Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՄԵՐԺՈՒՄ, ԲԱՅՑ ՏԱԼԻ՞Ս ԵՆ

Հունվար 25,2002 00:00

ՉԵՆ ՄԵՐԺՈՒՄ, ԲԱՅՑ ՏԱԼԻ՞Ս ԵՆ Պետական պաշտոնյաների շքեղ առանձնատների մասին «Առավոտի» հրապարակումների անարձագանք մնալը զարմանալի է ոչ միայն մեզ, այլեւ Հայաստանում Իտալիայի դեսպանի համար։ Լրագրողները եւ տեղեկություններ ստանալու նրանց իրավունքները հաճախ ոտնահարող, մամուլի դերը գրեթե չկարեւորող պաշտոնյաները, նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երեկ հավաքվել էին մի հարկի տակ՝ քննարկելու «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում» թեման։ Երկօրյա այս քննարկման կազմակերպիչները «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը», ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակը եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունն են։ Ի դեպ, Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցայի դիտարկմամբ՝ մի 10 տարի առաջ անհնար կլիներ նման քննարկում անցկացնել։ Ու թեեւ մամուլի ազատությունը Հայաստանում նախանձելի վիճակում չէ՝ դեսպանն առաջընթաց է համարում, որ նման քննարկումներ են լինում։ Կարեւորելով հասարակական կարծիքի ձեւավորման հարցում մամուլի դերը՝ Իտալիայի դեսպանը նկատեց, որ գուցե լրագրողներն իրենք դեռ բավականաչափ պատրաստ չեն այնպիսի հոդվածներ հրապարակել, որ լայն արձագանք գտնեն եւ մեծ հետաքրքրություն առաջացնեն հասարակության շրջանում։ Լրագրողների հետ առանձնազրույցում դեսպանը դժվարացավ կարծիք հայտնել, թե ինչո՞ւ մամուլը բավարար ազդեցություն չունի, սակայն նկատեց, որ Հայաստանը երիտասարդ պետություն է եւ թե մամուլը, թե հասարակությունն ու պետական կառույցները կայացման խնդիր ունեն։ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ Էդիկ Բաղդասարյանը շեշտեց, որ միայն լրագրողների մեղքով չէ, որ հրապարակումներն անարձագանք են մնում։ Լրագրողները գրում են պետական որեւէ պաշտոնյայի մասին, որ կաշառք է վերցրել կամ օրենքներ խախտել, իսկ նրան բարձր պաշտոնի են տեղափոխում։ Ու թեեւ արդարադատության փոխնախարար Աբովյանը առաջարկեց, որ տեղեկություններ չտրամադրելու կոնկրետ օրինակների քննարկում չանել, այլ ընդհանուր հայեցակարգային թեմաներ քննարկել (այդպես ընդհանուր էին կոնկրետ հարցերին տրված նրա բոլոր պատասխանները), սակայն Է. Բաղդասարյանը կոչ արեց հենց կոնկրետ օրինակներով քննարկել, մանավանդ որ հանդիպմանը ներկա էին պետական տարբեր օղակների բարձրաստիճան պաշտոնյաներ։ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այն եզակի կազմակերպություններից է, որի նպատակը հենց տեղեկատվության ազատության համար պայքարելն է։ Կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը նկատեց, որ տեղեկություններ ստանալու մարդկանց իրավունքը ամեն օր ոտնահարում են՝ ՀՀ նախագահից սկսած մինչեւ ամենավերջին չինովնիկը։ Հանդիպմանը ներկա պաշտոնյաներից ոմանք նույնիսկ հայտնվել են լրագրողների՝ տեղեկություններ ստանալու իրավունքը ոտնահարող այն պաշտոնյաների սեւ ցուցակում, որ պարբերաբար հրապարակվում է Կենտրոնի տեղեկագրերում։ Կենտրոն դիմած քաղաքացիների բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա ներկայացնելով, թե հատկապես որ օղակները եւ ինչքան հաճախ են խախտում տեղեկություններ ստանալու քաղաքացիների իրավունքները, Շուշան Դոյդոյանը շեշտեց. «Իշխանությունները երբեք չեն ուզենալու բաց աշխատել, իսկ մեր խնդիրն է՝ երբեք չհամակերպվել սրա հետ»։ Նա նաեւ կարեւորեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունումը։ ԱԺ-ի քննարկմանը ներկայացված այս օրենքի նախագծի համահեղինակներ, ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանն ու Վարդան Բոստանջյանը թեման թեեւ շատ էին կարեւորում, սակայն ստիպված էին քննարկման կեսից հեռանալ։ Է. Բաղդասարյանը նկատեց. «Դժբախտաբար, ինչպես միշտ, օրենսդիրները պատասխանատու պահին թողնում-գնում են, բարեբախտաբար գործադիրները մնում են»։ Ի պատասխան՝ Վ. Դալլաքյանը խայթեց, թե ովքեր լրագրողների համար պրոբլեմ են ստեղծում՝ խախտելով նրանց իրավունքները, նրանք մնում են՝ քար նետելով գործադիրների բոստանը։ «Ինտերնյուսի» ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանի զեկույցի թեման էր «Տեղեկատվության մատչելիության մասին օրենսդրությունը ՀՀ-ում», սակայն զեկուցողը հենց սկզբից ստիպված էր ասել՝ «ինձ առաջարկված է ներկայացնել այն, ինչը ուղղակիորեն գոյություն չունի»։ Արդարադատության փոխնախարարը ի պատասխան Էդիկ Բաղդասարյանի՝ անհրաժեշտ է օրենք ինֆորմացիայի ազատության մասին հարցի, ասաց, որ ավելի նախընտրելի է տեղեկատվության ազատության մասին մեկ օրենք ունենալ, քան առանձին օրենքների տարբեր կետերով այդ իրավունքը երաշխավորել: Դժվար է ասել, թե այդ օրենքով ինչ պիտի փոխվի, եթե արդեն եղածները չեն հարգում։ Առավել հաճախ դատական իշխանություններն են սահմանափակում տեղեկություններ ստանալու քաղաքացիների, լրագրողների իրավունքը։ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» անդամ Սառա Պետրոսյանի՝ դատական համակարգի տեղեկատվության մատչելիության մասին զեկույցից ակնհայտ էր, որ դատական համակարգը ամենափակ համակարգերից է: Եվ այդ համակարգի աշխատողների մեջ արմատացած աշխատաոճը փոխանցվում է նաեւ նոր սերնդին։ Վկայությունը լրագրողի բերած բազմաթիվ կոնկրետ օրինակներն էին։ Դատական համակարգի պատասխանատուների մասնակցությունը քննարկմանը այս հարցով հետաքրքիր բանավեճ ապահովեց։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել