Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն ապակողմնորոշված է

Փետրվար 22,2002 00:00

Նախագահն ապակողմնորոշված է Իսկ լրագրողները՝ զայրացած Բացի նրանից, որ նախագահը խորամուխ չի եղել ԶԼՄ-ների մասին օրենքի ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած տարբերակի լրագրողական քննարկումներին, պարզվում է՝ նա նաեւ ապատեղեկացված է։ Նախագահի այն հայտարարությունը, որ այս նախագիծը 2001 թ. մարտին Եվրոպայի խորհուրդ փորձաքննության ուղարկված ՀՀ արդարադատության նախարարության եւ Երեւանի Մամուլի ակումբի առաջարկած նախագծերի սինթեզն է, երեկ Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հերքեց՝ պարզաբանելով, որ իրենց ներկայացրած նախագծի տարբերակից ընդամենը 4-5 ոչ սկզբունքային նախադասություններ են վերցվել։ Իսկ նախորդ ուրբաթ օրը ՄԱԱ-ում տեղի ունեցած քննարկումից հետո ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը սպառնացել էր, թե. «Դուք ոչինչ չեք հասկանում, օրենքը կարող է շատ ավելի վատը լինել, քան պատկերացնում եք»։ Այս սպառնալից անտեղյակության մթնոլորտում լրատվամիջոցների ղեկավարները երեկ տարածեցին մի հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի օրերս արած հայտարարություններից պարզ է դառնում, որ չնայած բազմաթիվ բողոքներին, կառավարությունն, այդուհանդերձ, պատրաստվում է ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը։ Ըստ նախարարի, նախագծի շուրջ բարձրացված աղմուկը թյուր մեկնաբանությունների արդյունք է։ Այդ տեսակետն անհիմն է, եւ մեզ համար վիրավորական։ Հաշվի առնելով օրինագծում առկա մի շարք սկզբունքային հակասություններն ու թերությունները, մենք միանում ենք նախկինում հնչած կոչին եւ առաջարկում ենք նախագիծը չներկայացնել խորհրդարան։ Հակառակ դեպքում, մենք մեզ իրավունք ենք վերապահում՝ ելնելով հասարակության տեղեկատվության ազատության իրավունքը եւ ժողովրդավարությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, հետամուտ լինել այն պաշտոնյաների պաշտոնանկությանը, ովքեր գիտակցաբար պաշտպանելով այս նախագիծը, փորձում են երկիրը շեղել ժողովրդավարության ուղուց։ Միաժամանակ հավաստում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու, իրոք, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող այլ օրինագծի մշակմանը՝ մինչ այդ շարունակելով գործել առկա օրենսդրական դաշտում։ Կոչ ենք անում հասարակությանը աջակցել մեզ եւ լինել զգոն՝ թույլ չտալու որեւէ նահանջ ազատ խոսքի ասպարեզում ձեռք բերած նվաճումներից։ Որպեսզի կառավարությունը նորից չպնդի, թե լրատվամիջոցների եւ լրատվական կազմակերպությունների հայտարարությունները մերկապարանոց են, սույն հայտարարությանը կից ներկայացված է 14 կետից կազմված մի փաստաթուղթ, որում նշվում են ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած ԶԼՄ-ների մասին օրենքի նախագծի անընդունելի եւ հակաժողովրդավարական հիմնական հոդվածներն ու դրույթները, որպես ոչ թե առաջարկություններ, այլ ներկայացված նախագիծը մերժելու հիմնավորում»։ Այն սկզբունքային հարցերը, որոնց առկայության պարագայում անիմաստ է դառնում նախագծի մյուս բացերին ու թերություններին անդրադառնալը, վերաբերում են գրաքննության, լիցենզավորման, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկություն ստանալու դրույթներին։ Ի դեպ, նախագծում բացակայում է նաեւ ազատ լրագրողի կարգավիճակի սահմանումը, ինչը նույնպես ներգրավված է լրագրողական սկզբունքային տարաձայնությունների ցանկում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել