Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՐԹ ԿԱ, ԿԱՐԴԱՑՈՂ ՉԿԱ…

Հունվար 30,2002 00:00

ԹԵՐԹ ԿԱ, ԿԱՐԴԱՑՈՂ ՉԿԱ… Էջմիածնում թերթի կրպակները միայն երեքն են։ Այնտեղ չի վաճառվում եւ ոչ մի հանրապետական օրաթերթ («ՀՀ», «Առավոտ», «Ազգ», «Հայոց աշխարհ» եւ այլն)։ Միայն վաճառվում են «Եթեր», «TV ալիք» շաբաթաթերթերը եւ բազմաթիվ խաչբառեր։ Վաճառողներից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք օրաթերթերը պահանջարկ չունեն։ – Տղա ջան, հիմա ո՞վ է թերթ կարդում, միայն խաչբառեր են գնում եւ սկսում են խմբովի հավաքվել մարդաշատ վայրերում ու մտածել։ Ոչ մի հետաքրքրություն չի մնացել մեր երիտասարդության մեջ։ Տարեցներն էլ գումար չունենալու պատճառով գալիս են այստեղ, մեկ օրինակ ձեւի համար ստանում եմ եւ դնում կրպակում, վերցնում են, նստում են, կարդում, նորություններ իմանում։ Այդ նույն թերթը ոնց գալիս է այստեղ, այնպես էլ ետ եմ վերադարձնում։ Պարզվեց, որ քաղաքում գործում է Արմավիրի մարզի «Հայմամուլի» բաժանմունքը։ Հրահանգիչ Բավական Արզումանյանը հայտնեց. – Ամեն օր ստանում ենք թերթեր, որոնք շատ քիչ են մեր քաղաքի համար։ Պատճառն այն է, որ բաժանորդագրվածների համար գալիս է 43 օրինակ «ՀՀ», 14 «Առավոտ», 10 «Ազգ» եւ այլն։ Իսկ հատավաճառների համար «ՀՀ»՝ 9, «Առավոտ»՝ 25, «Ազգ»՝ 7 օրինակից։ Ճիշտ է, բաժանորդագրվածներին բաժանում ենք, բայց այն թերթերը, որոնք պիտի իրացվեն, վաճառվում են 4 կամ լավագույն դեպքում՝ 6 հատ։ Բաժանորդագրվածներն էլ ոչ թե ֆիզիկական անձինք են, այլ՝ զորամասը, եկեղեցին եւ քաղաքապետարանը։ Բազմաթիվ կազմակերպություններ պետբյուջեին դեռ 1999-ից մոտ 600 հազար դրամ պարտք ունեն։ Դրանցից են գրադարանները, դպրոցները, վետերանների խորհուրդը, որոնք շատ են ցանկանում կարդալ, բայց… ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել