Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՎԻ

Հունվար 25,2002 00:00

ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՎԻ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած՝ ՀՅԴ անդամ, Ջավախքի Ջիգրաշեն գյուղի կոլտնտեսության նախագահ (ոչ թե գյուղապետ), բարեգործ Պողոս Պողոսյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի դատաքննությունը շարունակվում է։ Նախորդ նիստից հետո (հունվարի 23-ին) դատարանը որոշել էր դիմել ԱԳՆ, հնարավորինս տեղեկություն ստանալու համար դեպքի օրը սրճարանում գտնվող ոմն շոտլանդացու մասին, որը ամենամոտն է գտնվել հանցագործության վայրին։ Հաջորդ նիստի մասին որեւէ հայտարարություն չեղավ. դատավորը պարզապես խնդրեց, որ կողմերը ներկա լինեն որոշակի ժամի, եւ ԱԳՆ-ից ստացված պատասխանից հետո պետք է որոշվեր հետագա անելիքը։ Զարմանալի օպերատիվությամբ դատարանը հասցրել էր հղում անել ԱԳՆ, վերջինս էլ ավելի զարմանալի օպերատիվությամբ պատասխանել էր դատարանին, թե վերոհիշյալ օտարերկրացու մասով իրենք որեւէ տեղեկություն չունեն։ Սույն փաստով ավելորդ անգամ հաստատվեց, որ մեր երկրում պետական ատյանները համապատասխան հրահանգի դեպքում են ունակ միայն «նստել կամ կանգնել»։ ԱԳՆ-ից պատասխան էր եկել այն մասին, որ միջազգային որեւէ կազմակերպությունից իրենց ոչինչ չի հայտնվել դեպքի մասին, եւ իրենք չեն կարող ճշտել, թե ո՞վ էր տվյալ օտարերկրացին։ ԱԳՆ-ն ոչինչ չգիտեր մեր երկիր մտած մարդու մասին, որը, ինչպես պարզվեց երեկվա նիստում, պատահական մեկը չէր, այլ տեղական կառույցների հետ աշխատող շատ կարեւոր օտարերկրացի էր։ Զավեշտն այն է, որ գործով, ըստ մեզ, կարեւոր վկային հայտնաբերել է ոչ թե ՆԳՆ-ն կամ ԱԳՆ-ն, այլ սպանվածի եղբայրը՝ ՀՀ շարքային քաղաքացի Անդրանիկ Պողոսյանը։ Երեկ նա դատարանում հայտարարեց, որ իր եղբոր սպանության պահին «Պապլավոկի» զուգարանի մոտ «Այնտեղ մարդ են սպանում, իսկ դուք այստեղ ջազ եք լսում» նախադասությունը բղավող մարդը ոչ այլ ոք է, քան՝ ԵԱՀԿ-ի ՏԱՍԻՍ կազմակերպության ներկայացուցիչը Վանաձորում։ Անդրանիկ Պողոսյանը միջնորդեց, որպեսզի Ստեֆան Նյուտոնին (ԵԱՀԿ վերոհիշյալ ներկայացուցչին) հայտնաբերեն եւ հրավիրեն դատարան։ Պրն Պողոսյանը միջնորդեց նաեւ, որ դատարանը դիմի ԱԳՆ-ին, վերջինիս միջոցով պարզելու՝ Ստեֆան Նյուտոնը դիմե՞լ է որեւէ երկրի դեսպանատուն՝ քննվող դեպքի առնչությամբ, քանի որ վկաներից շատերի վկայությամբ՝ վերջինս նաեւ բղավել է, թե ինքը դիմելու է դեսպանատուն։ Երեկվա դատական նիստին մասնակցեց նաեւ Պողոս Պողոսյանի հետ դեպքի օրը նույն սեղանի շուրջ նստած նրա ընկեր Յուրա Նավոյանը, որը որպես վկա արդեն ցուցմունք տվել էր դատարանին։ Երեկ պրն Նավոյանը ցանկություն հայտնեց կրկին ցուցմունք տալ։ Իր նոր ցուցմունքում վերջինս հայտնեց, թե հիշում է, որ Պողոս Պողոսյանին սեղանից մի կողմ է հրավիրել նախագահի թիկնապահ Գուրգեն Արսենյանը։ Սակայն հարցերի ընթացքում պարզվեց, որ Յուրա Նավոյանը այդ բանը հիշում է Պողոս Պողոսյանի մյուս ընկերոջ՝ Ստեփան Նալբանդյանի պատմածներից։ Դատարանը որոշեց կրկին հարցաքննության կանչել վկա Ստեփան Նալբանդյանին, որը եւս դատարանին հայտնեց, որ արտաքին նշաններով Գուրգեն Արսենյանն է նման (կամ՝ հենց ինքն է) այն թիկնապահին, որը իրենց սեղանից մի կողմ է հրավիրել Պողոս Պողոսյանին։ Դատավարությունը կշարունակվի փետրվարի 1-ին։ Դատավարությունը շարունակում են լուսաբանել միայն որոշ լրատվամիջոցներ։ Դատավարությունն ընթանում է սրընթաց արագությամբ։ Պարզ է, որ նախագահական շրջանակները շահագրգռված են օր առաջ ավարտել դատավարությունը եւ հարցն այդպիսով փակված համարել։ Ամբաստանյալ Աղամալ Հարությունյանն իր տեղում հանգիստ է նստած, երբեմն տպավորություն ես ունենում, թե այս ամենը նրան չի վերաբերում։ Երկու ենթադրություն կարելի է անել։ Նախ՝ չի բացառվում, որ Աղամալ Հարությունյանը նույնիսկ իրեն առաջադրված մեղադրանքի չափով չդատապարտվի։ Նման ենթադրության համար հիմք է ծառայում այն, որ վերջինիս դեմ դատարանում հարցաքննված մոտ 30 վկաներից որեւէ մեկը ցուցմունք չի տվել։ Հաջորդ ենթադրությունն այն է, որ Աղամալ Հարությունյանը կդատապարտվի իրեն առաջադրված մեղադրանքի չափով՝ թղթի վրա միայն, եւ՝ վերջ կոմեդիային։ Նման ենթադրության հիմք է ծառայում այն, որ եթե վերջինիս անունն է հրապարակի վրա, եւ ինքն է ամբաստանյալի կարգավիճակում, ուրեմն երկար-բարակ քննարկումներից հետո «սխոդկան» որոշել է «ժերտվա» տալ Աղամալին, եւ այդ բանը տեղի կունենա։ Թե ինչ գնով կամ՝ ինչ գնի սահմաններում, դարձյալ մնում է ենթադրել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031