
ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴԵՌ ՀԻՇՈՒՄ ԵՆ «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերը դատարանում պաշտպանող, այսօր արդեն՝ միակ փաստաբան Օլեգ Յունոշեւը երեկ ասուլիս էր հրավիրել: Նա դարձյալ անդրադարձավ ԱԺ դահլիճում 99-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը պատկերող տեսաերիզներին: Փաստաբանն իր նախորդ ասուլիսում տեղեկացրել էր, որ ժամանակին հեռուստակայանում ահաբեկչական ակտը տեսագրվել է երկու պրոֆեսիոնալ տեսաերիզների վրա, որոնցից մեկը, իր պնդմամբ, ենթարկվել է միջամտության, իսկ մյուս՝ SUPER ֆորմատի վրա տեսագրվածն, անհայտ կորել էր: Երեկ նա տեղեկացրեց, որ այդ տեսաերիզը, ի վերջո, գտնվել է: Պարզվել է, որ այն եղել է Զինդատախազությունում: «Որեւէ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչպե՞ս է այդ տեսաերիզն այնտեղ հայտնվել, ի՞նչ հիմքով է այն պահվել եւ ինչո՞ւ է փոխանցվել դատարանին: Գործում դրան առնչվող ոչինչ չկա»,- արձանագրեց ռուս փաստաբանը: Օ.Յունոշեւն այդ տեսաերիզի հայտնությամբ պայմանավորեց դատարանում իր արած միջնորդությունը՝ այն եւս փորձաքննության ենթարկելու մասին: «Ի պատիվ Զինդատախազության, պետք է ասել, որ նրանք համաձայնեցին»,- տեղեկացրեց փաստաբանը: Բայց դատարանը հերթական անգամ հրաժարվել էր իրեղեն ապացույց հանդիսացող տեսաերիզը Հայաստանում փորձաքննության ենթարկել՝ այն անհեթեթ հիմնավորմամբ, թե այն կարող է կորչել: «Մենք այդ քայլը միանշանակորեն գնահատում ենք իբրեւ դատավորի կողմից հարուցվող խոչընդոտ՝ «27»-ի մասնակիցների անձը փաստող ապացույցների հավաքման ուղղությամբ»,- հայտարարեց Օ.Յունոշեւը: Վերջինս հիշեցրեց, որ երբ ժամանակին ինքը միջնորդել էր տեսաերիզներից մեկը Մոսկվա փորձաքննության ուղղարկել, դատավորը նույն պատճառաբանությամբ մերժել էր: Փաստաբանը նկատեց, որ ըստ էության, դատավորի մտահոգությունն իրականում ոչ այնքան տեսաերիզի հնարավոր կամ անհնարին թվացող կորուստն է, այլ պարզապես ՀԱՀ տնօրեն Տ.Նաղդալյանի՝ Զինդատախազությանը հրամցրած տեսաերիզների փորձաքննությունը որեւէ պարագայում թույլ չտալը: «Ես այսպես եմ հասկանում. մինչեւ դատավարության ավարտը դատավոր Ուզունյանը անընդհատ «մտահոգվելու» է տեսաերիզների հնարավոր «կորստով», եւ մինչեւ վերջ մենք զրկված ենք լինելու դրանք փորձաքննության ենթարկելու հնարավորությունից, ինչը կարող էր հստակեցնել՝ ի վերջո, իրականում այդ տեսագրությունները կողմնակի միջամտության ենթարկվե՞լ են, թե՞ ոչ»: Օ.Յունոշեւի դիտարկմամբ, դատարանը խոչընդոտում է «27»-ի գործով ապացույցների հավաքմանը: «99-ի հոկտեմբերի 28-ին, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը եղել է ՊՆ-ում եւ մի շարք բարձրաստիճան սպաների ներկայությամբ կարծիք է հայտնել «27»-ին Հայաստանի բարձրագույն իշխանության եւ մասնավորապես Ռ.Քոչարյանի առնչությունների մասին: Նրա այդ հայտարարությունները տեսագրված են եղել: Ես դատարանում նաեւ միջնորդեցի ճշտել՝ որտե՞ղ է այդ տեսագրությունը, եւ ցուցադրել դատարանում: Որ նման ձայնագրություն կա՝ ոչ ոք, այդ թվում՝ Ալ.Հարությունյանը, չեն հերքել: Պարզապես նա այդ տեսագրությունը յուրովի է ներկայացնում: Կարծում եմ, դատաքննության շահերից ելնելով դատարանն ինքը պետք է շահագրգիռ լիներ այդ հարցում եւ իր նախաձեռնությամբ ճշտեր այդ տեսաերիզի տեղը եւ կազմակերպեր դրա դիտումը: Փոխարենը նա իմ միջնորդությունն այդ մասով դարձյալ առանց հիմնավորման մերժեց»,- արձանագրեց Օ.Յունոշեւը: Ընդ որում, նրա պնդմամբ, նաեւ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է գրությամբ մերժել փաստաբանի նույնաբովանդակ միջնորդությունն, այս անգամ արդեն՝ Զինդատախազությանը: Ե՛վ վերջինս, ե՛ւ ՊՆ հրամկազմի այն գեներալները, ովքեր արել ու մի քանի անգամ դիտել են այդ տեսագրությունը, թերեւս, պահում են որպես կոմպրոմատ՝ «սեւ օրվա» եւ անձնական խնդիրներ լուծելու համար: Ինչեւէ: Ռուս փաստաբանը Զինդատախազությանն ուղղված իր այդ միջնորդության մեկ այլ կետով, որն ընդհանրապես անտեսվել է եւ որեւէ պատասխանի չի արժանացել, միջնորդություն էր արել՝ Ալ.Հարությունյանի նկատմամբ քրգործը վերականգնելու որոշում կայացնել: Օ.Յունոշեւի պնդմամբ, վերջինիս նկատմամբ քրգործի կարճումն ու քրեական հետապնդման դադարեցման մասին որոշումն անհիմն է եղել, ինչի մասին, ի դեպ, ժամանակին հայտարարում էր նաեւ զինդատախազը: «Գործում բավարար հիմքեր կան, որոնք փաստում են Ալ.Հարությունյանի նկատմամբ քրգործի կարճման անօրինականությունը»,- վստահեցրեց փաստաբանը: Անդրադառնալով դրա համար հիմք դարձած այն հանգամանքին, թե Ալ.Հարությունյանի դեմ ցուցմունքները ամբաստանյալներից կորզվել են ճնշումների ազդեցության տակ, պրն Յունոշեւը նկատեց՝ «Բայց 99-ի հոկտեմբերի 28-ին ոչ ոք նրան չէր խոշտանգել կամ պարտադրել ասել այն, ինչ նա հայտարարել էր մասնավորապես երկրի նախագահի՝ «27»-ին առնչություն ունենալու մասին: Ուրեմն՝ դա կամ զրպարտություն է եղել՝ ուղղված ՀՀ նախագահի դեմ, որի համար Ալ.Հարությունյանը պետք է պատասխանատվություն կրի, կամ դա իրականություն է եւ կարող է արմատապես փոխել «27»-ի գործի ընթացքը»: Իսկ քանի որ իշխանություններին գործի ընթացքի, այն էլ՝ արմատական, փոփոխություն պետք չէ, նրանք շարունակում են արհեստական խոչընդոտներ հարուցել դատավարության մասնակիցների համար եւ թաղել գործի բացահայտմանն ուղղված որեւէ փորձ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































