Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՑԵ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴՎԵՑ

Հունվար 30,2002 00:00

ԳՈՒՑԵ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴՎԵՑ Ճապոնիայի կառավարությունը իրականացնում է ODA ծրագիր /հապավումը թարգմանվում է՝ Պաշտոնական աջակցություն զարգացմանը/, որին մաս է կազմում «Պարենային արտադրության աճ» (2KR) ենթածրագիրը: Դա անհատույց դրամաշնորհների տրամադրման նախագիծ է՝ տեխնիկական միջոցների, սարքավորումների եւ ծառայությունների ձեռքբերման համար: 1997-ից ի վեր Հայաստանը նշված ենթածրագրով ստացել է 1,81 մլրդ իենի դրամաշնորհ, գնվել են պարարտանյութեր, մեխանիզացիա եւ այլն: Գյուղնախարարություն ժամանած ճապոնական պատվիրակությունը, որի կազմում էին Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան խորհրդականը, 1-ին, 2-րդ քարտուղարները եւ այլք, ամփոփում էին 5 տարվա համագործակցության արդյունքները եւ որոշում հետագա անելիքները: Նախարարը խորհրդակցությանը մասնակցեց միայն բացման խոսքով, իսկ ճեպազրույցում բացատրեց, որ թեեւ գյուղնախարարության հաշվետվությունը դեռ կառավարությունում ներկայացված չէ, սակայն Վիճպետկոմի տվյալներով՝ 2001-ին ագրոհամալիրի մասնաբաժինը երկրի համախառն ներքին արդյունքում կազմել է 40%, ընդսմին ՀՆԱ 9,1% աճի շուրջ 1/3-ը ագրոհամալիրինն է: Զուտ գյուղատնտեսական մթերքների արտադրությունն աճել է 11,6%-ով: ճապոնացիները ներդրում ունեն հիշատակված բնագծերը նվաճելու գործում, այդքանով էլ արդարացված է 2KR ծրագիրը Հայաստանին շոշափելի օժանդակություն համարելը: Սակայն, թվում է, նախարարը միանգամից երկու նշանակետի խփեց: Հաղորդելով գյուղատնտեսության՝ նույնիսկ խորհրդային ժամանակների համար տպավորիչ աճի մասին (մանավանդ նախագահի ելույթներում էլ այդ մասին հիշատակումներ են եղել), նախարարը անուղղակի կերպով իմաստազրկեց իր հնարավոր պաշտոնաթողության մասին աղմուկը, որ բարձրացվել էր հունվարի սկզբներին: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել