Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց «գները» նույնն են

Հունվար 30,2002 00:00

Տղամարդկանց «գները» նույնն են Հայաստանում մարմնավաճառների իրական թիվը 7000-8000 է կազմում, թեեւ պաշտոնապես գրանցված է մոտ 700 մարմնավաճառ։ Իսկ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում սիֆիլիսով ու գոնորեայով հիվանդացության ցուցանիշը 100000 բնակչի հաշվով կազմում է համապատասխանաբար 14,2 եւ 31,9։ Գաղտնիք չէ նաեւ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի (սպիդ) հիմնական թիրախն են մարմնավաճառները։ Այս մասին հայտարարել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի բժիշկ Արտակ Մուշեղյանը Կանանց իրավունքների կենտրոնի կազմակերպած «Վերարտադրողական իրավունք (ՎԻ) եւ Վերարտադրողական առողջություն (ՎԱ)» թեմայով սեմինարի ժամանակ։ Ի թիվս այլ հարցերի, սեմինարին բարձրացվել են հակաբեղմնավորիչ միջոցներին, բռնաբարություններին եւ սեռական այլ բռնություններին, ինչպես նաեւ անչափահասների ՎԻ խոցելիությանը, ՁԻԱՀ-ին ու մարմնավաճառությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ։ Կարեւորվել է անհապաղ միջոցառումների իրականացումը թե՛ կառավարական, թե՛ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Պարզվում է, որ յուրաքանչյուր տարի հետազոտվող մարմնավաճառների 45-55%-ը հիվանդ է լինում տարբեր սեռավարակներով։ Իսկ յուրաքանչյուր հիվանդի հետազոտման համար ծախսվում է մոտ 50 դոլար։ Ըստ Մուշեղյանի՝ եթե քաղաքակիրթ երկրներում վարակվածության ցուցանիշը անցնում է 3%-ից, ապա մտահոգության տեղիք է տալիս։ Մինչդեռ մեր երկրում միայն ներերակային ճանապարհով թմրանյութ օգտագործողների թիվը կազմում է 14%։ Սեռավարակների գիտագործնական կենտրոնի տվյալներով, մարմնավաճառների 47%-ը վարակված է սիֆիլիսով ու այլ հիվանդություններով, այն դեպքում, երբ ՌԴ-ում այդ թիվը չի անցնում 17%-ից։ Պատճառներից մեկն էլ այն է, որ մարմնավաճառների 1/3-ը չի օգտագործում հակաբեղմնավորիչներ։ Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա շուրջ 120 տղամարդ մարմնավաճառ, որոնց գտնվելու մշտական վայրերն են Սունդուկյան թատրոնի շրջակայքը, նախկին ՊՀԽ-ի եւ կայարանի զուգարանային հատվածները, ինչպես նաեւ Պանթեոնին հարող փողոցի հատվածը։ Ի տարբերություն մարմնավաճառ կանանց, տղամարդիկ աչքի են ընկնում ինտելեկտուալ բարձր մակարդակով։ Նրանց «գները» մոտավորապես նույնն են, ինչ կին մարմնավաճառներինը։ Իսկ ամենազավեշտականն այն է, որ մարմնավաճառության համար նախատեսված վարչական տույժը ընդամենը 200 դրամ է։ Ա. Մուշեղյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանում ՁԻԱՀ վարակակիրների թիվը 1500-2200-ի է հասնում, թեեւ 2001թ. նոյեմբերի 1-ի դրությամբ պաշտոնապես գրանցված է 165-ը։ Մուշեղյանը հայտարարեց, որ սպիդը բուժող որեւէ դեղամիջոց իրեն հայտնի չէ, «Արմենիկումին» էլ «որեւէ կերպ չի վերաբերվում», քանի որ դեղամիջոցը գտնվում է կլինիկական փորձարկման փուլում։ Նա համոզված է, որ սպիդով վարակվելու վտանգը 99%-ով մեծանում է չիմացության եւ ինֆորմացիայի պակասի պատճառով, ինչի համար ակնկալում էր լրատվամիջոցների աջակցությունը եւ կրթական լայնածավալ ծրագրերի իրականացումը ուսումնական հաստատություններում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել