Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ համար»

Հունվար 23,2002 00:00

«Քեզ համար» Երգչուհի Լիլիթ Կարապետյանը երգել սկսել է վաղ տարիքից, սակայն մեծ բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 9 տարեկանում։ 12 տարեկան հասակում Ա. Բաբաջանյանի անվան երգի փառատոնում արժանացել է 3-րդ մրցանակի։ Բազմաթիվ մրցույթ-փառատոների մրցանակակիր, դափնեկիր է։ Աշխատել է «Արձագանք» եւ «Արդինի» ստուդիաներում, իսկ 1998-ից նախընտրել է անհատական գործունեությունը։ Մինչ օրս թողարկել է 4 ձայներիզ։ – Վերջերս թողարկվեց «Քեզ համար» անվանումը կրող քո 4-րդ ձայներիզը։ Ինչպե՞ս ընթացան ձայներիզի թողարկման աշխատանքները եւ ի՞նչ ոճի երգեր են դրանում ներառվել։ – Իմ նախորդ ձայներիզների թողարկումների հետ կապված բոլոր հարցերով մշտապես զբաղվել է եղբայրս՝ Կարենը, եւ ինձ համար անչափ դժվար էր այս ձայներիզը միայնակ ու ինքնուրույն ավարտին հասցնել, չնայած այն բանին, որ բոլոր երգերը պատրաստ էին եւ ինձ մնում էր միայն դրանք գործիքավորել ու թողարկել։ Այս ձայներիզը ոճային առումով փոքր-ինչ տարբերվում է նախորդներից, քանզի նրանում ընդգրկվել են մեծամասամբ հանդարտ երգեր։ Ձայներիզը բաղկացած է 10 երգից, որից 9-ի թե երաժշտության եւ թե խոսքերի հեղինակը Կարենն է, իսկ 10-րդ՝ «Աստղազարդ գիշեր» երգը գրել է Արթուր Գալստյանը։ Ձայներիզում ներառված «Տանգո» եւ «Սիրո քամի» (ռեմիքս) երգերի հիման վրա նկարահանվել են ոճային առումով իրարից խիստ տարբեր տեսահոլովակներ: Ձայներիզի անվանումն ունի երկակի իմաստ։ Նախ՝ այն իմ եղբոր՝ Կարենի համար է։ Ձայներիզը թողարկելով ես փորձեցի ավարտին հասցնել Կարենի անավարտ աշխատանքը։ Եվ քանի որ ես անկեղծորեն շատ եմ սիրում իմ հանդիսատեսին, «Քեզ համար» ձայներիզը միաժամանակ նաեւ նրանց համար է։ – Վերջերս հյուրախաղերով մեկնել էիր Ֆրանսիա, իսկ մինչ այդ նաեւ այլ երկրներ։ Ընդհանրապես ինչպե՞ս ես գնահատում նախորդ տարվա քո աշխատանքը։ – Ես գոհ եմ նախորդ տարվա իմ աշխատանքից, քանզի ստեղծագործական առումով այն ինձ համար շատ արդյունավետ էր եւ ես կարողացա լիարժեքորեն իրականացնել իմ առջեւ դրված բոլոր ծրագրերը։ Անցած տարին ինձ համար նշանավորվեց նաեւ արտերկրյա մի շարք հյուրախաղերով։ Նախ, մեր հայ երգիչ-երգչուհիներից շատերի հետ համատեղ հրաշալի համերգներ ունեցա Տուապսե, Գագրա, Սոչի, Ադլեր հայաշատ քաղաքներում։ Այնուհետեւ Թեհրանի հայկական համայնքի կողմից հրավիրվեցի Թեհրան, իսկ տարեվերջին հնգօրյա հյուրախաղերի հրավեր ստացա նաեւ Փարիզից։ – Իսկ ի՞նչ կասես առաջիկա հյուրախաղերիդ մասին։ – Առայժմ չեմ ուզում կոնկրետ ինչ-որ բան խոստանալ, սակայն ամռանը՝ հուլիսի 19-ին հաստատապես որոշել եմ Ալավերդի քաղաքում բացօթյա մեծ համերգ կազմակերպել եւ համոզված եմ, որ իմ գործընկերները եւս անմասն չեն մնա ու մենք միասին հետաքրքիր միջոցառում կկազմակերպենք եղբորս հիշատակին։ Նպատակ ունեմ նաեւ երաժշտասերներին ներկայանալ վաղուց սպասված մենահամերգով։ Շուտով երաժշտասերների դատին կհանձնեմ բոլորովին վերջերս ձայնագրված իմ եւ տաղանդաշատ երաժիշտ Միստր X-ի զուգերգը, որի հիման վրա մտադիր ենք նաեւ տեսահոլովակ նկարահանել։ Կփորձեմ դուրս գալ նաեւ ռուսական շուկա եւ հանդես գալ մոսկովյան բեմերում։ Իսկ ինչ վերաբերում է իմ հինգերորդ ձայներիզին, ապա սիրով տեղեկացնեմ, որ, ըստ իմ նախնական մտահղացման, այն կթողարկեմ ընտրանու տեսքով, որտեղ կներառվեն աշխարհի տարբեր լեզուներով հնչող, հայտնի ու սիրված մի շարք երգեր, որոնք կմատուցվեն իմ ոճում եւ իմ յուրովի մեկնաբանությամբ։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել