Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ

Փետրվար 01,2002 00:00

ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ Հայաստանում իշխանությունների ուշադրությունից դուրս է ուսանողությունը։ Պետությունը համապատասխան պայմաններ չի ստեղծում նրանց համար եւ արդյունքում աղքատների շարքերն է համալրում ուսանողների մեծ մասը։ Ուսանողության ամենացավալի խնդիրներից են ուսման վարձավճարը, ճանապարհածախսը։ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խմբում սովորում է 50 ուսանող, որից 20-ը երեւանաբնակ է, 30-ը՝ գյուղաբնակ։ Բոլորն էլ վճարովի բաժնում են եւ հետեւաբար ծնողների վաստակը հիմնականում ուղղված է լինում համալսարանական վարձավճարին։ (Բացառությամբ մի քանի հոգու)։ Իսկ ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա այդ խմբում անցկացված հարցումների մոտավոր հաշվարկն այսպիսին է։ Երեւանաբնակ ուսանողը միայն տրանսպորտի եւ ոչ հաճախ էլ ճաշարանից օգտվելու համար ամսական ծախսում է ամենաքիչը 10 հազար դրամ, որը ուսանողի աղքատիկ գրպանի համար խիստ նկատելի է։ Բայց շրջանից եկող ուսանողի վիճակն ավելի բարդ է։ Համաձայն ստացված տեղեկությունների, ուսանողները տրանսպորտից օգտվում են որոշակի զեղչով։ Օրինակ, Հրազդան՝ 30%, Աբովյան՝ 50%, Արտաշատ՝ 20%, Աշտարակ՝ 40%, Ապարան՝ 50% զեղչ։ Եվ այսպես, նրանց օրական ճանապարհածախսը կազմում է 300-500 դրամ։ Էլ չենք խոսում պարտադրված գրքերի գնման եւ գրենական պիտույքներ ունենալու մասին։ Թեեւ պետությունը քաջատեղյակ է ուսանողների լուրջ դժվարություններին, բայց նրանց հանդեպ հոգատարությունը հետին պլան է մղված։ Հասկանում ենք, դժվար է բարելավել ուսանողների սոցիալական վիճակը, բայց դրա հետ մեկտեղ բացակայում է բարոյական զորակցությունը։ ԱՆՆԱ ԱԼՈՅԱՆ Մանկավարժական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել