Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԻ ՀԱՐՑԸ ՏԱԿԱՎԻՆ ԲԱՑ Է ՄՆՈՒՄ

Հունվար 29,2002 00:00

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԻ ՀԱՐՑԸ ՏԱԿԱՎԻՆ ԲԱՑ Է ՄՆՈՒՄ Պորտուգալիայի Պորտու քաղաքում անցկացվեց ֆուտբոլի 2004թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Նախնական մրցաշարում պայքարի մեջ ներգրավված 50 թիմերը բաժանվել են 10 խմբի։ Վիճակահանությունն անցկացրեց անցյալում աշխարհահռչակ ֆուտբոլիստ Էյսեբիոն։ Վիճակահանությամբ խմբերում ընդգրկվեցին հետեւյալ հավաքականները։ 1-ին խումբ. Ֆրանսիա, Սլովենիա, Իսրայել, Կիպրոս, Մալթա։ 2-րդ խումբ. Ռումինա, Դանիա, Նորվեգիա, Բոսնիա, Լյուքսեմբուրգ։ 3-րդ խումբ. Չեխիա, Հոլանդիա, Ավստրիա, Բելառուս, Մոլդովա։ 4-րդ խումբ. Շվեդիա, Լեհաստան, Հունգարիա, Լատվիա, Սան-Մարինո։ 5-րդ խումբ. Գերմանիա, Շոտլանդիա, Իսլանդիա, Լիտվա, Ֆարերյան կղզիներ։ 6-րդ խումբ. Իսպանիա, Ուկրաինա, Հունաստան, Հյուսիսային Իռլանդիա, Հայաստան։ 7-րդ խումբ. Թուրքիա, Անգլիա, Սլովակիա, Մակեդոնիա, Լիխտենշտեյն։ 8-րդ խումբ. Բելգիա, Հորվաթիա, Բուլղարիա, Էստոնիա, Անդորրա։ 9-րդ խումբ. Իտալիա, Հարավսլավիա, Ֆինլանդիա, Ուելս, Ադրբեջան։ 10-րդ խումբ. Իռլանդիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Վրաստան, Ալբանիա։ Վիճակահանության արարողության ավարտից անմիջապես հետո հավաքականների ներկայացուցիչները զանգվածային լրատվամիջոցներին ներկայացրին իրենց մտորումներն արդյունքների մասին։ Բնականաբար, մեզ ավելի շատ հետաքրքրում են 6-րդ խմբում ընդգրկված թիմերի պատասխանատուների ու գլխավոր գործող անձանց տեսակետները, քանի որ հենց այս խմբում է հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականը։ Խմբային մրցաշարում այս խմբում հանդես են գալու Իսպանիան, Ուկրաինան, Հունաստանը, Հայաստանը եւ Հյուսիսային Իռլանդիան։ Ինչպես նշում են իրենք, այս խումբը ներկայացնող հավաքականների ներկայացուցիչները՝ վիճակահանությունը նորմալ է անցել, բոլոր հավաքականների խաղամակարդակն էլ ընդհանուր առմամբ միատարր է։ Ճիշտ է, բոլորի կարծիքն էլ միանշանակ է, որ ֆավորիտը, այնուամենայնիվ, Իսպանիան է։ Այդուհանդերձ, խմբի բոլոր անդամներն էլ չեն բացառում, ավելի ճիշտ՝ բարձրաձայն հայտարարում են, որ պատրաստ են հաջորդ փուլ անցնելու համար կենաց ու մահի կռիվ մղել ամեն մի մրցակցի հետ։ Ընդ որում, ամեն մի հավաքական խոսում է կամ իր հնարավորությունների սահմանում, կամ, հավանաբար, տուրք է տալիս ցանկություններին։ Այսպես, Հյուսիսային Իռլանդիայի մարզիչ Սեմմի Մաքիլռոյը արդեն իսկ հայտարարել է, թե անհամբերությամբ է սպասում Իսպանիայի հետ հանդիպմանը (նկատի ունի ապրիլին կայանալիք ընկերական խաղը, որը, նրա կարծիքով, կօգնի իր սաներին)։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այս երկրի ազգային հավաքականի թե մարզիչները, թե ֆուտբոլիստները համոզված են, որ իրենք վատթարագույն դեպքում պետք է պայքարեն ենթախմբում 2-րդ տեղի համար։ Ճիշտ է, խոսելով մրցակիցների մասին առանձին-առանձին՝ նրանք մերթ զգուշանում են Հայաստանից, որը մշտապես նրանց համար ամուր կաղին է եղել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, մերթ էլ համոզմունք են հայտնում, թե այս անգամ իրադարձությունների զարգացումն իրենց օգտին է խոսելու։ Իսկ ահա Հայաստանի ֆուտբոլային գործող անձինք ոչինչ չխոստանալով ու իրատեսորեն գնահատելով իրենց հնարավորությունները, նշել են, թե Ուկրաինայի հետ հին հաշիվները պարզելու մտադրություն ունեն, բայց նաեւ կարծում են, որ խմբում 3-րդ տեղ գրավելը, որի համար անպայման պայքարելու են, արդեն իսկ լավ ցուցանիշ կլինի բախտ վիճարկված մրցակիցների հետ պայքարի արդյունքում։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել