Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՄ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Հունվար 30,2002 00:00

ԱՎՄ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ Հարցազրույց նորընտիր նախագահ Համլետ Հովսեփյանի հետ -Համագումարն ավարտվեց, սակայն շարունակվում են ԱՎՄ-ն տրոհելու վեճերը։ Իսկապե՞ս վեճի հիմքում ընկած էր համանախագահ-նախագահ-ներից հրաժարվելու հարցը։ – Սկսեմ երեւի նախապատմությունից։ ԱՎՄ-ում 3 համանախագահներ էինք՝ ես, Արմեն Մազմանյանը եւ Դիոնիս Մարգարյանը։ Ըստ կանոնադրության, յուրաքանչյուր տարի մեկը նախագահում էր ԱՎՄ-ն։ Առաջին նախագահողը ես էի եւ ժամկետը լրանում էր անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին։ Երբ ժամկետը լրացավ, նախագահությունը մեխանիկորեն փոխանցվեց համանախագահ Ա. Մազմանյանին։ Ներկուսակցական աշխատանքների արդյունքում համոզվեցինք, սակայն, որ համանախագահների վրա որեւէ լծակ չկար, քանի որ բոլորը հավասար էին։ Կուսակցությունն այդ ընթացքում թուլանում էր։ Սկզբնական կազմակերպությունների կողմից երեւի դա էր պատճառը, որ պահանջ դրվեց կանոնադրական փոփոխության։ Ըստ նոր կանոնադրության էլ վերջ պիտի դրվեր համանախագահության ջլատիչ քաղաքականությանը։ – Ազատամարտիկ վետերանների միության սկզբնական կազմակերպությունները որքա՞ն են։ – Ունենք 45 կազմակերպություն։ Նրանց 90%-ը այդպիսի որոշում էր կայացրել։ Նրանք պահանջում էին համագումար, որում պիտի վարչության կազմն էլ փոխվեր։ Այն չէր աշխատում։ Ըստ մեր կանոնադրության, հանրապետական խորհրդի նախաձեռնությամբ էլ կարելի է հրավիրել արտահերթ համագումար, 1/3-ի պահանջով էլ։ Որոշվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը հրավիրել համագումար։ – Եվ հրավիրեցիք այն… հունվարի 18-ի՞ն։ – Արմեն Մազմանյանի խնդրանքով դեկտեմբերի 22-ի համագումարը հետաձգվեց հունվարի 18։ Կար եւ հիմնադիրների խորհրդի որոշումը նույնպես (տես ստորագրություն-համաձայնագիրը)։ Հանրապետական խորհրդի նիստում 81 անդամներից 54-ը հանկարծ «շեղվեցին»… ԱՎՄ 38 կառույցներ անմիջապես դուրս եկան դահլիճից՝ հայտարարելով, որ գնում են համագումարի։ Մազմանյանն ընդվզեց, թե պիտի գնամ-ստուգեմ, սկզբնականների որոշումները կեղծ են, ժողովներն իրավասու չեն… Սակայն ես ի՞նչ իրավունք ունեմ իմ կառույցի ղեկավարին չհավատալու։ Գնացինք համագումար։ Մանդատայինը զեկուցեց, որ պատգամավորների մասնակցությունը համագումարին 97% է։ Արմեն Մազմանյանը նույնպես մասնակցում էր եւ մանդատ ուներ։ 1 դեմով եւ 321 կողմով նախագահ եմ ընտրվել ես։ – ԱՎՄ կնիքի հետ կապված ի՞նչ պատմություններ կան։ Կնիքով նախագահը Արմեն Մազմանյանն է, իսկ… ընդհանրապես դո՞ւք։ – Մազմանյանն, այո, կնիքը չի հանձնում, ասելով՝ համագումարը չեմ ընդունում, կնիքն իմ մոտ է։ Կնիքով նախագահ չի լինում, նախագահը ժողովրդով է, շարքերով, որոնք քվե են տվել նրան։ Մարդիկ կան ԱՎՄ-ում։ Մազմանյանն ասում է, ես չեմ ուզում իջնել այդ մակարդակին։ Ես ասել եմ, որ ինձ համար բնական է, որ կուսակցությունից դուրս շպրտված մարդիկ փորձեն կեղտ շպրտել, բամբասել, զրպարտել։ Եթե քաղաքականության մեջ ես, պատրաստ պիտի լինես։ Եթե խնդրեմ, դուք՝ լրագրողներդ կասկած ունեք, բացենք անգամ ֆինանսական փաստաթղթերը։ Մենք 1 տարվա կուսակցություն ենք եւ 4,5 մլն դրամ ենք ունեցել, գումարած իմ անձնական ներդրումները (800 հազարից անցնում են գրասենյակային ծախսերը)։ Մենք սոցիալական մեծ բարդույթ ունենք, քանի որ մեր շարքերում շատ ծանր վիճակում գտնվող ազատամարտիկներ կան։ – Իսկ ԱՎՄ-ի տրոհման հարցում կա՞ն արտաքին ազդակներ։ – Ինքն այնտեղ մի արտահայտություն թույլ տվեց, որ «Հովսեփյանը երեւի պատվեր է կատարում»։ Ես էլ ասացի, որ ԱՎՄ-ի ժողովրդի պատվերն եմ կատարում այդ կազմակերպության ձեւավորման սկզբից։ Այն ժամանակ էլ պիտակներ կպցրին, որ «նախագահն է ստեղծել»։ – Իսկ մի՞թե այդպես չէ։ – Ոչ ոք մեզ չի ստեղծել։ 27-ի դեպքերից հետո մենք մտահոգվեցինք, որ սոցիալապես այդ ծանր վիճակում հանկարծ ու Հայաստանում զենք կրակվի։ Այսքան տարի մենք թույլ չտվեցինք քաղաքացիական պատերազմ եւ կանգնած լինելով մեջտեղում, թույլ չենք տվել, որ հայի արյուն թափվի։ Մենք կառուցողական ենք եւ ունենք ծրագիր՝ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար։ Մենք ասում ենք հաղթանակն ազգովի ենք տարել եւ ոչ ոքի մտքով չանցնի՝ սեփականաշնորհել հաղթանակը։ – Վերադառնանք կնիքի պատմությանը։ Դուք դատարան չե՞ք դիմելու, օրինակ որպես հիշեցնեմ, որ նման վիճակ ստեղծվեց եզդիների ազգային միության հետ եւ նրանք դատարանով պահանջեցին կնիքը։ – Կնիքի լիազորությունները մենք մեր որոշմամբ դադարեցրել ենք եւ կանոնադրությունն էլ լուծում է այդ։ Համագումարն էլ եղել է օրինական։ – 2-րդ համանախագահի հարցն ինչպե՞ս լուծվեց։ – Ես երեկ ասացի, որ այստեղ ԲԽՍՍ-ի գրասենյակ չի, անընդհատ մարդկանց ստուգել… Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել