Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելառ Ռաֆոն» նաեւ «կոստոլոմ» էր

Փետրվար 01,2002 00:00

«Խելառ Ռաֆոն» նաեւ «կոստոլոմ» էր «Կարծում եմ, Ռաֆոն շատ քիչ է ծեծ կերել: Առավել եւս, եթե փախուստի էր դիմել՝ իրավունք ունեին ծեծելու»,- այսպես սկսեց իր պատմությունը Ե.Ասատրյանը, որը պարզվեց Անանիկ Ասատրյանի մայրն է: Այն նույն 24-ամյա երիտասարդի, որին իր հետ 1993թ. սեպտեմբերի 17-ին Երեւանի թիվ 1 մեկուսարանի նույն խցում տեղավորված «Խելառ Ռաֆոն» դաժանաբար ծեծելով սպանել էր՝ հասցնելով 22 մահացու հարված՝ կոտրել ձեռքերը, ողնաշարը, վիզը եւ այլն: Խցում եղած մյուս՝ շուրջ 10 կալանավորները չէին էլ համարձակվել միջամտել: Արդյունքում նույն օրը, հենց խցում երիտասարդը մահացել էր ստացած վնասվածքներից: Տիկին Ասատրյանը պատմեց նաեւ, որ իր որդուն ժամանակին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 213 հոդվածի հատկանիշներով եւ առուծախի կեղծ փաստաթղթերի ձեռքբերման միջնորդ լինելու համար, բայց նա ընդամենը մեկ ամիս էր մնացել մեկուսարանում: Ե.Ասատրյանի պնդմամբ՝ իր որդին բանտում էր հայտնվել իրեն հարցաքննող քննիչի պատճառով, որը նախաքննության ընթացքում՝ ազատ արձակելու եւ չդատելու դիմաց, պահանջել էր 100 հազար դրամ: «Ամբողջ աշխարհը գիտի Ռաֆոյի պատմությունը: Ռաֆոն սրիկա էր, որին Կայարանում ոչ ոք չէր հարգում: Նա շատ մարդու գլուխ էր կերել: Ամսի 17-ին, իր գործով դատական նիստի ժամանակ, Ռաֆոն, որը մեղադրվում էր զենք գործածելու մեջ, վիրավորել էր դատավոր Բալայանին: Այդ օրը նա դատարանից բանտ էր հասել շատ ուշացած, հարբած վիճակում ու խցում սկսել էր վիճաբանել մյուս կալանավորների հետ: Նրանք վախեցել էին պատասխանել: Իսկ իմ որդուց պահանջել էր ճանճերին քշել, որ ինքը հաց ուտի: Տղաս չէր արել եւ պատասխանել էր Ռաֆոյին»,- պատմեց Ա.Ասատրյանի մայրը: «Գրում են, թե Սաղաթելյանը, որին ես չեմ էլ ճանաչում, մեղադրվում է Ռաֆոյին ծեծելու մեջ: Ես նրան էդ հարցում անմեղ եմ համարում: Ռաֆոն պետք է սպանվեր իմ տղային սպանելու օրը: Դրանից հետո նա ապրեց մեկ տարի եւ իր փախուստի ժամանակ մարդ սպանեց՝ կալանավորներ տեղափոխող մեքենայի վարորդին, պահակախմբի մեկ այլ անդամի հասցրեց ծանր վնասվածքներ: Էդքանից հետո էլ չծեծեի՞ն: Էնպես որ, թող էդ Սաղաթելյանը չմեղադրվի Ռաֆոյի գործով: Ռաֆոյին ծեծելը քիչ է եղել: Ես պաշտպանելու եմ այդ մարդուն /Մ.Սաղաթելյանին- Ն.Մ./: Եթե ինքը Ռաֆոյին ծեծել է, ուրեմն, երեւի, նաեւ նրա այդ գործերի համար: Ռաֆոն իր արժանի պատիժն է ստացել»,- եզրակացրեց տիկին Ասատրյանը: Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հ. Գ. Մենք, իհարկե, չենք կիսում Ե.Ասատրյանի տեսակետը, թե իր կատարած հանցանքի համար պատիժ կրող կալանավորին պետք էր ծեծել կամ առավել եւս սպանել: Կալանավորն առաջին հերթին մարդ է եւ, ինչպես ազատության մեջ գտնվողները, ունի սեփական իրավունքների պաշտպանության կարիք: Այդուհանդերձ, կարծում ենք, ճիշտ կլինի, եթե Մ.Սաղաթելյանի գործը «թխող» դատախազությունը փորձեր քրգործի այդ դրվագով ամբողջական եւ օբյեկտիվ քննություն տանել՝ ինչպես իրենք են խոստովանել, «Խելառ Ռաֆոյին» ծեծած ու չբացահայտված անձանց բացահայտելու եւ գալիք իշխանությունների օրոք գործին եւս մեկ անգամ չանդրադառնալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728