդացել է։ Եվ հետո, ճակատին խփածը երկու ուղիղ, խորը գծեր են։ Ես ատրճանակ չեմ տեսել, բայց բոլոր տեսնողներն էլ ասացին, որ դա ատրճանակի կոթով խփած է։ Ես ձեռք տվեցի ճակատին, տեսա, որ ոսկորը ջարդված է, փափուկ-փափուկ էր։ Մատները եւս ջարդված էին։ Էդ թիկնապահները ոչ մի մարդկային հատկանիշ չունեն, ջարդել են մարդուն։ Պողոսի մարմինը այնպիսի վիճակում էր, որ հրելու հետեւանքով նման բան չի լինում»։ Զոյա Պողոսյանը ասաց, որ «ոչ նախագահ Քոչարյանը, ոչ էլ որեւէ այլ իշխանավոր ցավակցական հեռագիր չեն հղել» սպանվածի հարազատներին. «գոնե իրենց մեղքը մեղմելու համար» այդ բանն անեին։ Դեպքի օրը Պողոս Պողոսյանի մոտ եղել է բջջային հեռախոսը, ավտոմեքենայի բանալին եւ մոտ վեց հազար դոլար գումար, որն ինքը ստացել էր բարեգործական աշխատանքների համար։ Մինչեւ այսօր այդ գումարը չի վերադարձվել հարազատներին։ Կնոջ վկայությամբ, Պողոս Պողոսյանը «շատ բարեսիրտ, բարեհոգի, ժպտադեմ անձնավորություն էր։ Ինչքան էլ ես ջղայնացած լինեի, ինքը որ ներս էր մտնում, ես հանդարտվում էի։ Իր դեմքին միշտ ժպիտ կար եւ բոլորին լավ էր տրամադրում»։ Պողոս Պողոսյանը ամբողջ կյանքում բարեգործությամբ է զբաղվել։ Կնոջ ասելով, նա ամեն ինչ արել է, որ ջավախեցին մնա Ջավախքում, եւ այդ նպատակով այնտեղ բազմաթիվ աշխատատեղեր է բացել. «Մեծ հավատ ուներ Աստծո հանդեպ եւ եկեղեցիներ էր վերանորոգում։ Զբաղվում էր նաեւ դպրոցների շինարարությամբ, ամեն ինչով»։ Զոյա Պողոսյանը ուզում է, որ մեղավորներն արժանի պատիժ ստանան. «Մեր վիշտը վիշտ կմնա, իմ ամուսնուն չեն վերադարձնի դրանց պատժաչափերը, ուղղակի մեր բարոյական ճնշվածությունը մի քիչ կթեթեւանա։ Այ, մենք այնպիսի ճնշված վիճակում ենք, չգիտենք՝ ո՞ւմ բողոքենք, ո՞ւմ ասենք, ի՞նչ անենք»։ Զոյա Պողոսյանը սպանությունից հետո որոշել էր նամակ գրել ՀՀ նախագահին, որպեսզի վերջինս ապահովի իր ամուսնու սպանության ճշմարտությունը։ Այսօր տիկին Պողոսյանը հարց է տալիս. «Մի՞թե նախագահը խիղճ չուներ, որ միջամտի, ինչ-որ ձեւով միջնորդի, որ դատավարությունը ճիշտ ընթանա»։ Զոյա Պողոսյանը դեռ հույս ունի, որ Դաշնակցությունը գործի լիարժեք բացահայտմանը հետամուտ կլինի. «Թաղման ժամանակ ես Վահան Հովհաննիսյանի խոսքերը չեմ լսել, բայց հետո մեր «Լեռնաշխարհ» թերթում կարդացի։ Նա ասել էր, որ ամեն ինչ կանեն, որպեսզի մեր բարոյական ճնշվածությունը վերանա»։ Իր ասելով՝ մեծ հույսով եւ հավատով տիկինը համակրում է Դաշնակցությանը եւ մտածում, որ եթե մի բան լինի, ապա կուսակցության շնորհիվ կլինի։ Պողոս Պողոսյանի համագյուղացիները նամակ են գրել ՀՅԴ-ին, մասնավորապես Վահան Հովհաննիսյանին, որում հայտնում են, թե իրենց միակ հույսը Դաշնակցությունն է եւ Վահան Հովհաննիսյանը, եւ խնդրում են, որ գործին հետեւեն։ Դաշնակցությունն առայժմ լուրջ քայլերի չի դիմել, սակայն չի բացառվում, որ շարքերի ճնշման ներքո կուսակցությունն առավել հետեւողական դառնա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել