Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները՝ Ուկրաինայում

Հունվար 30,2002 00:00

Ընտրությունները՝ Ուկրաինայում 2002 թ. մարտի 31-ին Ուկրաինայում, Սահմանադրության 77 հոդվածին համապատասխան, կկայանան երկրի խորհրդարանի՝ Գերագույն Ռադայի, հերթական ընտրությունները: Ուկրաինայի ղեկավարությունը հետեւողաբար ձգտում է իրավական պետության կառուցմանը՝ համաեվրոպական արժեքների հիման վրա, հաշվի առնելով այն ուշադրությունը, որը միջազգային համակցությունը դարձնում է Ուկրաինայում ժողովրդավարական նորմերի պահպանմանը: Այժմ երկրի նախագահի, օրենսդիր եւ գործադիր մարմինների ջանքերը ուղղված են նախընտրական արշավի իրականացման համար առավել բարենպաստ իրավաքաղաքական պայմանների ստեղծմանը: Այդ կապակցությամբ կարեւոր դեր պետք է խաղա Ուկրաինայի նախագահի հրամանագիրը «2002 թ. ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացում քաղաքացիների իրավունքների իրականացման, ժողովրդավարական հասարակության սկզբունքների՝ անկեղծության եւ վճռականության ապահովման մասին»: Փաստաթղթում, մասնավորապես, գործադիր մարմիններին հանձնարարվում է բոլոր քաղաքական կուսակցությունների եւ ժողովրդական պատգամավորների թեկնածուների համար հավասար իրավունքների եւ հնարավորությունների պահպանման անշեղ ապահովումը կենտրոնում եւ տեղերում: Հրամանագրով նախատեսված է ընտրական գործընթացի սուբյեկտների հավասար մատչելիության ապահովումը պետական զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաեւ նախընտրական քարոզի համար ժամանակի արդար եւ անաչառ բաշխումը: Դրան է նպաստում նաեւ նոր ընտրական օրենքը, որը սեփականության բոլոր ձեւերի զանգվածային լրատվական միջոցներին պարտավորեցնում է սահմանել եթերային ժամանակի եւ տպագրական տարածքի մեկ միավորի համար հավասար սակագին բոլոր քաղաքական կուսակցությունների, դաշինքների, պատգամավորների թեկնածուների համար: Սակագները չպետք է գերազանցնեն կոմերցիոն գովազդի համար նախատեսված վճարները եւ չեն կարող փոփոխվել մինչեւ ընտրությունների ավարտը: «Հոլոս Ուկրաինի» եւ «Ուրյադովի կուրյեր» օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների պաշտոնաթերթերում պետական բյուջեի միջոցներով կհրատարակվեն կուսակցությունների եւ դաշինքների ծրագրերը, իսկ նրանց ներկայացուցիչները ելույթ կունենան ռադիո եւ հեռուստատեսության համազգային ալիքներով: Այս նպատակների իրականացման համար նախատեսվում է գրեթե 600 հազար դոլար: Իսկ ընդհանուր առմամբ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար կծախսվի ավելի քան 54 մլն դոլար: Զանգվածային լրատվության միջոցներում նախընտրական քարոզի կիրառումը կուսակցությունների, դաշինքների, պատգամավորական թեկնածուների ընտրական հիմնադրամի միջոցներից հնարավոր է միայն կուսակցության, դաշինքի, պատգամավորական թեկնածուի լիազորված ներկայացուցչի եւ հեռուստառադիոյի կամ խմբագրության միջեւ պայմանագիրը կնքելուց հետո: Պետական եւ մասնավոր զանգվածային լրատվության միջոցներին, նրանց աշխատակիցներին ընտրությունների ընթացքում արգելվում է իրենց նյութերում եւ հաղորդումներում որեւէ թեկնածուի օգտին կողմ կամ դեմ քարոզելը, նրանց ծրագրերը գնահատելը: Ուկրաինայի օրենսդրության մեջ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների պաշտոնական դիտորդների իրավունքների ապահովմանը: Սույն թվականի փետրվար ամսից Կիեւում իր աշխատանքը կսկսի ԵԱՀԿ գրասենյակի օտարերկրյա դիտորդների ներկայացուցչությունը ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների հարցերով: Տվյալ որոշումը ընդունվել է Ուկրաինայի ԱԳՆ-ի եւ ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչների՝ միջեւ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Ներկայացուցչության գլխավոր խնդիրն է Ուկրաինայում ընտրական գործընթացի մոնիտորինգի անցկացումը եւ դրա լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով: Ընդհանուր առմամբ քվեարկության հսկման նպատակով Ուկրաինա կժամանեն ԵԱՀԿ խորհրդարանական համաժողովի, Եվրախորհրդի խորհրդարանական համաժողովի, Եվրոպական խորհրդարանի 250 փորձագետ եւ դիտորդ: Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք մշտապես կամ ժամանակավոր բնակվում են Հայաստանում, Ուկրաինայի խորհրդարանի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության ընտրական տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել