Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ցուցակից մյուսը

Հունվար 26,2002 00:00

Մի ցուցակից մյուսը Արտաշատ քաղաքից մեծ դժվարությամբ «Առավոտի» խմբագրություն հասած Լիդա Մարտիրոսյանի միակ հույսը այս տարվա մայիս ամսին բանակից վերադարձող որդին է։ Երեք երեխաների մայր, 43-ամյա Լ. Մարտիրոսյանն ամուսնալուծվել է եւ երկու երեխաների հետ դուրս է եկել ամուսնու տնից։ Փոքր տղան մնացել է հոր մոտ։ Արդեն մի քանի տարի է, որ Լ. Մարտիրոսյանը ավագ որդու եւ դստեր հետ ապրում է «Արտաշատ» հյուրանոցի նկուղային հարկում։ Երկրորդ կարգի հաշմանդամ է եւ ստանում է 3000 դրամ հաշմանդամության թոշակ։ Տղան այժմ ծառայում է բանակում, իսկ աղջիկը չի աշխատում։ Կնոջ խոսքերով. «Ոչ ես, ոչ աղջիկս չենք աշխատում։ Ամենամսյա 6900 դրամ նպաստը 2001թ. սեպտեմբեր ամսից կտրել են՝ պատճառաբանելով, որ աղջիկս արդեն չափահաս է։ Նախկին ամուսինս նույնպես չի աշխատում, ալիմենտ չի տալիս։ Մեր ընտանիքի միակ «եկամուտը» իմ թոշակն է, որից հազար դրամը հյուրանոցի վարձն եմ վճարում, դրան գումարած նաեւ լույսի վարձը։ Գոյատեւելու համար ոչնչ չի մնում»։ Անմխիթար իրավիճակում հայտնված Լ. Մարտիրոսյանի միակ խնդրանքն ուղղված էր տարածքային սոցիալական ծառայությանը, որ գոնե մինչեւ որդու՝ բանակից զորացրվելը ամենամսյա նպաստը վերականգնեն։ Խնդրի առնչությամբ «Առավոտը» փորձեց սոցիալական ծառայությունների Արտաշատի տարածքային կենտրոնից ճշտել՝ արդարացի՞ է արդյոք նման պայմաններում ապրող բնակչի նպաստը կտրել, եթե նույնիսկ աղջիկն արդեն չափահաս է։ Կենտրոնի տնօրեն Անիկ Կարապետյանի հետ ունեցած հեռախոսազրույցից պարզվեց, որ ինքն արդեն տեղյակ է խնդրին։ «Կառավարության որոշման համաձայն, եթե միավորը 36.01-ից ցածր է լինում, ընտանիքն արդեն նպաստառու չէ։ Քանի որ Լ. Մարտիրոսյանի աղջկա՝ չափահաս դառնալուց հետո ընտանիքի կարիքավորության աստիճանը փոխվել է, հետեւաբար միավորներն իջել են։ Եվ կինը սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին արդեն նպաստը չի ստացել։ Այս պարագայում ոչ մի զիջում չի լինում եւ մենք ոչինչ անել չենք կարող։ Սակայն նոյեմբերին եւ դեկտեմբերին նրան ընդգրկել ենք խիստ կարիքավորների ցուցակում եւ որպես կարիքավոր ընտանիքի, Լ. Մարտիրոսյանին տրվել է երեքհազարական դրամ միանվագ դրամական օգնություն»։ Բացի այդ, Ա. Կարապետյանը պնդում է, որ նպաստառուներին հասանելիք սննդի եւ մյուս կարգի օգնություններից, որոնք միայն տրվում են համապատասխան միավորներ ունեցողներին, Լ. Մարտիրոսյանին անպայման բաժին է հանվում։ «Բոլորս էլ տեղյակ ենք, թե ինչպիսի սոցիալական ծանր պայմաններում է ապրում այդ կինը եւ կշարունակենք՝ ինչով կարող ենք, օգնել նրան»,- ավելացրեց ծառայության պետը։ Հարցի վերաբերյալ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ծառայությունների համապատասխան վարչությունից նույնպես պատասխանեցին, որ կառավարության որոշումը (նպաստների հետ կապված) «անսասան» է եւ ոչինչ փոխել չեն կարող։ Նույնիսկ «գովաբանեցին» գործող համակարգը։ Չնայած Լ. Մարտիրոսյանի աղջիկը դարձել է չափահաս եւ համարվում է աշխատունակ, այնուամենայնիվ, աշխատանք չլինելու պատճառով ընտանիքի սոցիալական վիճակը չի բարելավվել։ Եվ եթե նպաստառուների ցուցակից դուրս մնացած ընտանիքին սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնն ընդգրկում է խիստ կարիքավորների ցուցակում, ապա որքանո՞վ է արդար կառավարության որոշման համաձայն գործող համակարգը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել